ՍԴ-ն որևէ հիմք չունի՝ անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները․ դա կհանգեցնի քաղաքացիական հուզումների, ժողովուրդը կարող է սրբել, տանել բոլորին․ իրավագետ

«Խնիդրը նրանում է, որ ՍԴ դիմած ուժերը և հատկապես «Հայաստան» դաշինքը տվյալ պարագայում երաժշտությամբ նահանջելու մարտավարություն են որդեգրել»,- այդ մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց իրավագետ Արտաշես Խալաթյանը։ 

Վերջինիս խոսքով՝ քանի որ ի սկզբանե նրանք շատ բարձր նշաձող էին դրել իրենց հաջողության, հիմա նրանք նաև խնդիր ունեն իրենց  թիմի ամբողջականությունը պահպանելու, համակիրների մեջ այդ մինիմում ոգևորությունը, հետագա պայքարի պատրաստակամությունը պահելու խնդիր ունեն և այդ համատեքստում ցանկանում են այս ամբողջ աղմուկը ՍԴ-ի շուրջ ստեղծելով ցույց տալ, որ իրենք իբրև թե ավելի շատ ձայների էին հավակնում, ավելի շատ ձայներ են ստացել բայց այս «վատ իշխանությունները էդ ձայներն իրենցից գողացել են»։ 
 
Իրավագետի կարծիքով՝ քաղաքական նպատակը դա է՝ ցույց չտալ, որ իրենք հաշտվել են պարտության հետ։

«Թեպետ վերջին ասուլիսի ժամանակ զգացվեց, որ բոլոր դեպքերում այդ ֆրուստրացիան, սեփական պարտության գիտակցումն առկա է, քանի որ իրենք մի կողմից ասում են՝ չեն ճանաչում ընտրությունները, մյուս կողմից արդեն խոսում են խորհրդարան գնալուց, խորհրդարանում պայքարը շարունակելուց։ Քոչարյանն արդեն խոսում է մանդատը չվերցնելու մասին և այլն և այլն։ Թիմի մեջ խառնաշփոթն ակնհայտ է և նաև լրատվական սպրդումները ցույց են տալիս, որ այնտեղ կա նաև միջանձնային մրցակցություն, էն մարդիկ, ովքեր որ չեն անցել խորհրդարան, փորձում են համոզել, որ ճիշտը մանդատ չվերցնելն է, ովքեր որ մանդատների են տիրացել փորձում են համոզել բոլորին, որ ճիշտը խորհրդարանում պայքարը շարունակելն է։ Բայց մյուս կողմից Ռոբերտ Քոչարյան այսպես անպարտելի նախագահ միֆը քանի որ  պայթել է հիմա  նպատակն այն է, թե ինչպես դա փաթեթավորել, որպեսզի շատ ցավոտ և  ֆրուստրատիվ չլինի իրենց համակիրների, թիմի անդամների համար»,-ասաց Արտաշես Խալաթյանը։

Ինչ վերաբերում է իրավական մասին, իրավագետն ասաց, որ այստեղ բացարձակ որևէ հիմք չկա ու չի կարող լինել, որովհետև նախ ՍԴ մասին օրենքը և ԸՕ-ն սահմանում են, որ տվյալ պարագայում ընտրությունների անվավեր ճանաչելու համար  հարկավոր է, որպեսզի լինեն այնպիսի  խախտումներ, որ լինեն համակարգային, պարբերական  և կազմակերպված, որի արդյունքում կասկածի տակ կդրվի ընտրությունների արդյունքը, որ հնարավոր չլինի որոշել, ընտրությունների վերջնական արդյունքը։ 

Սակայն եթե այս չափանիշներին չեն համապատասխանում խախտումները, ապա բոլոր  դեպքերում ընտրությունները չեղյալ համարվել չեն կարող։

«Դեռ մի բան էլ, եթե սկսեն արդեն դետալացված ուսումնասիրել քվեարկության ընթացքը, նախընտրական շրջանում առկա զարգացումները, նախընտրական քարոզչության խախտումները, ապա կստացվի, որ այդ ամենի հեղինակը  եղել է «Հայաստան» դաշինքը և մասամբ նաև «Պատիվ ունեմ» դաշինքը։ Այսինքն՝ այլ ընտրախախտումներ թույլ տված միտումնավոր և որոշակի համակարգվածությամբ քաղաքական ուժ ընտրապայքարում չի եղել։ Բոլոր դեպքերում կարծես իրենք դիմում են ներկայացնում իրենք իրենց վրա։ Ես կարծում եմ, որ այստեղ բացարձակ քաղաքական փիառ է և ապագա քաղաքական պայքարում դիրքավորվելու խնդիր է լուծվում, անգամ հինգ տարուց հետո, անգամ հաջորդ ընտրափուլին։

