Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի դղյակում կատարվածի մասին...

Հովիկ Աբրահամյանին պատկանող Արտֆուդ ընկերության 75 տոկոս բաժնեմասը ձեռք է բերել Էմ Բի Կապիտալ ընկերությունը: Փաստացի, Արտֆուդն այլեւս Հովիկ Աբրահամյանինը չէ: Աբրահամյանի գործընկերն էր նաեւ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Ըստ պաշտոնական մեկնաբանության, գործարանը նրանցն էր 50/50 հարաբերակցությամբ: Այժմ 75 տոկոսը Էմ Բի Կապիտալինն է, որի սեփականատերը ռուսաստանցի մեծահարուստ Կամո Ավագումյանն է:

Հայկական մամուլում տեւական ժամանակ է հրապարակվում են տեղեկություններ այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը վաճառում է ունեցվածքը: Գործնականում պաշտոնապես հաստատվեց, որ Սամվել Ալեքսանյանն օրինակ ձեռք է բերել Արտաշատում նրան պատկանող ֆաբրիկան կամ ավելի շուտ ֆաբրիկայի անմխիթար շենքը, ինչպես նկարագրվել էր մամուլում: Միեւնույն ժամանակ, տեղեկություններ էին հրապարակվել, որ

Հովիկ Աբրահամյանը խաղատանը տանուլ է տվել խոշոր փող՝ մոտ 20 միլիոն դոլար: Չի բացառվում, որ հենց դրա համար է նաեւ ունեցվածքի մի մասը վաճառվում: Աբրահամյանները հայտարարել էին, թե չկա ունեցվածքի վաճառք, կա պարզապես բիզնեսի օպտիմալացում, իսկ խաղատանը խոշոր փող տանուլ տալու մասին տեղեկությունը Հովիկ Աբրահամյանի որդին համարել էր ծիծաղելի, ասելով, թե դա պատվեր է: Ո՞վ է պատվիրատուն, նա բնականաբար չէր ասել:

Ուշագրավ է այն, որ Հովիկ Աբրահամյանին պատկանող խոշոր վերամշակող ձեռնարկության սեփականատիրոջ փոփոխության մասին հայտարարվում է Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո: Հարցազրույցում Սարգսյանը որեւէ բառ չի ասել Հովիկ Աբրահամյանի մասին, նրա ձեռնարկությունների մասին, սակայն հնչել է բավական ուշագրավ հարց նախկին պաշտոնյաների ճակատագրի մասին:

Սերժ Սարգսյանն էլ տվեց պատասխան, որի տողատակը գործնականում հետեւյալն էր՝ նախկին պաշտոնյա չի նշանակում անվերադարձ պաշտոնյա, եւ ամեն ինչ կախված է անհատական պարագայից:

Արդյոք Հովիկ Աբրահամյանն ազատվում է խոշոր սեփականությունից, որպես իշխանության մոտ ինդուլգենցիա, որեւէ վերադարձի համար: Թե՞ Սերժ Սարգսյանը նախկին պաշտոնյաների մասով ազդակը հղում էր բոլորովին այլ նախկինների: Վերջին հաշվով այստեղ կան մի քանի հնչեղ անուններ էլ, որոնց հետ, ընդ որում, Սերժ Սարգսյանը ոչ միայն այսպես ասած հանգիստ է բաժանվել, այլ գուցե չի բաժանվել ընդհանրապես: Օրինակ Գագիկ Բեգլարյանը, կամ Գագիկ Խաչատրյանը: Ամենաթարմ նախկին պաշտոնյան էլ Հայկազ Բաղմանյանն է:

Ու՞մ վերադարձն էր պատրաստում, կամ ու՞մ վերադարձի համար էր հասարակական, քարոզչական-տեղեկատվական հող պատրաստում Սերժ Սարգսյանը, եւ ո՞ր դիրքում:

Առաջիկայում, բացի կառավարության կազմից, որի հարցը կլինի 2018-ի ապրիլին, իշխանությունը պետք է նշանակի եւս երկու առանցքային պաշտոն՝ նախագահ, ԱԱԽ քարտուղար: Օրինակ, կարո՞ղ է արդյոք Հայկազ Բաղմանյանը լրացնել Յուրի Խաչատուրովի «սուրբ տեղը», որ առ այսօր բաց է մնացել նրա ՀԱՊԿ քարտուղար նշանակվելուց հետո: Թեեւ, դա իհարկե կլինի որոշակի հարված Վիգեն Սարգսյանին: Պետք է ենթադրել, որ Բաղմանյանն այդ իմաստով անվերադարձ նախկին պաշտոնյաների շարքում է:

Մեկ այլ նախկին պաշտոնյա է նաեւ Սեյրան Օհանյանը, որը խորհրդարանի ընտրությունից հետո պահում է խորհրդավոր լռություն, թեեւ նրա անունը անսպասելիորեն շրջանառվեց Նորք Մարաշի զինված խմբի գործով դատական գործընթացում: Մեղադրվող Վահան Շիրխանյանի եւ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի խոսակցության սղագրության մեջ Շիրխանյանը ասում է, թե Սերժ Սարգսյանին «վերացնելուց» հետո իրենք ղեկը կտան Սեյրան Օհանյանին, որը լիովին կենթարկվի իրենց: Հայաստանի իշխող համակարգում բոլորը կապված են միեւնույն շղթայով եւ նախկինն ու ներկան զգալիորեն հարաբերական են: Դա է նաեւ պատճառը, որ խնդիրները սրվում են լոկ անձնական հարաբերությունների, ոչ թե գաղափարական-արժեքային, ծրագրային դաշտում:

Իսկ անձնական հարաբերությունների տիրույթում սրվող խնդիրները կարող են արագորեն կարգավորվել, ինչպես ցույց տվեց 2015 թվականի փետրվարի մեծ համաձայնությունը Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի դղյակում` Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Ծառուկյան, Սամվել Կարապետյան եւ Դաշնակցություն ֆորմատով: Ըստ երեւութին, նախկին եւ ներկա «ռեժիմների» առումով խնդիրը այստեղ է:

Մոնումենտի համաձայնությունն ի վերջո դառնում է նախկի՞ն, թե մնում է ներկա: Սերժ Սարգսյանը թերեւս խոսել կամ ակնարկել է այդ խնդրի, այսինքն Հովիկ Աբրահամյանի տանը տեղի ունեցածի մասին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am