Վաղարշակ Հարությունյանը եւ Հայաստանի անվտանգ ապագան. Անհամատեղելին

ԱԺ արտահերթ ընտրությունից հետո տեղեկություններ եղան, թե ներկայիս նախարար Վաղարշակ Հարությունյանը կնշանակվի Անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ նրան փոախարինելու թեկնածուներից է Սամվել Բաբայանը: Անձերից փոքր-ինչ վերանալով, քննենք ավելի կարեւոր խնդիրներ

 

Ինչ են անում հայկական պաշտոնատար անձինք

 

ԱԽ քարտուղարի պաշտոնը «Պարտության գլխավոր խորհրդական» Վաղարշակ Վառնազովիչի համար վատ տեղ չէ: Ավելի ճիշտ՝ իսկական իր տեղն է, քանի որ դա ոչնչի փաստացի չպարտավորեցնող դեկորատիվ պաշտոն է՝ երկրի նախագահին թերեւս հավասար: Երկու դեպքում էլ նշենք՝ հակառակ Սահմանադրությամբ սահմանված որոշակի լիազորություններին: Պարտության ռահվիրան պաշտպանության նախարարի դերում էլ ոչինչ չի որոշում՝ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում Բաքվի ներխուժումներին որեւէ պատասխան չտրվեց, փոխարենն այնտեղ «ժողովրդական քվեով» հաստատվում են ռուսական զորքեր: Գեներալի միակ տեսանելի գործը բանակի ենթարկումն է Ռուսաստանին եւ ռուսական զենքի ջախջախված ջարդոնը Սիրիայում խոտանված հնոտիներով փոխարինելը ՀՀ տրվող վարկերի հաշվին: Վառնազովիչի գործը կոչվում է  «բանակի համատեղ արդիականացում»:

 

Ի տարբերություն նրա, Սամվել Բաբայանը «ժողովրդի ծոցից ելած» գեներալ է, որի պաշտոնավարման օրոք բանակը շահեց պատերազմը: Մի կողմ թողնելով նրա հակասական կերպարը եւ գործունեությունը, որը «նշանավորվում» է նաեւ քրեական գործերով, նման նշանակումը կենթադրեր, որ բանակը պետք է դուրս բերվի քառորդդարյա նվաստացման վիճակից եւ անցնի իր ուղիղ պարտականությունների կատարմանը:

Սակայն սա բանակի խնդիրների մի մասն է միայն, որը հնարավոր չէ լիարժեք իրականացնել մի շարք հանգամանքներ նկատի առնելով: Հայաստանի «սահմանային խնդիրները» զուտ տեղային եւ նույնիսկ երկկողմ կամ եռակողմ միջպետական խնդիրներ չեն, ինչի վկայությունը Արեւմուտքի եւ Իրանի բուռն արձագանքն էր Մոսկվայի կողմից հովանավորվող Բաքվի ներխուժումներին: Ավելին, Մոսկվայի ու Անկարայի համար այստեղ սահմաններ գոյություն չունեն, ինչի վկայությունը Հայաստանի տարածքում ռուսական ռազմական ներկայության ճակատային գծի ձեւավորումն է Խոզնավար-Սոթք հատվածով: Դա ռուս-թուրքական «նոր սահմանի» ռուսական մեկ բնագիծն է, որին Անկարան պատասխանեց այսպես կոչված «ադրբեջանի» տարածքում ռազմաբազա հիմնելու հայտարարությամբ:

 

Ինչ է անելու Հայաստանի ժոլովուրդը

Լրագիրն արդեն ներկայացրել է Շուշի Էրդողանի այցի՝ իր իսկ համար ճակատագրական հետեւանքների խնդիրը: «Ադրբեջանի» տարածքում ռազմաբազայի եւ 1921 թ. Կարսի պայմանագրի հիշատակումները վկայում են սահմանների վերաբերյալ թուրքերի ուրույն պատկերացումների մասին: Չնայած «հաղթական» թուրքական հիստերիային, որ հիվանդագնությամբ համեմատելի է միայն Հայաստանում ռուսանպաստների «Ռեքվիեմների» հետ, Բաքվում խորանում են կասկածները այդ «հաղթանակի» տեւականության ու ընդհանրապես «ադրբեջան» պետության ապագայի վերաբերյալ: Ինքը՝ Շուշիի հռչակագիրը այդ վախի վառ դրսեւորումն էր:

 

Հայաստանը պետք է պատրաստ լինի դիմադրել շրջանը առաջիկայում թուրքական «անվտանգության գոտու» եւ ռուսական պաշտպանական «երկրորդ էշելոնի» վերաձեւելուն

 

Էրդողանի վերջին հայտարարությունը, սակայն, այդ կասկածներն ավելի է խորացնելու: Թուրքիայի նախագահը ասել է, թե Շուշիի հռչակագիրը, որի դրույթները կիրառվելու են նաեւ երկրագնդի այլ տարածաշրջաններում, կոչված է ձեւավորել անվտանգության գոտի, որը Թուրքիային «թույլ կտա հանգիստ ապրել ու զարգանալ»: Հիշեցնենք, որ ըստ Էրդողանի, անհանգստության հիմնական աղբյուրը 1915-ին գործած ցեղասպանությունն է ու Արեւմտյան Հայաստանի եւ ՀՀ հանդեպ գոյություն ունեցող արեւմտյան պատկերացումները: 1921-ի Կարսը Շուշիում հիշատակելու պատճառը սա էր:

Ռուսաստանի «սահմանը» դեպի ՀՀ հարավ-արեւելք տեղաշարժելը ու Թուրքիայի քաղաքական ընդլայնման ընթացքը՝ ռազմաբազայի ու անվտանգության գոտու վերաբերյալ հայտարարությունների ֆոնին, վկայում են շրջանի վերաձեւման ընթացքի մասին: Մոսկվան ու Բաքուն փորձում են Հայաստանին հարկադրել «դեմարկացիոն ու խաղաղության» պայմանագրեր, հույս պահելով, որ այդպիսով (ա) կճանաչվի «ադրբեջան» պետությունը, ինչպես նաեւ ռուս-թուրքական «նոր սահմանը» (բ) ամրության պաշար ձեռք կբերի: Հայաստանը այս սխեմայով վերածվում է հսկայակ ականապատ դաշտի՝ մեծ տերությունների միջեւ հաշիվները մաքրելու ասպարեզի:

Հայաստանը պետք է պատրաստ լինի դիմադրել շրջանը առաջիկայում թուրքական «անվտանգության գոտու» եւ ռուսական պաշտպանական «երկրորդ էշելոնի» վերաձեւելուն: Ինչպես խոստովանել էր ռուսաստանցի գաղափարախոս եւ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը, «Մենք չէինք կարող թույլ տալ հայերի հաղթանակը Արցախում, այլապես կկորցնեինք Կովկասը, այնուհետեւ ողջ Ռուսաստանը»: Այլ կերպ ասած, ռուս-թուրքական սահմանը սկզբի համար անցնելու էր Դաղստանի հարավով: Անշուշտ, Անկարա-Երեւան-Վաշինգտոն «ցյուրիխանման» համաձայնության շրջանակներում: ԱՀ մեծ մասը մնալու էր հայկական: Ահա հավանական երկու իրավիճակների բեւեռային պատկերը:

 

Հետեւությունները վաղուց պիտի արած լիներ ՀՀ ԱԽ-ն իր «ստրատեգիական տեսլականի» մեջ, անշուշտ ոչ գրիգորյան-հարությունյանների ղեկավարությամբ: Նիկոլ Փաշինյանը բացառությու՞ն է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.