Միակ եւ անբեկանելի քայլը ՝շախը , որին կհետեվի անառարկելի մատը` հաղթանակը

Միակ եւ անբեկանելի քայլը ՝շախը , որին կհետեվի անառարկելի մատը` հաղթանակը

 

Այսօր և էլի հարյուր ու ավելի տարիներ քաղաքականությունը սեղմել է մեր կողերը, իսկ հիմա հասել է մեր պարանոցին՝պատերազմի տեսքով, և օղակը սեղմվում է, մինչդեռ մենք ջայլամի նման գլուխներս թաղել էինք ավազի մեջ և չէինք ուզում հասկանալ, որ աշխարհն առանց քաղաքականության պարզապես կենդանական աշխարհ է`բնազդներով ապրող…

 

Մենք`Հայերս, ոչ միայն մշակութաստեղծ ազգ ենք, այլև դարեր շարունակ քաղաքական գործոն ենք եղել Արարչից մեզ բաժին հասած քաղաքակրթական այս խաչմերուկում: Մեզ քաղաքական ասպարեզից դուրս մղեցին այն ժամանակ, երբ մեր հարևանները, հետագայում նաև մեր աշխարհագրական տարածքի վրա հավակնություններ ունեցող ազգերը հասկացան, որ այդ գործոնը եթե վերացնեն, ապա կիրականացնեն  քաղաքական գործոն լինելու իրենց մենաշնորհը, մի բան, որ մի քանի դար է դա հաջողվում է մե՛րթ`մեկին, մե՛րթ`մյուսին: Բոլորի նպատակը մեկն է եղել`<Հայաստանն առանց հայերի>: Ու կարծես այդ ծրագիրը անվերջ է , և երբեմն մի ազգ է լինում առաջատարը, երբեմն միաբանվում ու միավորվում են այդ ծրագրի շուրջ անգամ աշխարհաքաղաքական հակառակորդ պետությունները` յուրաքանչյուրն իր բաժինը տանելու նպատակով: Ցավոք, դա նրանց հաջողվել է: Այսօր՝արցախյան պատերազմում մեզ պարտադրված դաժան պարտության ժամանակ դա վերջնականապես հաստատվեց ի վնաս հայերիս. մեր հայրենիքի տարածքները դարձյալ բաժանեցին իրար միջև՝ առանց մեր կամքը հաշվի առնելու, իսկ մենք կարծես գոհ մնացինք, որ մեզ վերջնականապես չոչնչացրեցին: Մինչդեռ մենք՝ հայերս՝ որպես պետություն և աշխարհաքաղաքական միավոր, այս էլ քանի դար, չենք մշակում մեր, ժամանակակից բնորոշմամբ, գոյության, գոյատևման և հզորացման ճանապարհային քարտեզը:

 

Մի առիթով գրել եմ, որ 80-90-ականներին Հայաստանում չունեինք քաղաքագետներ՝բառիս իրավագիտական և քաղաքական իմաստով, այդ պատճառով էլ Արցախի հարցը դրսի ուժերի և մեր ներսի դերակատարների ձեռքով շեղվեց հայանպաստ ընթացքից: Վերջին երկու տասնամյակում Հայաստանում քաղաքագետներն ու քաղաքական վերլուծաբաններն իրենց թվով ու որակով չեն զիջում ոչ ոքի:Մենք այս տարիներին պիտի ունենայինք մշակված և գործի դրված «քաղաքագիտություն» դիսցիպլինը, որը պիտի մշակեր ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգը, և անկախ այն բանից, թե ով է երկրի նախագահը կամ վարչապետը, և ո՞րն է նրա կուսակցական պլատֆորմը, երկիրը պիտի գնար քաղաքական այդ ուղիով:

