Մոսկվան ու Անկարան փորձում են համոզել Թեհրանին միանալ հակահայ հարթակին․ Ինչ որոշում կկայացնի Իրանը

Թուրքիայի նախագահ Էրդողանը ԱՄՆ կատարած այցի ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին: Ըստ Յենի Շաֆակ թերթի՝ նա ասել է, թե «ունեինք համագործակցության տարբերակ, որը անվանել ենք հինգի կամ վեցի հարթակ: Ներկայում այս նախագծի հետ կապված դրական ուղերձներ ենք ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Այս համատեքստում մենք նախատեսում ենք նաև որոշ քայլեր ձեռնարկել»:

Նա ասել է, որ այս հարցը լինելու է այն հարցերի շարքում, որոնք ինքը նախատեսում է քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: «Սա ներառված է այն հարցերի օրակարգում, որոնք ես կքննարկեմ պարոն Վլադիմիր Պուտինի հետ ամսվա վերջին: Այսպիսով, թուրք-ռուսական հարաբերությունները նոր հզոր ազդակ կստանան»:

 

3+3 ռուս-թուրքական նախաձեռնությունը Վրաստանը մերժել է, ըստ Էրդողանի՝ Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների պատճառով։ Հնարավոր է՝ դրա համար է նա ասում 5-ի թե 6-ի հարթակ։ Այստեղ էական է Իրանի դիրքորոշումը, եւ վերջին շրջանում Իրանի ուղղությամբ հրահրած լարվածությունն ուղղված է «միջանցքին» եւ այսպես կոչված վեցի հարթակին Իրանին հարկադրելուն։ Հիշեցնենք, որ Գորիս-Կապան ճանապարհին Բաքվի զինվորականները ռեկետ են անում իրանական բեռնատարները, ձերբակալում վարորդներին, լարվածություն է առաջացել Իրանի եւ «Ադրբեջանի» սահմանին տարբեր հատվածներում։ Նախիջեւանում Բաքուն ու Անկարան զորավարժություններ են անցկացնում։

 

Հայտնի է դարձել, որ Թեհրանում տեղի է ունենալու Իրանի, Թուրքիայի ու Բաքվի ԱԳ նախարարների հանդիպում։ Երեկ Իրանի փոխարտգործնախարարը այցելել է Ակնա, Իրանի նախագահ Ռայիսին Էրդողանին հրավիրել է Թեհրան։ Այս իրադարձությունները վկայում են, որ Իրանին փորձում են համոզել ներգրավվել ռուս-թուրքական ծրագրերին։

Իրանը դեմ է Հայաստանի հարավում արտատարածքային «միջանցքի» բացմանը։ Իրանին դիրքորոշումը չափազանց կարեւոր է, նկատի առնելով անմիջական սահմանը Հայաստանի հետ եւ նրա շահագրգռությունը։ 6-ի թե 5-ի հարթակն ըստ էության ուղղված է ԱՄՆ-ին ու Մինսկի խմբին վերջնականապես դուրս մղելուն, եւ հնարավոր է՝ այդ հարցն են երկար քննարկել ԱՄՆ եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Նյու Յորքում։

Հայաստանի դեմ Արցախում 2020-ի աշնանը ռուս-թուրքական ահաբեկչական պատերազմին Իրանի կրավորական կեցվածքը նրա այսօրվա խնդիրների պատճառն է։ Ռուս-թուրքական պլատֆորմին նրա համաձայնությունը ճանապարհ է բացելու Իրանի դեմ առավել ինտենսիվ գործողությունների համար։ Հայաստանի ներկայիս կառավարության խամաճիկային բնույթն ավելի է սրում Իրանի ընտրության խնդիրը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.