Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Խիստ ուշագրավ է այս հանդիպման մասին կառավարության տարածած հաղորդագրության մի հատված, որտեղ ասվում է, որ զրուցակիցները քննարկել են անվտանգության, մասնավորապես, ԼՂ հիմնախնդրի հետ կապված հարցեր:
Պաշտոնական հաղորդագրությունն ավելի շատ բացահայտում է ոչ թե երեկվա հանդիպման բովանդակությունը, այլ խոսում է Կարեն Կարապետյանի հավակնությունների մասին, որոնք վերաբերում են 2018-ի համատեքստին:
Անկախ այն հանգամանքից` Կարապետյանի այցը նախօրոք էր պլանավորված, թե կազմակերպվել է վերջին օրերին, դա անուղղակի պատասխան է «Արմենիա» հեռուստաընկերությանը տված Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցին: Այդ հարցազրույցում Սարգսյանն, իհարկե, չքողազերծեց 2018-ի իր պլանները, սակայն հստակ բացահայտեց վարչապետության հարցի լուծման, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզը»: Այն, ի դեպ, բավականին ստանդարտ է` ՀՀԿ-ն շատ խնդրելու է, որ Սերժ Սարգսյանը ստանձնի վարչապետությունը, իսկ վերջինս չի կարող հակադրվել հարազատ կուսակցության միահամուռ հորդորին:
Սակայն այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք: Հանրապետական վերնախավը Սերժ Սարգսյանին այլընտրանք չի տեսնում հենց ԼՂ, անվտանգության հարցերում: Կարեն Կարապետյանն, ով մինչ այս պահը, կարծես թե, ինքնակամ այդ հարցերի տիրույթ չի մտել` երեկ դրանք դարձնում է իր և Բակո Սահակյանի զրույցի թեման, համենայն դեպս` տարածված հաղորդագրության մակարդակում:
Հեռու ենք այն մտքից, որ Կարապետյանը տիրապետում է բանակցային գործընթացի մանրամասներին կամ, որ Բակո Սահակյանը նրանից պետք է տեղեկանար գործընթացի մանրամասների մասին: Ոչ մեկը, ոչ էլ` մյուսը, պարզապես Կարեն Կարապետյանը հրապարակավ հասկացնում է, որ չի հրաժարվում 2018-ի իր հավակնություններից և, ըստ էության, Սերժ Սարգսյանի տիրույթ է մտնում` քննարկելով հարցեր, որոնք համարվում են գործող նախագահի «մենաշնորհը»:
Կարեն Կարապետյանը սրում է իշխանության հարցը` Սերժ Սարգսյանին հասկացնելով, որ մտադիր չէ զիջել դիրքերը: Արդյո՞ք Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում Կարեն Կարապետյանն ինչ-որ ակնարկ է տեսել, որը խախտում է նրանց հնարավոր պայմանավորվածությունները կամ անհանգստացնում է վարչապետին, թե՞ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին հասկացնում է, որ ինքը կարող է այլընտրանք լինել Սերժ Սարգսյանին և գործում է, այսպես կոչված, փրայմերիզի տրամաբանությամբ
Դժվար է միանշանակ պատասխան տալ այս հարցերին, սակայն նկատենք, որ Կարապետյանի ասոցացումը ԼՂ կամ անվտանգության խնդիրների հետ նույնիսկ արհեստական է ստացվում, որովհետև ոչ միայն հասարակությունը, այլ նաև քաղաքական
էլիտան տեղյակ չեն, թե գործող վարչապետն ինչ բովանդակային դիրքորոշումներ ունի այս հարցերում: Չենք էլ կարծում, թե Կարեն Կարապետյանն այս հարցերում ինքնատիպ մոտեցումների կրող է ու լավագույն դեպքում` կրկնելու է այն, ինչ ասում է Սերժ Սարգսյանը: Այս հանգամանքն ոչ միայն համոզիչ չի դարձնում Կարեն Կարապետյանի այլընտրանքը, այլ տպավորություն է ստեղծում, որ վարչապետը հրաժարվում է տնտեսությունից` անուղղակի խոստովանելով այս ոլորտում իր քաղաքականության ֆիասկոն:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am