2020 թվականի նոյեմբերի 22-ին լրացավ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի՝ Հայաստանի պետական սահմանների ճանաչման Իրավարար վճռի 100-ամյակը: Ի դեպ,2020 թ. օգոստոսի 10-ին ՀՀ ԳԱԱ-ում կայացավ Սևրի դաշնագրի 100-ամյակին նվիրված գիտաժողով: Բացման խոսքում ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս  Յուրի Սուվարյանն ասաց, որ 100 տարի առաջ՝ ճիշտ այս օրը, Թուրքիայի սուլթանական կառավարության և Անտանտի երկրների միջև կնքվել է պայմանագիր, որում  անդրադարձ կար նաև Հայկական հարցին: Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը: Ըստ այդ պայմանագրի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնին առաջարկվում է  գծել ապագա անկախ Հայաստանի սահմանները: Այդ սահմանները պետք է անցնեին Էրզրումի, Վանի, Բիթլիսի, Տրապիզոնի շրջանակներում: Վուդրո Վիլսոնն ընդունում է սահմանների վերաբերյալ արբիտրաժային՝ իրավարար վճիռ կայացնելու առաջարկը, որը իրավական տեսք ստացավ 1920թ-ի նոյեմբերի 22-ին:Իրավարար վճիռը ուժի մեջ չմտավ, որովհետև բոլշևիկյան Ռուսաստանը ուժի զորով պարտադրեց Հայաստանի Հանրապետության կոալիցիոն կառավարությանը հրաժարական տալ,իսկ Հայաստանը հայտարարել բոլշևիկյան, ասել է, թե՝ Ռուսաստանի գաղափարական դաշնակից,իսկ մի քանի տարի հետո՝որպես նորաստեղծ Խորհրդային Միութան մաս՝զրկված քաղաքական սուբյեկտ լինելու իրավունքից: Հետևաբար, չկա անկախ պետություն Հայաստանը,ուրեմն չի կարող իրավարար վճիռը այլ պետության,տվյալ դեպքում
ԽՍՀՄ-ին ծառայել:

Անցած տասնամյակներում ոչ միայն մեր հասարակության լայն շրջանները,այլև մեր պատմագետներն ու քաղաքական-պետական գործիչները կա՛մ անտեղյակ էին, կա՛մ   դաշնագրի մասին գիտեին սովետական քաղաքական վերնախավի միտոմնավոր խեղաթյուրված մեկնաբանությամբ: Այսօր մեր ժողովրդի մի հատվածը , բարեբախտաբար, ծանոթ է այդ փաստաթղթի գոյությանը՝ շնորհիվ արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքագետ Արա Պապյանի բազմաթիվ հոդվածների, ռադիո-հեռուստաելույթների և վերջապես 2011թ.այդ պատմական փաստաթղթերի 327 էջանոց գրքի և  հայոց պահանջատիրության  քարտեզների հավաքածուի  հրատարակումով: Այս գիրքը  մեր պահանջատիրությունն իրականացնելու անժխտելի բանալի է: Գիրքը հրատարակման է պատրաստվել Արա Պապյանի ղեկավարած Մոդուս Վիվենդի կենտրոնի կողմից, հրատարակման ծախսերը հոգացել են սփյուռքահայ բարերարներ Վարդան Սիրմաքեշը և Հրաչ Գաբրիելյանը։ Գիրքը լույս է տեսել նախ՝բնագրով՝ անգլերեն, ապա ռուսերեն, պատրաստվում է նաև գրքի հայերեն, ֆրանսերեն, իսպաներեն, թուրքերեն թարգմանությունը:

 

