ԵՄ-ում կա՞ մտահոգություն, որ Ռուսաստանը, Բելառուսը կլանելուց հետո, կանցնի Հայաստանին

«Եկել է ժամանակը խոսելու Եվրամիության դերի մասին ամբողջ տարածաշրջանում կապեր հաստատելու գործում` լինեն դրանք ճանապարհներ, թե այլ ենթակառուցվածքային օբյեկտներ`գազամատակարարում, էլեկտրամատակարարում», ասել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը:

Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն, ամփոփելով Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի արտգործնախարարների Հայաստան, Բաքու և Վրաստան կատարած այցի արդյունքները, շեշտել է, որ «երեք երկրներն էլ աջակցություն են հայտնել հնարավոր տարածաշրջանային ձևաչափի ստեղծմանը, որը կներառի երեք պետությունները»:

 

Ի՞նչ ձևաչափ է առաջարկում ԵՄ-ն: Միակ պլատֆորմը, որտեղ ներկայում տեղի է ունենում կոոպերացիա Հայաստանի, Բաքվի և Վրաստանի միջև, ԵՄ Արևելյան գործընկերության ձևաչափն է: Ավելին, նախագծում երեք երկրները տարբեր դիրքերում են: Վրաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր է ստորագրել և մտադիր է 2024 թվականին դիմել ԵՄ-ին անդամակցելու համար: Հայաստանը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր է ստորագրել 2018-ին, որն ուժի մեջ է մտել մարտի 1-ից: Իսկ Ադրբեջանը գրեթե չի մասնակցում նախագծին: Բաքուն դժգոհ է այն փաստից, որ ԵՄ փաստաթղթերը չեն ճանաչում Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»:

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին, վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և հասնել քաղաքական լուծման:

Լինդեն հիշեցրել է, որ հունիսի կեսերին պայմանավորվածություն էր ձեռք բերվել 15 հայ ռազմագերիների Հայաստան վերադարձնելու մասին, իսկ Հայաստանը Ադրբեջանին էր տրամադրել ականապատ դաշտերի քարտեզներ: Նրա կարծիքով, դա տեղի էր ունեցել Վրաստանի անգնահատելի դերի, ԱՄՆ-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրահանձնաժողովի և ԵԱՀԿ համանախագահների համագործակցության արդյունքում: «Մենք պետք է գտնենք քաղաքական լուծում, քանի որ դեռևս չկա խաղաղության համաձայնագիր», – ասել է Անն Լինդեն:

ԵՄ ակտիվությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի է ունենում ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրից Բելառուսի դուրս գալու ֆոնին: Մինսկը դադարեցրել է հետընդունման համաձայնագրի շուրջ բանակցությունները և հետ կանչել ԵՄ-ում իր դեսպանին այն բանից հետո, երբ ԵՄ-ն կոշտ պատժամիջոցներ ընդունեց Բելառուսի դեմ:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն հայտնել է, որ հանրապետության իշխանությունները մտադիր են ավարտին հասցնել Ռուսաստանի հետ տնտեսական ինտեգրման ծրագիրը մինչև 2022 թվականի հունվարի 1-ը: Նախատեսվում է ստեղծել էներգետիկ ռեսուրսների և տրանսպորտի ընդհանուր շուկաներ, միավորել հարկային և մաքսային օրենսդրությունը:

ԵՄ-ում կա՞ մտահոգություն, որ Ռուսաստանը, Բելառուսը կլանելուց հետո, կանցնի Հայաստանին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am