ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հնարավորություն է ԱՄՆ Վարչակազմի համար պատասխանատվության ենթարկել Թուրքիային իր գործողությունների համար․ ԱՀՀ

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունեց Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարության մի երկկուսակցական նամակ, որն առաջնորդեց կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և որն ուղիղ հասցեագրված է նախագահ Բայդենին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առաջիկա հանդիպման հետ կապված, որը տեղի կունենա երկուշաբթի օրը, 2021թ.-ի հունիսի 14-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:

Նամակը նախագահ Բայդենին կոչ արեց օգտագործել դեմ առ դեմ հանդիպումը՝ անդրադառնալու Էրդողանի ռեժիմի «Արցախի (Լեռնային Ղարաբաղ) և Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիաներին անմիջական ռազմական և տնտեսական աջակցությանը»:

Նամակը շարունակվում է. «Էրդողանին և իր դաշնակցին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, պետք է հստակ հայտարարություն հղվի առ այն, որ Միացյալ Նահանգները անհապաղ պատրաստ է կասեցնել անվտանգության օգնությունը և նպատակային տնտեսական պատժամիջոցներ կիրառել, մինչ ադրբեջանական ուժերը դուրս չեն բերվել Հայաստանի տարածքից և բոլոր մնացած հայ ռազմագերիներն ու գերեվարված քաղաքացիական անձինք չեն ազատվել Ադրբեջանի կալանքից»:

Անցյալ աշնանն Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և՛ Էրդողանը, և՛ Ալիևը խախտեցին ու շարունակում են խախտել միջազգային իրավունքը՝ օգտվելով «Թուրքիայի աջակցությունը վայելող օտարերկրյա վարձկանների ծառայություններից, որոնցից շատերն, ըստ պնդումների, կապեր ունեն միջազգայնորեն ճանաչված ահաբեկչական խմբավորումների հետ, Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքերից, որոնց մեջ օգտագործվում են ամերիկյան բաղադրիչներ ու տեխնոլոգիաներ ու ծանր սպառազինություններից, այդ թվում՝ կլաստերային և սպիտակ ֆոսֆորով զինատեսակների պոտենցիալ անօրինական կիրառումից»:

Պատասխանատվություն կրելու բացակայությունը միայն «խրախուսեց Էրդողանին և Ալիևին», մինչ Ադրբեջանը շարունակում է պահել մոտավորապես 200 հայ կալանավորվածների ու ռազմագերիների, որոնք օգտագործվում են որպես «սակարկության խաղանիշներ տարածքային բանակցությունների համար` մարդու իրավունքների միջազգային օրենքի խախտմամբ»:

Տարածաշրջանն էլ ավելի ապակայունացնելուն ուղղված ջանքերում ադրբեջանական ուժերը «ապօրինի կերպով հատել են միջազգային սահմանները, ներառյալ վերջին մեկ ամսվա ընթացքում՝ սպառնալով Հայաստանի տարածքային ինքնիշխանությանը, ինչպես նաև այդ շրջաններում խաղաղ բնակիչների կյանքերին և ապրուստի միջոցներին»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև և արդար լուծմանն ուղղված բանակցություններին մասնակցելու փոխարեն, Ալիևի քայլերը՝ «Էրդողանի լիակատար աջակցությամբ, հաշվարկված են փորձարկելու միջազգային պատրաստակամությունն օգտագործել մեր տնտեսական և դիվանագիտական ազդեցությունը տարածաշրջանային ագրեսորներին զսպելու համար»:

Նախագահ Բայդենի առաջիկա հանդիպումը, այնուամենայնիվ, կարող է հնարավորություն ընձեռել «ցույց տալու Միացյալ Նահանգների հանձնառությունը ամբողջ աշխարհում ժողովրդավարություններ խթանելու հարցում և մեր պատրաստակամությունը պաշտպանել մարդու իրավունքները՝ հատկապես Հայաստանում և Արցախում»:

Սա նաև հնարավորություն է նախագահ Բայդենի համար՝ վերահաստատել անցյալ տարվա իր «պահանջը», որ Թուրքիան հեռու մնա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից և աշխատի «կանխել երրորդ կողմերի, այդ թվում` Թուրքիայի պես ազգ-պետությունների միջամտությունը»:

Նամակը եզրափակվում է. «Առանց ուժեղ ամերիկյան ղեկավարության, Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն ոտնահարել մարդու իրավունքները և խարխլել ժողովրդավարությունը` ապակայունացնելով տարածաշրջանը: Միացյալ Նահանգները պետք է հստակ հասկացնի, որ այս թշնամական գործողությունների համար կան հետևանքներ»:

«Վարչակազմի հանդիպումը նախագահ Էրդողանի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում թույլ է տալիս ԱՄՆ-ին ավելի շատ ճնշում գործադրել այդ ռեժիմի՝ Հարավային Կովկասում ու Մերձավոր Արևելքում ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականության վրա»,– ասաց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Մենք ողջունում ենք կոնգրեսական Փալոնին և Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությանը՝ ճիշտ ժամանակին գրված այս նամակի համար»:

Նամակում Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնին (Դեմոկրատ, Նյու Ջերսի) միանում են գործընկեր-հանձնախմբի առաջնորդներ՝ Գաս Բիլիրաքիսը (Հանրապետական, Ֆլորիդա), Ջեկի Սփիրը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դեյվիդ Վալադեոն (Հանրապետական, Կալիֆոռնիա) և Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա):

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.