Վերջին օրերին Երևանի Աջափնյակ վարչական շրջանից ահազանգեր են ստացվում ապօրինի կրպակների ու շինությունների թվի աճի վերաբերյալ։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն, ավագանու նիստում անդրադառնալով այս հարցին, հայտարարեց, որ բանդա է գործում։
«Այնտեղ գործում են հանցավոր խմբեր։ Նամակներ են ուղարկվել և Գլխավոր դատախազին, և ԱԱԾ տնօրենին, և ոստիկանապետին, որտեղ կետ առ կետ նկարագրված են սխեմաները, թե ինչ սխեմաներով են գործում։ Այդ սխեմաների մեջ ներգրավված են բազմաթիվ մարդիկ՝ տարբեր պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։ Կներեք այս բառիս համար՝ մի մեծ բանդա է գործում, և մենք մեր լիազորությունների սահմաններում իսկապես ամեն ինչ անում ենք։ Ուզո՞ւմ եք մի աբսուրդ պատմեմ՝ մերոնք գնում են կրպակը քանդելու, էդ կրպակի տերը զանգում է ոստիկանություն, և ոստիկանությունը գալիս է ու սկսում է պաշտպանել այդ մարդկանց։ Մեր աշխատակիցներից 7-8 հոգի և 3 ոստիկան ներկա են եղել այդպիսի մի կրպակի տեղադրմանը: Կրպակի տեղադրմանը մասնակից են եղել 40-50 հոգի մարդ։ Մեր աշխատակիցներն ու ոստիկանները փորձել են կանխել, իրենք զինված են եղել տարբեր տիպի մահակներով, դանակներով, և ուղղակի չեն կարողացել կանգնեցնել դա: Դա եղել է 7-8 օր առաջ, ոստիկանության ներկայությամբ»,- ասաց Հայկ Մարությանը։
Նա նաև հավելեց, որ շուտով քաղաքային իշխանությունները վճռորոշ գործողություններ են իրականացնելու։ Հայկ Մարությանն ավագանու նիստում այսօր նաև նշեց, որ հենց ընտրությունների օրը 5 կրպակ է տեղադրվել Աջափնյակում, որոնցից 2-ը՝ ոստիկանների ներկայությամբ։
Բնակիչները Lragir.am-ի հեր զրույցում ասում են, որ ապօրինի կրպակների տեղադրումը Աջափնյակում նոր թափ է ստացել հունիսի 20-ի ընտրություններին նախորդող օրերին՝ հիմնականում գիշերվա ժամերին։ Բնակիչներից մեկն ահազանգել է, որ ընտրություններին նախորդող 3-4 գիշերվա ընթացքում Մարգարյան և Հալաբյան փողոցների վրա կանաչ տարածքների ու մայթերի հաշվին կառուցվել են 7-8 շինություններ։ Մեկ այլ բնակիչ մեզ հետ զրույցում ասաց, որ դարձյալ գիշերով Բաշինջաղյան փողոցում են կառուցվել ապօրինի շինություններ։
«Ինձ համար տարօրինակ էր, երեկ երեխաներիս մանկապարտեզ էի տանում, մայթի վրա մի շենք տեսա՝ հետևի հատվածը քարե, դիմացն էլ մետաղ ու ապակի։ Տարածքի բնակիչներից հարցրեցի, թե երբ են դա կառուցել, ասացին՝ գիշերը 12 հոգի եկան արագ շարեցին, գնացին։ Մինչ այդ, տեղեկություն կար, որ այդ շինությունն ուզում էին սարքել, բայց չէին կարողանում, հիմքերը փորել ու կանգնել էին, ասում էին՝ թույլ չեն տալիս։ Եվ ընտրությունից մի օր առաջ գիշերով դա կառուցվեց»,- պատմեց բնակիչը։
Նրա խոսքով՝ Բաշինջաղյան փողոցում մեկ այլ մեծ շինություն էլ է կառուցվել՝ դարձյալ գիշերով՝ ընտրություններից երկու օր առաջ։ Բնակիչները ստեղծված իրավիճակի համար Երևանի իշխանություններին են մեղադրում։ Նրանք հարցադրում են անում, թե ինչո՞ւ քաղաքային իշխանությունները այս ամենաթողության դեմ կոշտ միջոցներ չեն ձեռնարկում։
«Մենք չենք հասկանում՝ սա ի՞նչ միտում է, ի՞նչ համընկնում է, որ հենց ընտրությունների փուլում սկսեցին մայթերի վրա այդ կառույցները տեղադրել։ Թող պետական պաշտոնյաներն ու իրավապահներն այս ամենի դեմն առնեն, եթե չեն կարողանում, թող պաշտոնանկություններ անեն»,- նշում են նրանք։
Բնակիչներն այս հարցով զանգում են «թեժ գծի» հեռախոսահամարով, նրանց պարզաբանում են, որ եթե շինությունը քարե է, իրավունք չունեն քանդել, դատական կարգով է հարցը լուծվում։
«Երկու շինություն քանդել են, տերերը դատի են տվել։ Աջափնյակում հետևյալ մեխանիզմն է գործում՝ երկու-երեք շարք քար են դնում, վրան մետաղե կոնստրուկցիաներ ու ապակի են հավաքում, և ստացվում է, որ չեն կարող քանդել»,- ասաց բնակիչը։
Նշենք, որ Հայկ Մարությանը ևս ասել է, որ այս խնդրի լուծման համար օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա։