Շուշիից ռուսներին՝ Կարսի պայմանագրի հարցում առանցքային դեր ունեք, պետք է մեզ հետ լինեք

Ալիեւն ու Էրդողանը Շուշիում մի փաստաթուղթ են ստորագրել, որն,՝ ըստ Ալիեւի, «հենվում է Կարսի պատմական պայմանագրի վրա»։

Շուշիում Էրդողանը հոգնած տեսք ուներ։ Բայդենի հետ հանդիպումից հետո, որի հետ «փառք Աստծո, չեն խոսել Հայերի ցեղասպանության ճանաչումից», ՆԱՏՕ-ի, Ամերիկայի եւ Արեւմուտքի դեմ չգնալու հավաստիումներից, Հունաստանի հետ հաշտողական քայլերից հետո Էրդողանը մեկնել է Շուշի։ Նա հասկանում է, որ Թուրքական հանրապետության 100-ամյակը կարող է նրա վերջը դառնալ, եթե սկսվի պայմանագրային բազայի վերանայում։ Եվ Կարսի պայմանագրի մասին հիշատակումը պատահական չէ։ 

Կարսի պայմանագիրը 1921 թվականին Թուրքիայի կողմից ստորագրել է քեմալիստների ոչ լեգիտիմ իշխանությունը, թեեւ այն ժամանակ Թուրքիայի միջազգայնորեն ճանաչված ղեկավարն էր սուլթանը։ Թուրքիայի հանրապետությունը միայն 1923 թվականին է հռչակվել, եւ Կարսի պայմանագիրը մինչ այսօր կասկածի տակ չի դրվում միայն այն պատճառով, որ դա չեն պահանջում կողմերը՝ Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան եւ Ռուսաստանը։

Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը չկան ՄԱԿ-ի միջազգային փաստաթղթերի ռեգիստրում։ Եվ հոգնած Էրդողանը Կրեմլին հիշեցնում է այդ պայմանագիրը, որի «օրինականությունը» լիովին կախված է Հայաստանից։ Մնացած բոլորը գոհ են պայմանագրից։

«Շուշիի հռչակագիրը ստորագելուց հետո, որը Ալիեւը համեմատել է Կարսի պատմական պայմանագրի հետ՝ իսկ այդ փաստաթղթում Ռուսաստանը առանցքային դեր ուներ, Էրդողանը ընգծել է ՌԴ նախագահ Պուտինի պատմական դերը՝ տարածաշրջանում աղետի եւ ռազմական գործողությունների կանխարգելման գործում, – գրում են Բաքվի թերթերը։ – Էրդողանը խոսել է ոչ միայն Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան աշխարհաքաղաքական եռանկյան մասին, այլեւ պատմել «7 պետության հարթակ» ստեղծելու իր երազանքի մասին»։

Բաքվում խոսում են, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չի հայտարարել Ադրբեջանում ռազմաբազաներ ստեղծելու մասին, որ չնեղացնի Ռուսաստանին։ «Ադրբեջանի եւ Թուրքիայի դաշինքն ուղղված չէ Ռուսաստանի դեմ», ասում են նրանք։

Բաքվի արձագանքները Ռուսաստանից պատասխան-հավաստիացում են սպասում․ դուք մեզ հե՞տ եք։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.