Ինչո՞ւ մինչև հիմա Հայաստանը քաղաքական-դիվանագիտական ասպարեզ չի բերել միջազգային իրավունքի տեսակետից այս անթերի փաստաթուղթը, որն աներկբայորեն հաստատում է նաև Հայաստանի անվերապահ քաղաքական իրավունքները Արևմտյան Հայաստանի 4 նահանգների և Կիլիկիայի, նաև Լեռնային և Դաշտային Ղարաբաղի ու Նախիջևանի հանդեպ: Դաժան պատերազմից հետո, որը դեռ ավարտված չէ, այս օրերին առավելապես ճիշտ ժամանակն է Իրավարար Վճիռը դնել եվրոպական պետությունների սեղանին, որոնք ժամանակին ստորագրել են այդ փաստաթուղթը և քաղաքական պարտավորվածություն ունեն դրա՝ ուժի մեջ մտնելուն: Անհեթեթ և ադրբեջանամետ բանակցությունները շարունակելու փոխարեն, հենց ա՛յս փաստաթուղթը պետք է դրվեր սեղանին՝առանց Ադրբեջանի մասնակցության, քանի որ այդ պետական կազմավորումը ոչ մի իրավական և քաղաքական առնչություն չունի այդ իրավարար վճռի և առհասարակ այս տարածաշրջանի ու նրա պատմության հետ: Իրավաբանորեն այս պատերազմին չմասնակցած Հայաստանին պարտադրվեց կապիտուլյացիա-սա քաղաքական դավադրություն է Հայաստանի դեմ: Հիմա էլ ուշ չէ ,մենք պետք է օգտվենք  հավանական սրացման գնացող ռուս- թուրքական հարաբերությունների լարվածությունից և աշխարհաքաղաքական անհամաձայնություններից և վեր հանենք Վուդրո Վիլսոնի մշակած Իրավարար Վճիռն ու գործի դնենք այն: Դրանով նաև արցախյան խնդիրը միանձնյա լուծած Ռուսաստանին սթափության կոչ կլինի, ինչո՞ւ չէ, նաև օգնություն՝այս սխալ գործողության հետևանքներից խուսափելու համար, քանի որ Իրավարար վճռի հայանպաստ իրականացումը բխում է նաև Ռուսաստանի աշխարհաքաղաքական, այո՛, նաև նրա տարածքային ամբողջականության պահպանման հեռանկարից: Եթե ժամանակին` 20-րդ դարի իննսունական թվականներին Հայաստանի քաղաքական վերնախավը Իրավարար վճիռը դներ ՄԱԿ-ի միջազգային դատարանի քննարկմանը, ապա, վստահ եմ, որ ռազմական ընդհարումներից և ոչ մեկը չէր լինի, առավել ևս՝ հավանական նոր բախումներ չէին լինի և հիմա, որ ժամանակավորապես կասեցվեց ռազմական այս հզոր բախումը, հղի են անկանխատեսելի հետևանքներով ոչ միայն մեր երկու՝ թշնամի կողմերի, այլև տարածաշրջանի քաղաքական ուժեղ խաղացողների համար: Վերջին շրջանի քաղաքական անկանխատեսելի արագընթաց իրադարձությունները, իսկ հրահրողների համար նաև՝ծրագրված գործողությունները, գոնե հիմա մեզ պետք է զգաստության կոչեն և մղեն դիվանագիտական ճկուն քայլեր կատարելու: Մինչդեռ Հայաստանում թափով ընթանում և խորանում է երկպառակությունը հասարակության ներսում, իշխանությունը պահելու կամ իշխանությանը տիրելու պայքարը, որը խորացնում է երկրի ներսում լարվածությունը: Իսկ տարածաշրջանում քաղաքական լարվածությունը չի թուլանում, հակառակը, հարևան պետությունները շարունակում են ընդարձակել իրենց սպառազինությունը: Ադրբեջանը միացել է այս տարածաշրջանում շահեր հետապնդող և լարվածություն հրահրող պետություններին, և հենց դա էլ եղավ Արցախի պարտության հիմնական պատճառը:Այս պատերազմից հետո Հայաստանն ու Արցախը հայտնվել են աշխարհաքաղաքական և ռազմական, հետևաբար նաև տնտեսական շրջափակման մեջ: Այսօր Իրանի հետ  Մեղրիի սահմանը փորձում են։

 

