Ինչու մերժվեց Սերժը՝ պատմում է հովվի երգը հեռու ափերին, կապույտ աչերին

ՄԱԿ շտաբ-կայանը Իսթ Ռիվեր նեղուցի ափին Նյու Յորքում (Լե Կորբյուզյե, Նիմեյեր, Բոդյանսկի, Հարիսոն)  |

 

ՀՀ վարչապետի ելույթը Իսթ Ռիվերի ափին հիշեցնում է ԽՍՀՄ ազգային ղեկավարների պլենար զեկույցները ԽՄԿԿ գենսեկին: Փաշինյանը Նյու Յորքում մեկ ունկնդիր ուներ, ինչը մատնում էր նրա խոսքի յուրաքանչյուր ելեւէջ: Ձեզ դու՞ր է գալիս, ընկեր Պուտին, առաջ հոկտեմբեր 25* ու նոյեմբեր 29** էր՝ հիմա նոյեմբեր 9 ու հունվար 11, ես հինն էլ, նորն էլ հավասար եմ սիրում: Ցավոք, սա անկման ընդամենը թվացյալ ստորին կետն է

 

Փաշինյանի կատարումը նախագահ Սերժ Սարգսյանի ելույթներից էապես տարբեր է: Սարգսյանը, այո, երբեմն ցավալիորեն քծնում էր Պուտինին, բայց քծնում էր իր նմանների՝ «միութենական» լսարանի առաջ: Կա նաեւ երկրորդ տարբերությունը: Փաշինյանի ինտոնացիաները ուրվագծում են հայերի բացարձակ ստորադաս կարգավիճակը բոլոր հիերարխիաներում, ներառյալ տեղականը: Սա ստալինյան վատագույն շրջանից էլ հոռի հեռանկար է հայերիս համար:

Եթե խորհրդային շրջանում ազգային առաջնորդները գոնե արտաքին դրսեւորման առումով հավասար էին, ապա Նյու Յորքում Բաքվի մուղամբազը ՀՀ վարչապետի տերն էր՝ անվարան ստելու ու հայհոյելու իրավունք ուներ: Իրավունքը Փաշինյանն էր տվել կանխավ: Հայկական նոքարությունը, որ սերմանեց դեռ նախագահ Տեր-Պետրոսյանը, ջանում է արմատավորել Փաշինյանը: Դա պատերազմի միջանկյալ ելքի հետեւանքը չէ, այլ անհաջողության ակունքը: Եթե նկատի առնենք Էրդողանի թատերական ուղերձը [Լրագիր, 1], ապա պարզ է դառնում, որ բացի Բաքվից, Անկարայից ու Մոսկվայից, Փաշինյանը նաեւ Թիֆլիսին է մեզ «ղարավաշ» կարգել:

Հովիվը իր երգը նվագեց ու բարձր ամբիոնից հավատարմության երդում տվեց. ես ինձ ու ժողովրդի վրա մի քանի տակ տեր եմ ուզում: Դեռ սերունդներս են իշխելու ռուս ու թուրքի քաղցր լծի տակ՝ սեփական ժողովրդից ապահով: Նման ֆանտազիաները Սերժ Սարգսյանը գոնե աշխարհով մեկ չէր հրապարակում եւ նոքարությունն իբրեւ ազգային հավատամք չէր հռչակում: Գուցե միայն դրա համար էլ մերժվեց նախագահը: Ցավալի կլիներ այս տեսակ եզրահանգման գալ:

Որն է ըստ Փաշինյանի մեր «խաղաղ» դարաշրջանի բովանդակությունը, ինչ վառ հորիզոնների հետեւ է մեզ ուղարկում եւ ինչպես չհայտնվել ռուսական այդ եռատառ հեռվում, կփորձենք պարզել հաջորդ գրով:

Ezerk.am

———————————————–

*) Հոկտեմբեր 25՝ Պետրոգրադում բոլշեւիկյան հեղաշրջման օրը 1917-ին,

**) նոյեմբեր 29՝ Երեւանում անկախ ՀՀ անկումը 1920-ին եւ խորհրդային սահմաններով սոցիալիստական հանրապետության հիմնումը

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am