Եվրամիությունը Արցախի խնդիրը լուծված չի համարում․ կոշտ բանաձեւ

Այսսօր Երեւանում եւ Բրյուսելում քննարկում էին Հայաստանի խնդիրները։ Եվրամիության խորհրդարանը հայ գերիներին անվերապահ ազատ արձակելու եւ Հայաստանի ինքնիշխանությանն աջակցելու մասին բանաձեւ է ընդունել։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննարկման ժամանակ ասել է, որ ռազմական գործողությունների դադարեցումը և մարդասիրական խնդիրների լուծումը միայն առաջին քայլն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատեւ քաղաքական լուծման հասնելու համար:

«Անհրաժեշտ են բանակցային նոր ջանքեր՝ համապարփակ և կայուն կարգավորման համար: Եվրամիությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին` իր համանախագահների գլխավորությամբ: Եվ մենք պատրաստ ենք նպաստել տևական և համապարփակ կարգավորման ձևավորմանը, այդ թվում` կայունացման և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներով»,- ընդգծել է Բորելը:

Զուգահեռ Երեւանում տեղի էր ունենում Ազգային ժողովի նիստ, որն ամեն ինչ հակառակ ուղղությամբ էր տանում։ Նիկոլ Փաշինյանը նիստին հայտարարեց, որ պատրաստվում է մի փաստաթուղթ ստորագրել, որը ենթադրում է սահմանազատման հարցերով հանձնաժողովի ստեղծում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ Ռուսաստանի միջնորդությամբ։

Փաստաթղթի հանգամանքը բողոքի ալիք առաջացրեց, սակայն ոչ ոք այդպես էլ չասաց, թե ինչն է հիմնական խնդիրը։ Փաշինյանն էլ առիթը բաց չթողեց եւ ընդդիմությանն ակնարկեց, որ նրանք եռակողմ հայտարարությունը հակապետական են համարում, բայց չեն պահանջում այդ հակապետական թղթի չեղարկումը։ Հայաստանի եւ իշխանությունը, եւ ընդդիմության ռուսական հատվածը չեն ուզում դուրս գալ «եռակողմ ձեւաչափից», քանի որ չեն ուզում «բարկացնել» Ռուսաստանին։

Հայաստանի հանդեպ միջազգային հանրության բարենպաստ տրամադրվածության ֆոնին իշխանությունը հարցը չի տեղափոխում ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդարանի մակարդակ եւ պատրաստվում է Բաքվի հետ պայմանագիր կնքել ռուսների “հովանո ներքո”։ Պայմանագիրը պետք է հաստատի, որ Հայաստանն ու Բաքուն Արցախի հարցը համարում են լուծված։ Եվրախորհրդարանն այդ հարցը չի համարում լուծված, ավելին՝ այսօր Հայաստան է ժամանել ԵԽԽՎ մոնիտորինգային խումբ, որը պետք է ուսումնասիրի Արցախյան պատերազմի հանգամանքները։ Մանրամասները՝ Սկզբնաղբյուրում:

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.