Հայաստանին պարտադրել   տարանցիկ դարձնելու, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ճնշման տակ նույնիսկ վերածել  միջանցքի, որն այլևս չի վերահսկվի Հայաստանի կողնից՝որպես իր պետական տարածք և ռազմավարական հաղթաթուղթ: Ըստ էության, եթե Մեղրիով անցնող ճանապարհը՝ որպես միջազգային հաղորդակցության օբյեկտ, պետք է ծառայի նաև Ադրբեջանին և Թուրքիային, ուրեմն Հայաստանը իրավասու է վերահսկելու այն և հարկ վերցնելու Ադրբեջանից և Թուրքիայից:
Մեղրի- Նախիջևան բացված ճանապարհի իրողությունը կարող է լուրջ հարվածել նաև Հայաստանի դաշնակից Իրանին՝ ներգրավելով նրա հյուսիսային շրջանների թյուրքախոս պարսիկներին՝ շեղելով Իրանի ուշադրությունը, որը կբերի նրա ներքին ուժերի մասնատման: Այսօրվա քաղաքական ավերածությունները, որ մոտակա կարճ ժամանակահատվածում կարող են հավանական լինել տարածաշրջանում, իսկ մեզ համար նաև արդեն եղավ  ռազմական հզոր հարված, եղավ մարդուժի ահռելի կորուստ, եղավ սահմանների փոփոխություն մեր շուրջը, մինչդեռ մենք, ցավալի է և զարմանալի, որ ապրելով այս վառոդով լի տակառի վրա, անգամ չէինք փորձում հասկանալ և հստակեցնել, թե քաղաքական ինչ վեկտոր ենք ընտրելու Հայաստանի Հանրապետության ներկայի և ապագայի համար:

Երկրի, պետության քաղաքական քարտեզը միայն զենքով չէ, որ գծվում է, և սա ապացուցել է ժամանակը:

Հիմա ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար Վճռի մասին:

Որպես տեղեկանք ՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը իր կազմած իրավարար վճիռը ստորագրել է Առաջին համաշխարհային պատերազմի դաշնակից ուժերի (Անտանտի) Գերագույն խորհրդի Մեծ եռյակի` Դաշնային բոլոր ուժերի անունից։ Սույն Իրավարար վճիռը կատարման համար պարտադիր իրավական փաստաթուղթ է նաև դաշնակից և նրանց իրավահաջորդ բոլոր պետությունների` ներկայումս ՄԱԿ-ի 192 անդամ պետություններից 142-ի` այդ թվում և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներից չորսի` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի,   Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Չինաստանի համար։ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից մշակված և Իրավարար վճռով հաստատված Հայաստանի պատմական հողերի մի մասի վերադարձի նախնական քարտեզն ընդգրկում էր <ծովից ծով > տարածք` Սև, Միջերկրական և Կասպից ծովը ներառյալ: Այսպիսին է եղել Իրավարար վճռի նախնական քարտեզը: Երբ այն դրվել է եվրոպական պետությունների հաստատմանը, պետությունների մի մասն այդ քարտեզը անհամատեղելի է համարել հայոց ցեղասպանությունից հետո հայազրկված Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի հետ`փաստարկելով, թե այդ տարածքներում բավարար թվով կամ բնավ հայեր չկան, որպեսզի բնակեցվեն այդ տարածքները… Փոխանակ դատապարտեին բռնագաղթ կազմակերպած ու երկիրը կոտորածներով հայաթափած թուրքական կառավարությանը, անտրամաբանական փաստարկ է բերվել`այդքան հայ արդեն չի ապրում այդ տարածքներում, և ոչ մի հարց՝ իսկ ու՞ր են այդ բնակավայրերի հայերը: Եվ դարձյալ մեր փոխարեն ուրիշներն են որոշել մեր հայրենիքի սահմանները, որովհետև մենք մոռացել ենք մեր արքաների `<Սահման քաջաց զենքն է յուրյանց> անխախտ օրենքը: Ըստ Իրավարար վճռի քարտեզի՝ Նախիջևանն ու Լեռնային և Դաշտային Ղարաբաղը մտնում էին այդ քարտեզի սահմանների մեջ: Արցախյան հերոսական և հաղթական ազատամարտից հետո պետք է վերջնականապես լուծվեր Արցախի վարչական-քաղաքական պատկանելության հարցը, դեռ ավելին, Ադրբեջանի հրահրած պատերազմի պատճառած վնասները պիտի փոխհատուցվեին ռազմատուգանքի ձևով, և կնքվեր ոչ թե զինադադար, այլ <Կապիտուլյացիա>: Մինչդեռ 26 տարի անց մեզ պարտադրեցին նոր ու դաժան պատերազմ`այս բոլոր տարիներին կոպտորեն խախտելով զինադադարի մասին միջազգային բոլոր օրենքները:

