Էրդողանին եւ Պուտինին «սանձելու» հայկական օրակարգը

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, ԵՄ Վեհաժողովի ամենաթեժ թեմաներն են Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունները: Պուտինին ու Էրդողանին անվանում են «խուլիգաններ» ՝ նշելով, որ նրանք չեն ցանկանում խաղալ կանոններով:

 

ԵՄ երկրների ղեկավարները հրաժարվել են վերսկսել Ռուսաստան-ԵՄ վեհաժողովները, որոնք ընդհատվել էին 2014-ին, Ղրիմի բռնակցումից հետո: Երկխոսությունը վերսկսելու առաջարկ են արել Մերկելն ու Մակրոնը՝ նշելով, որ այս կերպ բանակցելն ավելի հեշտ կլինի: Բայց Եվրոպայում անհրաժեշտ չեն համարում հանդիպել Պուտինի հետ:

 

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Եվրամիությունը որոշել է երկարաձգել նրա հետ միգրացիոն համաձայնագիրը ՝ տալով ևս 3,5 միլիարդ եվրո այն բանի համար, որ Թուրքիան չթողնի սիրիացի փախստականներին մտնել Եվրոպա: Միևնույն ժամանակ, Թուրքիայի հետ մնում են չլուծված խնդիրներ ՝ Էգեյան ծովում, Կիպրոսում, Լիբիայում:

 

Միևնույն ժամանակ, Արևմուտքում ստեղծվում է Turkish Democracy Project, որը «ստեղծվել է ի պատասխան Թուրքիայի՝ ժողովրդավարությունից ավտորիտարիզմի շրջադարձին»:

ՆԱՏՕ-ի երբեմնի հուսալի դաշնակիցը երես է թեքում ժողովրդավարությունից ավտորիտար առաջնորդի օրոք, Թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, ով միացել է Turkish Democracy Project-ի խորհրդատվական խորհրդին: Խորհրդատվական խորհրդի անդամների թվում են Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը և Իտալիայի նախկին արտգործնախարար Ջուլիո դի Սանտ’Ագատան:

Ժամանակին Բոլթոնը քննադատում էր Դոնալդ Թրամփի սերտ հարաբերությունները Էրդողանի հետ: 2018-ի հոկտեմբերին Բոլթոնը տարածաշրջանային շրջագայության շրջանակներում ժամանել էր Երևան և առաջին անգամ հրապարակավ առաջարկել Հայաստանին ռազմատեխնիկական համագործակցություն Միացյալ Նահանգների հետ: Բայց Հայաստանի ղեկավարությունը անտեսեց առաջարկները:

Շուտով Բոլթոնն ազատվեց աշխատանքից, և Թրամփի կապերը Պուտինի և Էրդողանի հետ ավելի ու ավելի սերտացան: Արդյունքում, 2020-ի աշնանը Պուտինն ու Էրդողանը զգացին, որ հասունացել է Հայաստանի դեմ ագրեսիայի ժամանակը:

 

Հիմա ԱՄՆ նոր  նախագահը, Բոլթոնը և Եվրոպան փորձում են զսպել Էրդողանին և մեկուսացնել Պուտինին, բայց Հայաստանին դեռևս չի հաջողվում դուրս գալ ռուս-թուրքական կաղապարից և աշխարհին առաջարկել Էրդողանին և Պուտինին «սանձելու» իր սեփական օրակարգը:

Դա թույլ է տալիս Էրդողանին հայտարարել, որ «այժմ Հայաստանը պետք է կենտրոնանա խաղաղության և համագործակցության վրա, և որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ հռչակագրերը պետք է ամբողջությամբ կյանքի կոչվեն»:

Վլադիմիր Պուտինը նույն կոչով է դիմել՝ շնորհավորելով Նիկոլ Փաշինյանի կուսակցության վերընտրման կապակցությամբ: Մինչդեռ, իր շնորհավորական ուղերձում Էմանուել Մակրոնը  հիշեցրել է «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի մասին»: «Ես կցանկանայի վերահաստատել Ֆրանսիայի ՝ որպես Մինսկի խմբի համանախագահի, նվիրվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման որոնմանը: Մենք հավատում ենք, որ հավատարիմ ենք քաղաքական կարգավորման գործընթացի վերսկսմանը, ինչը միակ միջոցն է, որը կարող է ամուր կայունություն երաշխավորել հարավային Կովկասում», – ասված է Մակրոնի ուղերձում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am