Թուրքիան Վրաստանին հիշեցրեց Կարսի պայմանագիրը

Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը Նամախվանի ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ «Կվիրիս պալիտրա» («Շաբաթվա ներկապնակ») թերթին տված բացառիկ հարցազրույցում հույս է հայտնել, որ Վրաստանում թուրքական ներդրումները կլինեն նույնքան պաշտպանված, որքան Թբիլիսին կցանկանար պաշտպանել իր ներդրողներին Թուրքիայի տարածքում:

Հիշեցնենք, որ Ռիոնի կիրճում հիդրոէլեկտրակայանի շինարարությունն իրականացնում է թուրքական ENKA ընկերությունը: 2020-ի աշնանից մոտակա բնակավայրերի բնակիչները և բնապահպանները բողոքում են շինարարության դեմ: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Անկարայից վերադառնալուն պես չի բացառել թուրքական ընկերության հետ պայմանագրի վերանայումը: Հունիսի 12-ին Նամախվանի հիդրոէլեկտրակայանի կառուցման դեմ պայքարողները և Վրաստանի իշխանությունները համաձայնության են եկել միջնորդության մեկնարկի պայմանների շուրջ: Բանակցություններում ENKA- ի ներկայացուցիչներ չկային:

Դժվար թե Անկարան այդքան հուսահատ պայքար մղեր մեկ հիդրոէլեկտրակայանի համար, եթե այս պատմությունը մեծ գործընթացի մաս չլիներ: Պատահական չէ, որ դեսպանը հիշեցնում է 1921 թ. Կարսի պայմանագիրը:

«Աջարիան անընդհատ շահարկվում է Կարսի պայմանագրի համատեքստում: Շահարկողները թիրախավորել են հիդրոէլեկտրակայանը կառուցող թուրքական ընկերությանը և արդեն սկսել են գործընթացներ», հայտարարել է Թուրքիայի դեսպանը:

Հիշեցնենք, որ Կարսի պայմանագրով Վրաստանը ստացել է Բաթումիի տարածաշրջանը Արարատ լեռան դիմաց, որը Հայաստանից անցավ Թուրքիայի վերահսկողության տակ։ Այժմ Աջարիան գտնվում է Թուրքիայի հզոր տնտեսական էքսպանսիայի տակ: 2000 թվականին Վրաստանի խորհրդարանը քննարկել էր Կարսի պայմանագրի չեղարկման նպատակահարմարությունը, բայց համարել, որ այն չի սպառնում երկրի ինքնիշխանությանը:

Հարցին, թե ով կամ որ երկիրը կարող է կանգնած լինել դրա ետևում, Յազգանը պատասխանել է, որ «մենք պետք է աշխատենք դրա վրա և պարզենք»:

«Ենթադրաբար, այս ուժի պոչերը գոյություն ունեն ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում: Երբ Թուրքիան սկսում է խոսել Վրաստանի ՝ ՆԱՏՕ-ին, ԵՄ-ին անդամակցելու մասին, այդ ճնշումը միանգամից մեծանում է: Ռուսաստանին նշելու համար ձեռքի տակ ոչինչ չունեմ: Վրաց-թուրքական համագործակցության թշնամիները կարող են լինել ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Եվրոպայում և այլ երկրներում, որոնք չեն ցանկանում լավ հարաբերություններ մեր երկրների միջև», ասում է Ֆաթմա Ջերեն Յազգանը:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին, երբ մեկնարկեց հէկ-ի շինարարությունը դադարեցնելու բանակցությունը, ԱՄՆ-ի և Վրաստանի միջնորդությամբ ազատ արձակվեցին 15 հայ ռազմագերիներ: Վրաստանը մերժել է ռուս-թուրքական 3 + 3 պլատֆորմին միանալը:

Տես նաեւ այստեղ

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am