ԱՄՆ-ն կառաջարկի՞ Կոսովոյի տարբերակն Արցախի համար. Նախադեպը ստեղծվեց

Բայդեն-Պուտին հանդիպումից առաջ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն միանշանակ կողմ են ՆԱՏՕ-ին Վրաստանի և Ուկրաինայի անդամակցելուն։

Ամերիկայի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրատլանտյան ձգտումներին անդրդվելի է, ասել է ԱՄՆ Պաշտպանության նախարարի օգնական Լորա Կուպերը: Ռուսաստանը գրավել է Ղրիմը և սնուցում է հակամարտությունը Դոնբասում ՝ փորձելով ուժով փոխել սահմանները: «Մենք չպետք է դա ընդունենք որպես կատարված իրողություն», ասել է Կուպերը:

Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիկերը, ով այժմ գտնվում է Վրաստանում տարածաշրջանային շրջագայության շրջանակներում, հայտարարել է, որ «ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի ինտեգրմանը եվրատլանտյան կառույցներին, ներառյալ ՆԱՏՕ-ին: Մենք հավատարիմ ենք 2008 թ. Բուխարեստի գագաթնաժողովի այն հայտարարությանը, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ:

Վրաստանի խորհրդարանը հայտարարություն է պատրաստել՝ ի աջակցություն ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրմանը: Հայտարարությունը արվել է Բրյուսելում հունիսի 14-ին նախատեսված ՆԱՏՕ-ի Վեհաժողովից առաջ: Հայտարարության համաձայն, ՆԱՏՕ-ի վեհաժողովը Վրաստանին հնարավորություն է տալիս առաջընթաց գրանցել ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղղությամբ:

«Անցած տարիների ընթացքում անվտանգության իրավիճակը ավելի լայն Սևծովյան տարածաշրջանում զգալիորեն վատթարացել է: Ռուսաստանի գործողությունները սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը և ժողովրդավարությանը : Ստեղծված իրավիճակում ՆԱՏՕ-ի մասնակցությունը սևծովյան տարածաշրջանում՝ որպես կարևոր կանխարգելիչ և կայունացնող գործոն, շատ ավելի կարևոր է դառնում, քան նախկինում», ասված է հայտարարության մեջ:

Ժնեւում Պուտին-Բայդեն հանդիպումից առաջ Ռուսաստանը կարող է երրորդ հարվածը ստանալ. Սերբիայի վարչապետ Վուչիչը կարող է ստորագրել Կոսովոյի և Մետոհիայի վերաբերյալ համաձայնագիրը: Ըստ ռուս փորձագետների, դրան կհաջորդի Սերբիայի մուտքը ՆԱՏՕ, ինչը կհանգեցնի Բալկաններից ռուսական դիվանագիտության հեռացմանը:

Ըստ Կոսովոյի վերաբերյալ Իշինգերի ծրագրի, Սերբիան կհամաձայնի Կոսովոյի անդամակցությանը ՄԱԿ-ին՝ առանց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու: 2007-ին Սերբիայի խորհրդարանը դեմ քվեարկեց Իշինգերի առաջարկին, այնուհետեւ Ռուսաստանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

Արցախի հիմնախնդիրը կքննարկվի Բրյուսելի, ապա Ժնեւի վեհաժողովների շրջանակներում: Դրանից առաջ արևմտյան առաջնորդները նախազգուշացրել են Ռուսաստանին ու Բաքվին, որ պետք է վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում Արցախի հիմնահարցի երկարաժամկետ կարգավորման շուրջ բանակցություններին: Ռուսաստանը և Թուրքիան շտապում են «օրինականացնել» պատերազմի արդյունքները: ԱՄՆ-ն կառաջարկի՞ Կոսովոյի տարբերակը  Արցախի համար: Սա կարող է ենթադրել Արցախի ճանաչում եւ անդամակցությունը ՄԱԿ-ին առանց Բաքվի կողմից ճանաչման: Հիշեցնենք, որ 2020-ի պատերազմի սկզբին Սպիտակ տունն ակնարկել էր Արցախի պարագային Կոսովոյի տարբերակի հնարավորությունը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.