Բացահայտվեց առաջին ապօրինի հարստացածը. Ով է հաջորդը

Ապօրինի ծագման գույքի բռնագանձման ընթացիկ ուսումնասիրություններից 3-ն ավարտվել են,  շահագրգիռ անձինք հրավիրվել են նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու։ Այս մասին երեկ տեղեկացրեց գլխավոր դատախազությունը։

Առհասարակ 2020-ի ընթացքում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ստացել է 201 քրեական գործով նյութ՝ 430 անձի վերաբերյալ, իսկ 2021 թվականի ընթացքում` 18 քրեական գործով նյութ, 1 դատավճիռ և օպերատիվ միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների վերաբերյալ 3 նյութ։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից դատարան է ներկայացվել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին 6 դիմում: Մասնավորապես, թվով 3 ուսումնասիրություններին վերաբերող 4 դիմումները դատարանի կողմից արդեն իսկ բավարարվել են: Ավարտված ուսումնասիրություններով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 20 անշարժ և 5 շարժական գույք, 3 բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր, ինչպես նաև 6,194,611,586 դրամի չափով գումար։

Դատախազության այս հաղորդագրությունից հետո երեկ մամուլում հրապարակումներ եղան, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց՝ դստերը՝ Անգելինային, կնոջը՝ Սուսաննա Գասպարյանին և այլ փոխկապակցված անձանց պատկանող գույքի ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 4 առանձնատուն, 2 բնակարան, 3 հողամաս, 4 մեքենա, 1 ավտոտնակ։ Գույքի վրա դատարանի կողմից արգելանք է կիրառվել։

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց իրենց հանձնառութունը ապօրինի գույք, թալանած փողեր վերադարձնելու վերաբերյալ։ «Մենք ամենևին չենք հրաժարվում նախկինում ժողովրդի առաջ մեր ստանձնած որևէ պարտավորությունից։ Ժողովրդից գողացվածը մեր հրատապ օրակարգն է  եղել։ Նախորդ երեք տարիների ընթացքում մենք ոչ մեկից ոչ մի բան չենք խլել, մենք ցանկացել ենք, որ երկորւմ գործեն ինստիտուտներ և այսօր արդեն ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմը գործարկված է, որը անխուսափելի գործելու է», – հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ առաջարկում է ու հիշեցնում է բոլոր այդօրինակ մարդկանց բանակցել պետության հետ գողացվածը ինքնակամ վերադարձնելու վերաբերյալ.«Ես բոլոր այդ մարդկանց կոչ եմ անում հենց այսօրվանից  չկորցնել այդ հնարավորությունը և չհասնել նրան, որ պետական թափանիվները սկսեն գործի։ Կոչ եմ անում անհապաղ սկսել բանակություններ գողացվածխը վերադարձնելու համար, որը կծառայի ՀՀ սոցիալ տնտեսական օրակարգի սպասարկմանը»,-հայտարարել էր Փաշինյանը։

Փաստաբան Գևորգ Դավթյանը լավատես է, որ իշխանությունը հավատարիմ մնալով իր նախընտրական խոստմանը, հետևողականորեն կհասնի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը։ «Իմ կարծիքով իշխանությունը հետևողական կլինի ու կշարունակի արդեն սկսած գործընթացը ու արդեն ռեալ արդյունքներ կլինեն։Հիմա արդեն նախընտրական փուլում չենք, հետընտրական փուլում ենք ու իշխանությունը շատ լավ հասկանում է, որ եթե այս անգամ էլ իրենց նախընտրական խոստումները չկատարի, ապա այլևս վստահության քվե չեն ստանա։ Այդ խոստումներից մեկն էլ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումն է ու դրա համար էլ վստահ եմ, որ գործընթացը շարունակական կլինի ու ռեալ արդյունքներ կունենանք։ Դրա համար բավարար օրենսդրական փոփոխություն է կատարվել»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այս գործընթացը օրինականության շրջանակներում իրականացնելու ճանապարհին այն պաշտոնյաները, որոնք կթերանան կամ կփորձեն որևէ մեկի շահը օրենքից վեր դասել, ապա նրանք պետք է հեռանան պաշտոնից, ապա պատասխանատվության ենթարկվեն անգործության համար։

Դավթյանը չի կարծում, որ ապօրինի գույքի բռնագանձումը կարող է  ինչ-որ շահարկումների տեղիք տալ, կամ դժգոհության ալիք բարձրացնել, քանի որ նախ հասարակության մոտ վաղուց  է հասունացել այդ պահանջը, մարդիկ հեղափոխությունից հետո սպասում են հենց այդ ապօրինի հարստացածներից ապօրինի գույքը բռնագանձելուն։ Իսկ եթե այդ ապօրինի հարստացածների կողմից որոշակի մանիպուլյացիաներ արվեն, ապա նրանց կողքին ոչ ոք չի կանգնի, հասարակությունը նրանց կողքին չի կանգնի ու այդ մանիպուլյացիաներն էլ հաջողություն չեն ունենա։ «Այսօրվա քաղաքացին ավելի իրավագիտակից է ու չի տրվի մանիպուլյացիաների»,-ասաց Դավթյանը։

Տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը, սակայն, լավատես չէ այս գործընթացի հարցում։ Նրա խոսքով իշխանությունը թավշյա հեղափոխության ժամանակ ապօրինի գույքի  բռնագանձման մասին խոսելով քայլ չկատարեց գործընթացն արագ ռեժիմով, արագ տեմպերով իրականացնելու համար։ Ընդունվեց միայն օրենքը, որի գործողության ժամկետը սահմանափակված է ընդամենը երեք տարով և շեմ է սահմանված 50 միլիոն դրամի չափով։ «Գործընթացը սկսվել է մեկ տարի առաջ և հիմա գրանցված արդյունքը այդքան ցնցող չէ։ Ես ավելի հակված եմ, որ հետընտրական շրջանում  պրոպագանդիստական քայլ է արվում, թե տեսեք մենք պողպատե մանդատը օգտագործում ենք, բայց իրական արդյունքն ունենալու համար իշխանությունները պետք է մաքրագրեն իրենց անցած ճանապարհը։ Արագ կերպով ընդունեն օրենքների փոփոխություն, արագ կերպով փոփոխեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ու հակակոռուպցիոն կենտրոնի ձևավորման կարգը, պետք է լինի հակակոռուպցիոն մեկ մարմին և նոր սկսեն գործընթացը»,-ասաց Արիստակեսյանը՝ ավելացնելով, որ եթե այդքանից հետո իշխանությունը կամք կունենա, ապա  պետք է վերցնի նախորդ գումարման պատգամավորների ցանկը ու սկսի ուսումնասիրել նրանց հայտարարագրած գույքն ու իրենց եկամուտները։ «Ամեն ինչ պարզ է։ Ինչու է պետք այդքան բարդացնել ամեն ինչ։ Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող այդքան հարստության տեր լինել, կամ նրա որդին։ Նախկին իշխանության օլիգարխ պատգամավորները չէին կարող այդքան ունեցվածք ունենալ։ Ամեն ինչ շատ պարզ է. պետք է պաշտոնյաների ունեցվածքն ու եկամուտները համադրել ու պարզ կդառնա, թե ով է  ապօրինի հարստացել ու սկսել դա բռնագանձելու գործընթաց։ Պարզապես դրա համար կամք է պետք՝ քաղաքական կամք։ Ես այդ հարցում մի քիչ թերահավատ եմ»,-եզրափակեց Արիստակեսյանը։

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.