Մոսկվան ու Բաքուն անցնում են ՀՀ շրջափակման ռեժիմի

Գորիս-Կապան միջպետական մայրուղու Քարահունջ-Որոտան տեղամասում Բաքուն ոստիկանական կետ է տեղադրել, իսկ ավելի վաղ այդ հատվածում քարի արգելապատնեշներ էր տեղադրել: Բետոնե արգելապատնեշներ են տեղակայվել նաև մայրուղու Շուռնուխ-Կարմրաքար տեղամասում, և հնարավոր է այդտեղ էլ ոստիկանական կետ տեղակայվի։ Ճանապարհի այդ հատվածներում «հսկողություն են իրականացնում ռուս եւ ադրբեջանցի սահմանապահները», ինչպես ասել է Սյունիքի մարզպետը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Բաքուն 2 օր փակեց ճանապարհի այդ հատվածը։ Սա Հայաստան-Իրան մայրուղին է, եւ ճանապարհի փակումը լուրջ խնդիրներ ստեղծեց բեռնափոխադրումների հարցում։

«Այս շաբաթվա սկզբից Լարսում ռուսական կողմից մոտ 7 կմ հերթ է գոյացել արդեն՝ մոտ 500 մեքենա։ Պատճառն այն է, որ անցակետը վերակառուցում են, բացթողունակությունը ընկած է», Lragir.am-ին ասել է Վերին Լարսում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Արամ Թանանյանը։ Նա չի բացառել, որ շինարարությամբ պայմանավորված՝ անցակետի թողունակությունը էլ ավելի կարող է նվազել։ Ավելացնենք՝ հաշվի առնելով աշնան ու ձմռան պայմանները, հնարավոր է անցակետն ընդհանրապես փակվի, կամ գործի մեծ տնդհատումներով։

Ավելացնենք նաեւ օրերս հայկական համացանցում շրջանառվող տեղեկություններին, ըստ որի՝ Տիգրանաշենի անկլավը հանձնվելու է Բաքվին։ Նման պարագայում դժվար չէ ենթադրել, թե դեպի ՀՀ Սյունիքի մարզ եւ Իրան մայրուղու այդ հատվածում ինչ է լինելու՝ Բաքուն անցակետ ու արգելապատնեշներ է տեղակայելու, ճանապարհին «հսկողություն են իրականացնելու ռուս եւ ադրբեջանցի սահմանապահները»։

Նոյեմբերի 9-ի ռուս-թուրքական «եռակողմ» փաթեթը հաղորդակցությունների ապաշրջափակման անվան տակ ուղղված է Հայաստանի լիակատար շրջափակմանը՝ պարտադրվող միջանցքներով ու ՀՀ մայրուղիների վերահսկմամբ։ Մինչ ՀՀ կառավարությունը շարունակում է իր դատարկախոսությունը «քարտեզներով Ադրբեջանի տարածքների» ու երկաթուղային կապի մասին, Մոսկվան ու Բաքուն արագացնում են այս գործընթացը Սյունիքի մարզից Տավուշի մարզ գծով։

Հայաստան-Ռուսաստան Լարսի հատվածում եւ Հայաստան-Իրան մայրուղիների հնարավոր փակումը կամ թողունակության գրեթե զրոյացումը՝ անխուսափելի հետեւանքներով, ուղղված է «Ադրբեջանով ուղիղ կապին» հարկադրելուն՝ համապատասխան պայմանագրերի ստորագրմամբ ու պարտավորությունների ստանձնմամբ։

Պուտին-Ալիեւ-Փաշինյան գործարքը տապալվելու է մի շարք հանգամանքների ուժով, որին կանդրադառնանք առաջիկայում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.