Մեր երկրի քաղաքական վերնախավը` ի դեմս ՀՀ երեք նախագահների և այսօր վարչապետի, պետք է ներկայացնեին այդ փաստաթղթերի փաթեթը` որպես միակ և միջազգային իրավունքի տեսակետից արժանահավատ փաստաթուղթ ՄԱԿ-ի, Եվրամիության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Մարդու իրավունքների միջազգային դատարաններին`արցախյան խնդիրը ո՛չ ռազմական, անգամ ոչ բանակցային ճանապարհով լուծելու պահանջով: Այս խնդրի լուծման բանալիներից մեկն էլ 1921թ. Սովետական Ռուսաստանի բոլշևիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի՝ Ստալինի գլխավորությամբ, ապօրինի որոշումն էր, որով Նախիջևանն ու Արցախ աշխարհը՝ Լեռնային և Դաշտային, տրվեց նորաստեղծ Ադրբեջանի խորհրդային հանրապետությանը: Եվ այդ օրվանից հիմք դրվեց Արցախի՝ Հայաստանին վերամիավորվելու պայքարը: Մեր անկախության 30 տարիներին մենք չարդարացված զոհեր ենք տվել այդ պայքարում. չարդարացված ոչ այն առումով, որ իզուր են մեր զինվորները կռվել ու զոհվել մեր հայրենիքը պաշտպանելու համար, այլ որ այդ պատերազմը չէր լինի իննսունականներին, այսօր էլ չէր վերսկսվի, եթե մեր քաղաքական վերնախավը կարողանար հարաբերական խաղաղության տարիներին քաղաքական և իրավական լուծում տալ դրան: Այս դաժան պատերազմում դարձյալ զոհվեցին մեր երիտասարդները, որոնք դեռ չէին հայրացել, և վաղը նրանց փոխարեն չեն ծնվի ապագա զինվորներ… Մենք բոլորս պատասխանատու էինք նրանց կյանքի համար: Այո՛, Հայրենիքը պետք է պաշտպանել թշնամու հարձակումներից, բայց բնավ պարտադիր չէ, որ այդ պաշտպանությունը ամեն անգամ վերածվի երիտասարդ սերնդի սպանդի, երբ կա խնդրի լուծման նաև իրավական ճանապարհ…

Մենք ունենք շախմատի` հաղթանակ բերող այն միակ և անբեկանելի ՔԱՅԼԸ` ՇԱԽԸ , որին կհետևի անառարկելի ՄԱՏԸ` ՀԱՂԹԱՆԱԿԸ…

Մենք ազգովին շախմատ խաղացող ժողովուրդ ենք: Մի՞թե մեր քաղաքական հմտությունները սահմանափակվում են միայն 64 վանդակների սահմաններում… Ժամանակն է, որ մենք վերականգնենք մեր` հայերիս ու Հայաստանի քաղաքական գործոն լինելու պատմական ավանդույթները… Աշխարհը շատ արագ է փոխվում, մենք, ճոճանակի վրա օրորվելով, թափ հավաքելու ժամանակ չունենք, մանավանդ պատերազմում պարտության ապտակ ստալուց հետո…

Հաղթում են այն ազգերը, որոնք աշխարհաքաղաքականության մեջ դառնում են ռազմական և քաղաքական գործոն՝ հիմնվելով նաև միջազգային իրավունքի վրա:

 

Հավատացե՛ք, մենք կարող ենք Հայաստանի համար քաղաքական նոր և բարենպաստ քարտեզ գծել, ընդլայնել այն և պաշտպանել, քանի որ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՆՈՒՅՔԱՆ ԶՈՐԵՂ Է, որքան որ հզոր է զենքը…

 

Մարի Բարսեղյան-Խանջյան
գրող, հրապարակախոս

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.