Այդ ե՞րբ են Արցախում երազել անջատման մասին․ Արցախում ամեն ինչ ճիշտ են հասկացել

Ստեփանակերտում հանրահավաքներ տեղի ունեցան նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։ Երեկ Հարությունյանը «պատասխան» հանրահավաք է հրավիրել, խոստովանել սխալները, ասել է, որ կառչած չէ իշխանությունից, պատրաստ է հրաժարական տալու եւ հեռանալու քաղաքականությունից, բայց հիմա «փախուստը» կարող է վնաս հասցնել երկրին։

Շատերի մոտ դավադրապաշտական ենթադրություններ է առաջացրել պատերազմի ավարտից 7 ամիս անց Ստեփանակերտում հանրահավաքների անցկացումը։ Չնայած ամեն ինչ ավելի քան պարզ է՝ մարդիկ սպասում էին, որ Հայաստանում ընտրությունների արդյունքում կձեւավորվի խորհրդարան, որը չի շարունակի Փաշինյանի քաղաքականությունը։ Մասնավորապես, խոսքը պատերազմի հանգամանքների ու Արցախի կարգավիճակի հարցը խորհրդարանում քննարկելուց հրաժարվելու մասին է։ Փաշինյանի ստացած մանդատը, անկասկած, հիասթափություն է առաջացրել Արցախում եւ ընկալվել է որպես Արցախի «անջատման վերաբերյալ հանրաքվե»։

Հիասթափության հիմքերն առավել քան խորն են։ Փաշինյանը շատ հստակ խոսում է կարգավորման իր տեսլականի մասին՝ «անջատում հանուն փրկության»։ Այդ թեզն առաջ էր քաշել Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ Միացումի շրջանում, եւ դա ընկալվում էր որպես Արցախից գլուխն ազատելու եւ վերամիավորումից խուսափելու ցանկություն։

 

Ներկայում, երբ անգամ Ադրբեջանն է անուղղակի ճանաչում Հայաստանի իրավազորությունն Արցախում (հակառակ դեպքում Ալիեւը չէր պահանջի, որ Հայաստանն Արցախը ճանաչի որպես Ադրբեջանի մաս), նախատեսվում է անջատում Հայաստանից։

Արցախում փաստարկված դատողություններ են անում՝ արդյոք Հայաստանը վերամիավորում է ուզում, թե Արցախի վերջնական անջատում Հայաստանից։

Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին hայտարարությունները վտանգավոր են և կարող են հղի լինել պատերազմով, ընտրություններից առաջ ասել էր Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը Արցախի կարգավիճակի որոշման շուրջ բանակցությունների վերսկսման վերաբերյալ: Նրա կարծիքով, բանակցությունների հիմքում պետք է լինի «անջատում հանուն փրկության» սկզբունքը:

Ռոբերտ Քոչարյանը գրեթե նույն կարծիքին է: Պետք է դռները բաց պահել բանակցային գործընթացի համար: Շեշտը պետք է դրվի Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, ասել է նա: Ռոբերտ Քոչարյանի խոսքով ՝ նպատակը նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը վերականգնելն է և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա բանակցություններ վարելը: «Հիմա իրավիճակն անբարենպաստ է նման բանակցությունների համար: 2-3 տարի կպահանջվի ամբողջովին ոտքի կանգնելու համար: Խաղաղապահների մանդատը նախատեսված է առնվազն ևս 4,5 տարի: Հետո ադրբեջանցիները հնարավորություն կունենան պահանջելու նրանց դուրս բերումը», նշել էր Ռոբերտ Քոչարյանը:

Ընտրություններից հետո, Ստեփանակերտում առաջին հանրահավաքի օրը, Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը սատարում են Արցախին ու նրա ժողովրդին: Հայաստանն ամբողջովին հավատարիմ է իր արցախցի եղբայրներին, քույրերին, նրանց նվիրական երազանքներին, հանուն փրկության անջատման բանաձևի շրջանակներում Արցախի հիմնախնդրի արդարացի կարգավորմանը, ասել է նա:

Հետաքրքիր է, այդ ե՞րբ էին արցախցիները երազում «փրկության համար անջատման» մասին:

Փաշինյանը հավելել է, որ Հայաստանի կառավարությունը, սփյուռքը, Արցախի կառավարության հետ միասին, նախաձեռնել են 100 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր ՝ Արցախում բնակարանային և ենթակառուցվածքների կառուցման համար: Նա նշել է, որ սա ավելին է, քան 1990-ից ի վեր Արցախում կատարված բոլոր ներդրումները միասին վերցրած:

Նման ելույթներից հետո ամրապնդվել է Արցախի ժողովրդի համոզվածությունը, որ առավելագույնը, որի վրա կարող են հույս դնել ՝ փողն է «ասֆալտին» և «անջատումը հանուն փրկության»: Իսկ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջները կապված են հենց սրա հետ, այլ ոչ թե դավադրության տեսությունների, իբր Արցախի ժողովուրդը ցանկանում է հանրաքվե անցկացնել Ռուսաստանին միանալու համար կամ այլ անհեթեթություններ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am