Մասնագետներն ասում են, որ նախորդ տարվա համեմատ Ամանորի սեղանի համար նախատեսված ապրանքները թանկացել է մոտ 15%-ով: Ավելորդ է ասել, որ Ամանորը մեր ժողովրդի ամենասիրված տոներից մեկն է ու հիմա փաստորեն մարդիկ կքվելու են ծանր բեռի տակ` գոնե երեխաների երազանքները չփշրելու համար: Հունվարի 1-ից էլ սպասվում են նոր թանկացումներ, որոնք հետևանք են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Այս ամենի համատեքստում թերևս հարկ կա ևս մեկ անգամ անդրադառնալ կառավարության քաղաքականությանը, որի հետևանքով, համոզված ենք, Հայաստանում աղքատությունն աճել է` ծավալային ու նույնիսկ որակական ցուցանիշներով և, մեղմ ասած, արդեն հնացած է աղքատության մասին պաշտոնական վիճակագրությունը:
Կարեն Կարապետյանի պաշտոնավարման շրջանում աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում տեղի չի ունեցել և նման հեռանկար չկա անգամ մյուս տարի, փոխարենը` հատկապես վերջին ամիսներին առաջին անհրաժեշտության սննդամթերքի գներն անզուսպ աճում են` մի կողմից, տնտեսության աշխուժության պատրանք ստեղծելով, մյուս կողմից` մուտքեր ապահովելով պետական դատարկ բյուջեի համար, մեծացնելով ավելի հարստացող օլիգարխիայի և թշվառության եզրին հասած հասարակության մեծամասնության անջրպետը: Աղքատությունը լրջագույն մարտահրավեր է ազգային անվտանգությանը:
Առաջին ու թերևս տեսանելի հետևանքն արտագաղթն է, ընդ որում` զանգվածաբար հեռանում է երկրում կղզիացող միջին խավը, որի ներկայացուցիչները հասկանում են, որ
Հայաստանում բարեկեցիկ կյանքի հեռանկարներն իրենց առջև փակված են, ինչն անխուսափելի է դարձնում աղքատների շարքերի ստվարացումը հենց նրանց հաշվին: Հեռացողները սիրում են Հայաստանը, բայց նրանց արժեքային համակարգը թույլ չի տալիս ապրել քրեաօլիգարխիայի բարքերով, իսկ այլընտրանքը` թշվառությունն է, փոքր բիզնեսի ու գործի կորուստը, որովհետև, օրինակ, Սամվել Ալեքսանյան թույլ չի տալիս, որ իր «Սիթիների» հարևանությամբ փոքր խանութներ գործեն:
Անկասկած, «մենաշնորհային» այս զոռբայությունը բնորոշ չէ միայն Ալեքսանյանին և ընդհանուր հատկանիշ է բոլոր օլիգարխների համար: Աշխատավարձերն ու կենսաթոշակները կարող էին չբարձրանալ, բայց մարդիկ չէին արտագաղթի, եթե կառավարության քաղաքականությունը երկրի զարգացման հեռանկար բացեր, հասարակությանը վերադարձներ արժանապատվության զգացումն ու երազնքներ
ունենալու պատեհությունը: Սակայն Կարեն Կարապետյանի կառավարությունը ձախողվել է ոչ միայն ընթացիկ քաղաքականության մեջ, այլ հատկապես` ռազմավարական ծրագրերում: Այս կառավարությունը հետևողականորեն կրճատում է կրթությանը հատկացվող միջոցները, ինչի հետևանքով կրթությունը դառնում է անհասանելի հասարակության ավելի լայն խավերի համար` տգիտության ճանապարհով «կայունացնելով» թշվառությունն առնվազն մի քանի տասնամյակների համար: Հայաստանում չկան զարգացման ռեսուրս ունեցող ներդրումներ, ինչը նշանակում է, որ սահմանափակ ներդրողները փող են դնում ոչ թե տնտեսության մեջ, այլ` կոնկրետ պաշտոնյաների, նրանց կարճաժամկետ, երկրի զարգացման հետ չաղերսվող ծրագրերի վրա: Կամ էլ` Հայաստանի տնտեսությունը վերածվել է «լվացքատան», որտեղ սպիտակեցվում են կեղտոտ փողեր` ստեղծելով տնտեսության աշխուժացման իմիտացիա, իսկ իրականում` «կենսունակություն» հաղորդելով օլիգոպոլ համակարգին:
Սակայն արտագաղթը հատկապես հարվածում է երկրի զարգացման հեռանկարին, որովհետև Հայաստանում մնում է մի հասարակություն, որն օբյեկտիվորեն լյումպենացված է և չունի արդիականացում, բարեփոխումներ պահանջելու, դրանց շահառուն լինելու պոտենցիալ: Խորհրդարանական վերջին ընտրությունները, կարծես թե, հումանիտար, սոցիալական այդ աղետի նշանային դրսևորումներն են, որոնց խորքերից հառնում է ապագա չունեցող երկրի ուրվականը: «Աղքատ Հայաստանը» դարձել է Հայաստանի քաղաքական համակարգի նոր կոնսենսուսը, որովհետև այսօրվա իշխանության հաջողության բանաձևը հենց լյումպենացված հասարակությունն է, որը նաև արդարացում է ընդդիմության համար` իր կոմֆորտը չզոհաբերելու, անտաղանդությունը քողարկելու համար: Սակայն այդ կոնսենսուսը հարաբերական է, որովհետև աղքատությունը սպանում է քաղաքականությունը` ճանապարհ հարթելով ահաբեկչության համար: Թշվառացող ու դատարկվող Հայաստանի արշալույսներն անխուսափելիորեն արյունոտ են լինելու:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am