«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:
– Տիկին Թուխիկյան, «Խավարում» ցուցահանդեսը շարունակվում է ցուցադրվել Երևանում և մարզերում: Սպասումներն արդարացվա՞ծ են, թե՞ ոչ:
– Իհարկե արդարացված են: Շարունակություն ունենալը արդեն հրաշալի է: Տեսեք՝ ինչ արձագանք գտավ ցուցադրության փակումը. այն տարբեր կերպարանք ստացած վերածնվեց՝ ցուցադրության էլեկտրոնային տարբերակը Evnreport կայքում, ցուցադրության ամբողջ ինֆորմացիան տպագրվեց գրքույկով և անհատույց բաժանվեց, ցուցադրությունը վերաբացվեց և այս պահին միաժամանակ առկա է Հայաստանի երեք քաղաքներում՝ Երևան, Վանաձոր, Գյումրի: Հունվարին կվերաբացվի Ֆրեզնոյում: Գուցե և Հայաստանի այլ
քաղաքներում ու գյուղերում և Սփյուռքի այլ համայնքներում: Ես երախտապարտ եմ այդ ազնիվ մարդկանց, ովքեր գլուխ բերեցին այս ամենը, և նրանց, ովքեր դեռ գլուխ են բերելու:
Փաստորեն կան բաներ (գոնե հոգևոր-մշակութային դաշտում), որ չի կարելի անել մեր անկախ, ինքնիշխան, դեմոկրատական, ազատ պետության մեջ: Դա հակառակ էֆեկտ է ունեում:
– Թանկացումների մասին ՀՀԿ-ական պատգամավորների մեկնաբանությունները բավականին բուռն հանրային քննադատության արժանացան:Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունները, և արդյոք դրանց չպե՞տք է հաջորդեին հրաժարականները: Արդյոք սա մեկ անգամ ևս չազդե՞ց ՀՀԿ-ի իմիջի վրա:
– Միանգամից ասեմ, որ ՀՀԿ-ի կամ որևէ այլ կուսակցության իմիջի խաթարումը ինձ չի հուզում, թող տվյալ կուսակցության անդամները հուզվեն: Իսկ արված հայտարարությունները ինքնաբուխ, ազնիվ հայտարարություններ էին տվյալ անձանց կողմից: Նրանք, համենայնդեպս, փարիսեցիություն չեն արել, փաստել են այն, ինչի համար
այսքան տարիներ ջանացել են «քրիստոնեաբար»՝ նվաստացրած և ստորացրած պահել ժողովրդին, որպեսզի այն, ինչ պատկանում է ՀՀ բոլոր քաղաքացիներին, բաժին հասնի միա՛յն իրենց և իրենց նմաններին:
Իսկ ինքնակամ հրաժարական տալու համար սովորաբար բարոյական բարձր արժեհամակարգ պետք է ունենալ: Հայաստանում այնքա՜ն սոսկալի բաներ են եղել, ու հրաժարականներ չեն հաջորդել դրանց…
Կարդացի, որ մարտունեցիները շատ վրդովված են: Կուզեի ճշտել. դիցուք, վաղը ընտրություններ են, և տխրահռչակ մարդը վերընտրվելու համար 10000-դրամի փոխարեն առաջարկում է 11000 դրամ, ի՞նչ կանեն ընտրողները:
– Սերժ Սարգսյանը Դիլիջանում համայնքի ղեկավարների առաջ ելույթ է ունեցել՝ հայտարարելով, որ ով չի ուզում նոքար լինել, թող գնա աղա դառնա, գնա ուրիշ գործի: «Եվ խնդրում եմ, որևէ մեկը Նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի
նախարար կամ ինձ մոտ մարդ, այդպիսի դեպքերում չմիջնորդի որևէ համայնքապետի ներելու համար»: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարություն-հորդորը: Արդյոք իսկապես կամք կա՞ փոփոխությունների:
– Ուրախ եմ, որ նախագահը հստակ շեշտեց կատարված հանցագործությունների փաստը: Լինի փոփոխություններ անելու կամք կամ ճարահատյալ քայլ՝ լավ է: Բայց չեմ պատկերացնում, թե դա ինչպես պիտի իրականանա, եթե Հայատանում չկա արդարադատություն՝ անկախ դատախազություն և դատարաններ: Վերևից ներքև բոլորն են հասկանում, որ պետական կառավարման համակարգը ոչ միայն արդյունավետ չի գործում, այլև արհավիրք է առաջացնում: Կոռուպցիան, զեղծարարությունը, արդարության գաղափարի ապականումը էկզիստենցիալ՝ գոյութենական նշանակություն ունեն կառավարման այս համակարգի համար: Առանց դրանց համակարգը չի լինի: Բայց այսպես էլ չի կարող շարունակվել: Անելանելի իրավիճակ է: Այս ագահ համակարգը ստեղծել է մի ռումբ
մեր պետության հիմքում, որի գործարկման ժամացույցը միացված է արդեն: Պայթելու է ամեն ինչ: Եվ բոլորը: Նրանք, ովքեր վստահ են, թե կփախչեն Արևմուտք, սխալվում են՝ Արևմուտքը հիմար չէ: Եթե հույսը Ռուսաստանում թաքնվելն է, նորից սխալվում են: Այնտեղ գործում է այս նույնի մայր համակարգը, որը սիրով կհոշոտի Հայաստանի մասշտաբներով խոշոր խաղացողներին, իսկ Ռուսաստանի մասշտաբներով՝ մանր-մունր հպատակներին:
– «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այն կարծիքին է, որ երկրում իրավիճակ չի փոխվի, ստեղծված իրավիճակը քաղաքացիների ընտրության արդյունքն է։ Համամի՞տ եք արդյոք։
– ՀՀ քաղաքացիների մեծ մասը ենթարկվել է հետևողական ստորացման: Փորձ է արվել նրանցից խլել ամենակարևոր բաները՝ արժանապատվությունը և ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքը: Հիմնականում դա ստացվել է: Ենթադրում եմ, որ դրանք հնարավոր է վերականգնել՝ մթնոլորտը փոխելով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am