ՀԱՊԿ-ը «թոզ է փչում Հայաստանի աչքերին»․ զորավարժությունները արձագանք են Փաշինյանի՝ Բրյուսել ու Փարիզ կատարած այցերին

Ընթացիկ տարում Հայաստանում կանցկացվեն «Որոտ-2021» հատուկ զորավարժությունները՝ ավիացիայի և զրահատեխնիկայի ներգրավմամբ: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: «Զորավարժությունների ընթացքում, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում, կմշակվեն երկու փուլով գործողություններ՝ զրահատեխնիկայի, հատուկ ավտոտրանսպորտի, ավիացիայի, անօդաչուների, ծառայողական-հետախուզական շների ներգրավմամբ»,- ասել է Զայնետդինովը լրագրողներին: Նա նշել է, որ հունիսի 1-3-ը Հայաստանում անցկացվել են շտաբային բանակցություններ այդ զորավարժությունների նախապատրաստման ուղղությամբ:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ սա ՀԱՊԿ-ի արձագանքն է Նիկոլ Փաշինյանի այցելությանը Փարիզ ու Բրյուսել․«ՀԱՊԿ-ից մենք ոչ մի բան չենք լսում՝ բացի անորոշ հայտարարություններից, աջակցություն չենք ստանում։ Նիկոլ Փաշինյանն այցելեց Փարիզ ու Բրյուսել՝ փնտրելու անվտանգության ոլորտում այլընտրանքներ։ Հիմա ՀԱՊԿ-ն այսպես է արձագանքում՝ մենք էլ կանք, մենք էլ կարող ենք զորավարժություններ անցկացնել։ Սա իմիտացիոն քայլ է՝ նվիրված նրան, որ մեր հասարակության աչքերում թոզ փչեն։ Ակնհայտ է, որ և՛ Ռուսաստանը և՛ ՀԱՊԿ-ը պրոադրբեջանական քաղաքականություն են վարում, պարզապես իրենք մտահոգ են, որ Հայաստանը սկսել է  այլ տեղերում  անվտանգություն փնտրել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ այս զորավարժությունները պետք չէ դիտարկել՝ ի պատասխան հայկական կողմի դիմումի․«Ես նայում եմ այն կոնտեքստում՝ իբր այդ կազմակերպությունը կա, տեսեք կարող ենք զորավարժություններ անցկացնել, բայց համագործակցությունը զորավարժություններով չպետք է լինի։ Իրենք պետք է մեզ գային ու աջակցեին, գոնե հայտարարությամբ  նշեցին, որ Ադրբեջանը պետք է զորքերը դուրս բերի մեր տարածքներից։ Սրանք իմիտացիոն քայլ են՝ ցույց տալու, որ իրենք այնուամենայնիվ կան»։

Գրիգորյանի խոսքերով՝ այս զորավարժությունները չեն ուժեղացնելու Հայաստանը, չեն պաշտպանելու մեր սահմանները։ Միգուցե դրանք լինեն ցուցադրական, որ  Ադրբեջանն իրեն ավելի զուսպ պահի։ Բայց ես չեմ կարծում, որ դա կզսպի Ադրբեջանին։ Սրանք ուղղակի քայլեր են՝ ցույց տալու, որ ՀԱՊԿ-ը կա։ Ադրբեջանին չեն վախեցնելու այդ զորավարժությունները, քանի որ Հայաստանի վրա հարձակումը ռուս-ադրբեջանական պայմանավորվածության արդյունք էր։ Ինչու՞ պետք է Ադրբեջանը վախենա։ Եթե Ռուսաստանը չաջակցեր Ադրբեջանին, որ Սյունիք ու Գեղարքունիք մտներ՝ այդ դեպքում դա կլիներ զսպիչ մեխանիզմ Ադրբեջանի համար։ Բայց քանի որ Ադրբեջանը գիտի, որ դա անում է Ռուսաստանի հետ միասին՝ դա զսպիչ մեխանիզմ լինել չի կարող»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am