Այսինքն՝ ստեղ խնդիրը ջրի վրա մնալու և քաղաքական մինիմալ սուբյեկտայնություն պահելու խնդիր ունեն իրենք, ոչ ավելին։ Դրա մասին է վկայում նաև «Զարթոնք» կուսակցության կողմից  նույնպես այդ դիմումի ներկայացումը։ Այսինքն՝ սեփական անձի մասին հիշեցնելու և մինիմալ կենդանության նշաններ ցույց տալու խնդիր է  լուծվում»,-ասաց Արտաշես Խալաթյանը։

Խոսելով նաև ՍԴ-ի մասին, թե ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ դիմում ստանալուց հետո ինչ հնարավոր զարգացումներ են հնարավոր, իրավագետն ասաց, որ քանի որ մեր դատական համակարգում վեթինգ չենք իրականացվել և մենք գիտենք դատական համակարգն իրականում ինչ անձանցից է կազմված և ինչպիսի քաղաքական, տնտեսական և քրեական կապեր կան շատ-շատ դատավորների և նախկին քաղաքական ռեժիմի ներկայացուցիչների միջև, ցավոք սրտի ոչինչ չի բացառում։

«Որովհետև մարտի 1-ի գործի այսպիսի կոպիտ փակումը, այսպիսի իրավական առումով խիստ  խոցելի որոշման կայացման գնով անգամ ցույց է տալիս, որ ՍԴ-ն  իր մասնագիտական  հեղինակության մասին  վաղուց չի մտածում և այս պարագայում  ես ոչինչ չեմ բացառում։
Պարզապես ես զգուշացրել եմ և կրկին ցանկանում եմ զգուշացնել ՍԴ դատավորներին, որոնց մի մասին անձամբ էլ ճանաչում եմ, որ այս դեպքում, եթե Մարտի 1-ի պարագայում  հանրության շրջանում ցավոք սրտի ոչ բավարար ուշադրությունից օգտվելով կարողացան այդ գործը փակել, քանի որ միայն քաղաքացիական ակտիվ հատվածն էր այդ գործի բացահայտմանը հետամուտ լինողը, ապա այս դեպքում  իրենք կոնկրետ կառերեսվեն քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հետ որն է՝ ակնհայտ անարդար դատական ակտի կայացումը, որն առաջացրել է  ծանր հետևանքներ և պաշտոնեական լիազորությունների չարաշահումը։ Այսինքն՝ այս դեպքում նրանց բոլորին սպառնում է քրեական հետապնդումը, եթե նրանք փորձեն անվավեր ճանաչել ընտրությունները։ Էլ չասած, որ դա բնականաբար կհանգեցնի  քաղաքացիական հուզումների և այդ պողպատե մանդատը ոչ թե օրենքի ուժով կգործի, այլ պարզապես ժողովուրդը կարող է սրբել տանել բոլորին և դա կլինի թերևս Քոչարյանի դաշինքի և «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից ամենաանխոհեմ քայլը, քանի որ քաղաքական, թեկուզ նոմինալ ընդդիմության կարգավիճակը նրանք կփոխարինեն շատ ավելի վատ իրենց համար կարգավիճակով, որովհետև ակնհայտ է, որ ընտրություններն անցել են ազատ, արդար թափանցիկ  և որևէ խնդիր այդ ընտրությունների որակի հետ չի կարող լինել»,-ասաց Արտաշես Խալաթյանը։

Նրա խոսքով՝ դրա մասին են խոսում միջազգային դիտորդները, տեղական դիտորդները․ հիմնական աշխարհաքաղաքական կենտրոնները, այստեղ արդեն իսկ պատվիրակություններ են գալիս ԵՄ-ից, որը ցույց է տալիս, որ այս իշխանության հետ արդեն սկսվել է նոր որակի երկխոսություն և եթե այս ամենը ինչ-որ դատավորներ փորձեն իրենց գրչի հարվածով  կասեցնել, դրա և՛ քաղաքական, և՛ իրավական հետևանքներն իրենց համար լինելու են շատ վատ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.