«Կապ չունի՝ գոլդ է, թե ոչ, 36 հազար դրամ արժողությամբ համարանիշներից սկսած գողանում են»

Վերջին շրջանում նոր թափ են ստացել ավտոմեքենաների համարանիշների գողության դեպքերը։ Ահազանգ կա, որ Երևանի տարբեր վարչական շրջաններից հանցագործներն ավտոմեքենաների վրայից հանում են համարանիշները, հետո գրություն թողնում մեքենայի վրա։ Ըստ այդ գրությունների՝ վարորդը պետք է Տելեգրամով կամ Viber-ով կապ հաստատի նրանց հետ և որոշակի գումարի դիմաց հետ ստանա իր մեքենայի համարանիշները։

Ֆեյսբուք սոցիալական ցանցում վերջին շրջանում այս դեպքերը քննարկման առարկա են։ Մարդիկ հարցադրում են անում՝ մի՞թե ոստիկանությունը չի կարողանում բացահայտել, թե ովքեր են այս գողությունների հեղինակները։

Վարորդները առաջ են քաշում այն հարցը, որ պետք է պետությունն այնպիսի կարգավորում ստեղծի, որ համարանիշ գողանալն անիմաստ կլինի։ Հիմնական առաջարկությունն այն է, որ Ճանապարհային ոստիկանությունը պետք է գողացված համարանիշների փոխարեն անվճար տրամադրի նույն համարանիշները։

«Այս բիզնեսը կծաղկի այնքան ժամանակ, քանի դեռ գումարը վճարում եք և համարները հետ ստանում»,- գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը։

Մեկ այլ օգտատեր էլ գրել է, որ արդեն մի քանի դեպք է եղել, որ պայմանավորված գումարը փոխանցելուց հետո վարորդից նորից են գումար ուզել, բայց «վերջում բլոկում գնում են՝ առանց համարները տալու»։

«Վարորդի ընկեր» ՀԿ ղեկավար Տիգրան Քեյանը գրառում էր արել․ «Համարանիշների գողություն կատարողները հասան Դավթաշեն վարչական շրջան: Այնքան են գայթակղվել, որ նույն բակից միանգամից մեկից ավել մեքենաների վրայից են հանում»։

Lragir.am-ի հետ զրույցում Տիգրան Քեյանն ասաց, որ կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություն կատարելու առաջարկ կա, բայց դրա ընդունումը ձգձգվում է։ «Այդ առաջարկը հետևյալն է՝ գողացված համարանիշների փոխարեն նույն համարանիշները պետք է անվճար տրամադրեն քաղաքացիներին։ Դրանով արդեն գողություն իսպառ կվերանա»,- ասաց Քեյանը։

Նա մանրամասնեց այս գողությունների մեխանիզմը․ «Գողանում են, ինչ-որ համար են թողնում՝ Տելեգրամ ալիքով կամ Viber-ով կապվելու համար։ Այդ համարանիշի համար պայմանավորվում են, գումարը փոխանցում են, տեղն ասում են, գնում վերցնում են։ Դեպքեր են եղել, որ գումարը վերցրել են, տեղը չեն ասել»։

Տիգրան Քեյանի խոսքով՝ օրեցօր համարանիշների գողության մասին ահազանգերն ավելանում են, իսկ իրավապահ մարմիններն ասում են, որ չեն կարողանում հայտնաբերել հանցագործներին։

«Ինձ թվում է, որ այդ գումարը գնում է այնպիսի հաշվեհամարի վրա, որի նկատմամբ վերահսկողություն չեն կարողանում իրականացնել իրավապահները։ Դրա համար էլ դժվար է պարզել։ Ինձ թվում է՝ դա մեկ խումբ չէ, տարբեր են, որովհետև տարբեր ձեռագրերով են աշխատում»,- ասաց նա։

Տիգրան Քեյանը նաև նշեց, որ գողացված համարանիշների դիմաց վարորդներից 20 հազարից մինչև 70 հազար դրամ գումար են պահանջում։ Կար տեղեկություն, որ հիմնականում, այսպես կոչված, «գոլդ» համարանիշներն են թիրախում։ Բայց Տիգրան Քեյանն ասաց․ «Կապ չունի՝ գոլդ է, թե ոչ, 36 հազար դրամ արժողությամբ համարանիշներից սկսած գողանում են»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.