Շարլ Ազնավուրը պատմել է, թե ի՞նչ է խոսել Սերժ Սարգսյանի հետ

Ֆրանսիական Նուվել դ'Արմենի հանդեսին տված հարցազրույցում Շարլ Ազնավուրն ասել է, որ մինչ մեկին բանտ են նստեցնում երկու ձու գողանալու համար, միլիոն գողացածներն անպատիժ են մնում: «Մենք պետք է հասկանանք, որ հիանալի երկիր ունենք զարգանալու համար, սակայն այն մի օր կարող է անհետանալ, ինչպես որոշ հին քաղաքակրթություններ: Դրա պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարները», ասել է Ազնավուրը: Աշխարհահռչակ շանսոնյեն ասել է, որ այս թեմայով խոսել է Հայաստանի ղեկավարների հետ. «Ես նրանց չեմ խնայում, ասում եմ այն, ինչ մտածում եմ»:

Շարլ Ազնավուրն առաջին անգամ չի կոշտ հայտարարություններ անում Հայաստանի կոռումպացված իշխանությունների մասին: Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, պաշտոնական անձ եւ կարելի է պատկերացնել, թե իրեն որքան անհարմար է զգում, երբ համաշխարհային բարձր շրջանակներում տհաճ են արտահայտվում Հայաստանի հասցեին եւ ասում, որ հայերը չեն կարողանում ինքնակազմակերպվել որպես պետություն:

Թերեւս, ամենավիրավորականն այն է, որ լսում ես, որ քո ազգն ընդունակ չէ պետություն կառուցել, օգտագործել ազգային բարիքները, արդյունավետ ու արդար կառավարել դրանք: Ժողովրդավարության էությունն այն չէ, որ երկրում աղքատներ ու հարուստներ չլինեն: Էությունն այն է, որ հարուստները չհարստանան ազգային բարիքները մենաշնորհելով, որոնք բոլորին են պատկանում եւ որի վրա կառուցվում է պետության հզորությունը:

Հայաստանում ինչպե՞ս են վարվում ազգային հարստության հետ: Ընդերքից ինտենսիվ հանում եւ վաճառում են ոսկին ու պղինձը՝ պետությանը չնչին հարկեր վճարելով: Ցանցային ենթակառուցվածքները նվիրել են ռուսական կորպորացիաներին: Եվս մեկ ազգային հարստություն՝ ջուրը, ծառայում է տարբեր խմբերի շահերին, մինչ գյուղացիները մշտապես ոռոգման ջրի կարիք ունեն: Եվ մարդիկ, ովքեր պետք է մշակեին հողը, Ռուսաստանում օրնիբուն աշխատում են հացի փող վաստակելու համար: Ոսկու պետական պահուստը վաճառել են: Հայաստանի սահմանները վերահսկում են ռուս սահմանապահները, ՀՕՊ-ը եւս փոխանցվել է Ռուսաստանին:

Ազնավուրն այդ մասին ասե՞լ է Սերժ Սարգսյանին: Ընդունենք, նրա նախագահության 10 տարիների ընթացքում հաջողվեց պահել Ղարաբաղը եւ թույլ չտալ մադրիդյան սկզբունքների իրականացում: Սակայն իրականում դրանում որքա՞ն է իշխանության դերակատարումը: Բոլորը հիշում են 2016 թվականի ապրիլի 2-5-ը, երբ Հայաստանում իշխանությունն անհետացել էր, հրամաններ չէին տրվում, դաշտային հրամանատարներն իրենք էին որոշում դիմադրել, թե ոչ, իսկ մարդիկ ինքնակազմակերպվել էին, փող, զենք հավաքել եւ ճակատ ուղարկել: Մի փոքր էլ շարունակվեր, Հայաստանում ժողովրդական իշխանություն կձեւավորվեր:

Ամենավճռական պահերին Հայաստանում իշխանություն չի եղել: Հետո Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ չգիտեր, թե Մոսկվայում ինչ են բանակցում Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերը: Սերժ Սարգսյանն այդ ժամանակ որտե՞ղ էր: Ժողովրդի հե՞տ, որը, զգալով իշխանության բացակայությունը, ինքնակազմակերպվեց, թե՞ այն մարդկանց հետ, որոնք վախեցան այդ ինքնակազմակերպումից:

Հանրապետական պատգամավոր Խոսրով Հարությունյանն ու մյուսներն ասում են, որ Սերժ Սարգսյանից բացի ոչ ոքի չեն տեսնում ապագա վարչապետի պաշտոնում: Ոչ ոքի, ասում են նրանք: Սակայն օրինակներ կան, երբ հանրությունն առաջ է քաշել իր առաջնորդներին: Նրանց շարքում հազիվ թե լինեն ազգային հարստությունները մսխած մարդիկ:

Շարլ Ազնավուրը, հավանաբար, եւս սպասում է Սերժ Սարգսյանի որոշմանն ապրիլի մասին: Ժամանակին Սարգսյանը դիմել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին՝ կոչ անելով միասին հեռանալ իշխանությունից: Տեր-Պետրոսյանը վաղուց չի խոսում, Ռոբերտ Քոչարյանը նույնպես լռում է: Եկել է Սերժ Սարգսյանի հերթը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am