ԱՄՆ արձագանքը Երևանի առաջարկին. Վաշինգտոնի կովկասյան երկու հանգամանքը

Հայ-ադրբեջանական սահմանի լարված հատվածում Մինսկի խմբի համանախագահ երկրների դիտորդների միջոցով իրավիճակի լիցքաթափման մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկին ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը բավականին հարաբերական է: Պետքարտուղարությունը հաստատում է իրավիճակի լիցքաթափմանը նպաստելու ԱՄՆ պատրաստակամություն, բայց կոնկրետ առաջարկին տրվող կոնկրետ գնահատական կամ վերաբերմունք կարծես թե չկա՝ ԱՄՆ պատրաստ է դիտորդական մասնակցության, թե՞ ոչ: ԱՄՆ դիրքորոշումը լայն իմաստով թերևս վկայում է այն մասին, որ ավելացնելով ուշադրությունը Կովկասի, այդ թվում Հայաստանի հանդեպ, ռեգիոնալ կառավարման հարցում Վաշինգտոնն այդուհանդերձ գոնե առայժմ նախապատվությունը տալիս է այսպես ասած «հեռավար» կառավարման կամ «հեռակառավարման» տրամաբանությանը: Չի բացառվում, որ դրա պատճառը ներկայումս ավելի լայն՝ Չինաստանի խնդրի առկայությունն է, որ Բայդենի նոր վարչակազմը հռչակել է թիվ մեկ խնդիր կամ գերխնդիր, ինչի համատեքստում կովկասյան ռեգիոնը ԱՄՆ-ը չի դիտարկում իր անմիջական միջամտության կամ դերակատարման անհրաժեշտություն ունեցող ռեգիոն:

Հնարավոր է, որ այստեղ ԱՄՆ որոշումը միջանկյալ է, իսկ ավելի ամբողջական կլինի կախված մի կողմից ամերիկա-իրանյան, մյուս կողմից ամերիկա-ռուսական հարաբերության գործընթացներից: Սրանք տարբեր բնույթի, բովանդակության, ինտենսիվության և գուցե նաև ռազմավարական հեռանկարների, բայց անկասկած Կովկասի հանդեպ էլ ԱՄՆ դիրքորոշումը վճռող գործընթացներ են: Այս համատեքստում,  էական նշանակություն կարող է ունենալ Ժնևում հունիսի 16-ին սպասվելիք Բայդեն-Պուտին հանդիպումը, որն ըստ ամենայնի կարող է լինել որոշակի դերաբախման շուրջ պայմանավորվածության մեկնարկ, որի արդյունավետության այս կամ այն աստիճանից կախված կլինի իրադրության հետագա զարգացումը նաև հայ-ադրբեջանական ուղղությամբ: Այդ իմաստով, Երևանի համար թերևս ռացիոնալ է դիտարկել ոչ թե ԱՄՆ անմիջական ռեգիոնալ ներգրավվածության հեռանկարը, այլ Հայաստան-ԱՄՆ երկկողմ գործակցության անմիջականությունը խորացնելու հեռանկարը, օգտագործելով դա անելու բոլոր խողովակները, այդ թվում առաջին հերթին ամերիկահայ համայնքի, իհարկե նաև զգուշորեն և մանրակրկիտ ֆիլտրելով դրանք՝ մանիպուլյատիվ ներհոսքից խուսափելու համար, որը հայ-ամերիկյան հարաբերության քաղաքական արժեվորման աստիճանը բարձրացնելու փոխարեն, կարող է բերել արժեզրկման:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am