ԱՄՆ-ն նախազգուշացնում է. Ինչ էր «նախատեսված» քվեարկությունից հետո

Խորհրդարան անցած Հայաստան և Պատիվ ունեմ դաշինքները հայտարարել են, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները: Հայաստան դաշինքը մտադիր է արդյունքները բողոքարկել Բարձր դատարանում։

«Մենք բավարար հիմքեր ունենք պնդելու, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն ներկայացնում ուժերի իրական հավասարակշռությունը», – ասված է «Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակները խոսում են վարչական ռեսուրսների օգտագործման, ընտրողներին վախեցնելու, էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների, երրորդ անձանց հավաքների, բանակի կողմից ուղղորդված քվեարկության, ձայների հաշվարկի գործընթացին էլեկտրոնային միջամտության, որոշ համայնքներում քողարկված կաշառքների մասին:

Ընտրությանը մասնակցած բազմաթիվ կուսակցություններ նույնպես հայտարարել են, որ ընտրությունների արդյունքներն անընդունելի են:

Ընտրություններից հետո բախումներ տեղի չունեցան, որոնց մասին նախազգուշացնում էին փորձագետները, հատկապես ռուսաստանցի: Ընտրություններից առաջ իրականացվել էր «տեղեկատվական հրետանային նախապատրաստություն», երեւում է «սցենարի համաձայն» նախատեսված էին բախումներ։

Մոսկվան, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի մակարդակով, նախ ազդարարեց, իշխող կուսակցության «համոզիչ հաղթանակը», ապա Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ակնարկեց, որ ամեն ինչ դեռ պարզ չէ: Պատասխանելով հարցին, թե ինչպես կանդրադառնան ընտրությունների արդյունքները Ղարաբաղի խնդրի վրա, Լավրովը հորդորել է սպասել կառավարության ձևավորմանը: Արդյոք ռուս նախարարը նկատի ուներ, որ Հայաստանում հետընտրական որոշակի գործընթացներ են սպասվում:

Միացյալ Նահանգները հայտարարել է ընտրությունների արդյունքների ճանաչման մասին: «Մենք ողջունում ենք դիտորդական առաքելության կողմից ընտրությունների ընդհանուր դրական գնահատականը », ասել է ԱՄՆ պետքարտուղարի խոսնակը: «Կոչ ենք անում կողմերին հարգել ընտրությունների արդյունքները վավերացվելուց հետո, և գործի դնել ընտրությունների բողոքարկման օրինական գործընթացները` խուսափելով քաղաքական հաշվեհարդարից, քանզի Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ինքնիշխան, ժողովրդավար, խաղաղ և բարեկեցիկ ապագա», ասված է հայտարարության մեջ:

Այլ կերպ ասած, ԱՄՆ-ը փորձում է պաշտպանել Հայաստանը «քաղաքական վրեժխնդրության» որոշակի գործընթացներից: Արդյոք ԱՄՆ-ն տեղեկություններ ունի, որ նման գործընթացները կարող են ուղորդվել դրսից:

Հայ ժողովրդի իմաստնությունը թույլ չտվեց, որ երկիրը քաոսի մեջ ընկնի 2020 թվականի պատերազմից հետո, և թույլ չի տա, որ դա արվի ընտրություններից հետո: Քաղաքական ուժերը եւ հատկապես իշխող ուժը պետք է գնահատեն ժողովրդի իմաստնությունը և չհամարեն դա ամենաթողության մանդատ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.