Թուրքիան «անվտանգության գոտիներով» օղակի մեջ է առնում Ռուսաստանը. Հայաստանը պետք է պատրաստվի

Մեկնաբանելով այսպես կոչված Շուշիի հռչակագիրը, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան նույն դիրքերից քայլեր է պատրաստում այլ տարածաշրջաններում:  «Եթե Թուրքիան իր սահմաններին չձեւավորի անվտանգության ուժեղ գոտի, մեր երկրին թույլ չեն տա հանգիստ ապրել ու զարգանալ», ասել է Էրդողանը:

Հայաստանի դեմ ռուս-թուրքական համաձայնություններն այսպիսով Էրդողանը գնահատում է որպես անվտանգության գոտու ձեւավորում Թուրքիայի համար, Մոսկվայի՝ ռուս-թուրքական «նոր սահմանի», այն է՝ ՀՀ-ում ՌԴ ռազմական ներկայության ճակատային գծի ձեւավորման ֆոնին: Շուշիում Կարսի պայմանագրի հիշատակումները պատահական չէին՝ ըստ Էրդողանի՝ անհանգստության հիմնական աղբյուրը 1915-ին գործած ցեղասպանությունն է ու Արեւմտյան Հայաստանի եւ ՀՀ հանդեպ գոյություն ունեցող արեւմտյան պատկերացումները:

Թուրքիայի «անվտանգության գոտին» այլ տարածաշրջաններում վերաբերում է նաեւ Ուկրաինային ու Կենտրոնական Ասիային: Ուկրաինայում Թուրքիան արդեն «փորձարկել է» այն ռուսական S 400-ով Ղրիմի օդը փակելով, Ղրիմի պլատֆորմի ու «արյունակիցների շահերի պաշտպանության» վերաբերյալ գործնական քայլերով:

Աֆղանստանից զորքը դուրս բերելով, ԱՄՆ-ն մտադիր է Քաբուլի օդանավակայանը թողնել Թուրքիային, որի վերաբերյալ արդեն համաձայնություն է ձեռքբերվել: Այդպիսով, Թուրքիան վճռական դեր է ստանձնում Աֆղանստանում եւ Կենտրոնական Ասիայում, նկատի ունենալով այս տարածաշրջանի էթնիկ ու աշխարհագրական-քաղաքական փոխկապակցվածությունը:

Այսպիսով, Ռուսաստանն իր սահմանների երկայնքով կստանա թուրքական «անվտանգության գոտիներ»՝ դրանից բխող հետագա զարգացումներով: Դա Հայաստանի դեմ Լավրովի պլանի կիրառման՝ Հայաստանն «անվտանգության գոտիներով» մասնատելու եւ ինքնիշխանությունը վերացնելու ջանքերի ուղիղ հետեւանքն է:

Տեղի է ունենում Ռուսաստանի նահանջը իր «ազդեցության ավանդական գոտիներից»: Ռուս-թուրքական «սահմանը» դեպի ՀՀ հարավ-արեւելք տեղաշարժելը եւ Թուրքիայի քաղաքական ընդլայնման ընթացքը՝ «ադրբեջանում» ռազմաբազայի ու անվտանգության գոտու վերաբերյալ հայտարարությունների ֆոնին, վկայում են շրջանի վերաձեւման ընթացքի մասին:

Հայաստանը պետք է պատրաստ լինի դիմադրել շրջանը առաջիկայում թուրքական «անվտանգության գոտու» եւ ռուսական պաշտպանական «երկրորդ էշելոնի» վերաձեւելուն: Իրադարձությունները զարգանում են չափազանց արագ ու լի են անսպասելի հնարավորություններով: Դրանք գիտակցել է պետք, քաղաքականության ու քաղաքական սուբյեկտության վերաբերյալ հարյուրամյա առասպելներից ու կենցաղային պատկերացումներից դուրս:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.