Էրդողանի պայմանը Հայաստանին. Երևանի պատասխանը

Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը, թե ստեղծվել է գործակցության ռեգիոնալ հնարավորություն, և Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերության կարգավորման, եթե Հայաստանն օգտագործի այդ հնարավորությունը, Երևանում արժանացել է բուռն և ակտիվ քննարկումների: Ցավոք սրտի, դրանք, ինչպես միշտ, առավելապես գտնվում են հայ-թուրքական հարաբերության վերաբերյալ տասնամյակների, կամ գրեթե հարյուրամյակի պատկերացումների և «բանաձևերի» տրամաբանության ներքո: Իհարկե այստեղ կան օբյեկտիվ հիմքեր, հենց նույն Թուրքիայի առ այսօր շարունակվող քաղաքականության բերումով, միևնույն ժամանակ առ այսօր ըստ էության քաղաքական ուժը պահպանող ռուս-թուրքական հայտնի պայմանագրի, և դրա տրամաբանությունից բխող ռուս-թուրքական հարաբերության բերումով, ինչը Երևանի համար գրեթե մեկ դար ձգվող ծուղակ է: Հենց ծուղակի տրամաբանությամբ է ընկալվում Հայաստանի հետ հարաբերություն կարգավորելու Թուրքիայի պատրաստակամությունը:

Եվ կասկած չկա, որ Անկարան այդ պատրաստակամությունն արտահայտում է եթե ոչ մշտապես բարձրաձայնվող պայմաններով, ապա առնվազն մշտապես առկա պայմանի տրամաբանությամբ, որ Հայաստանը թերևս պետք է հրաժարվի հայկական հարց և իրավունքներ բարձրացնելու բոլոր հնարավորություններից: Հազիվ թե Էրդողանն ունենա Հայաստանի հետ հարաբերություն կարգավորելու ավելի նվազ պայման: Եվ հասկանալի է, որ Հայաստանի համար այդօրինակ պայմանները չեն կարող լինել ընդունելի, որովհետև դրանք բերելու են Թուրքիայի առավել սանձարձակեցման, այլ ոչ թե հանդարտության: Համենայնդեպս, գոնե առ այսօր Թուրքիան չի տվել մեզ հակառակը մտածելու հնարավորություն: Ըստ այդմ, հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացը պետք է սկսել առանց նախապայմանի: Այլ կերպ ասած, պետք է պահպանվի Երևանի այն դիրքորոշումը, որ արտահայտվել է մշտապես: Բայց, դրանով հանդերձ, Երևանը պետք է ձգտի հնարավորի սահմանում անել առավելագույնը, որպեսզի մեկնարկի հայ-թուրքական ուղիղ հաղորդակցություն, թեկուզ պայմանների քննարկման համար: Քննարկել պայմանները, չի նշանակում ընդունել դրանք: Բայց, այդ քննարկման գործընթացը կարող է բերել այնպիսի իրավիճակների, երբ հնարավոր լինի հասնել գործընթացը խորացնելու իսկապես փոխադարձաբար ընդունելի ռեժիմի, որտեղ հայկական շահերն ու իրավունքները չեն զոհաբերվում, սակայն Թուրքիայի համր այդ առնչությամբ Հայաստանի քաղաքականությունը՝ այդ թվում հայկական հարցի միջազգային շրջանառության դեպքերի հանդեպ դիրքավորումով, կարող է դառնալ առավել կանխատեսելի, եթե Թուրքիան էլ Հայաստանի հանդեպ իր քաղաքականության մեջ է դառնում Հայաստանի համար կանխատեսելի: Ի վերջո, բացի հարյուրամյա «բանաձևերից», հայ-թուրքական հարաբերությունը հայկական միջավայրում պետք է դիտարկվի նոր ռեգիոնալ և համաշխարհային իրողություններից բխող ելակետերով: Իսկ այստեղ ակնառու է, որ Հայաստանի համար շատ կարևոր է Թուրքիայի հետ ուղիղ հաղորդակցության ռեժիմի ձևավորումը, որը կարող է էապես նպաստել Հայաստանի քաղաքական շարժունակության բարձրացմանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am