Մակրոնը լուրջ ու աննախադեպ առաջարկ է արել. Երևանը պետք է օգտվի այդ հնարավորությունից

1in.am-ը գրում է. Սյունիքում ստեղծված իրավիճակի, Իշխանասարի հայտնի զարգացումների վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել Հայաստանի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի միջև: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին հերթական անգամ, նշելով, որ Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջությունը և պետք է հետ քաշի իր ստորաբաժանումը ՀՀ տարածքից:

Հեռախոսազրույցի առանցքային կարևորություն ներկայացնող հանգամանքը թերևս այն է, որ Մակրոնը արտահայտվել է ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումները ՄԱԿ ԱԽ տեղափոխելու և այնտեղ լուծումներ գտնելու մասին:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է օգտագործի ցանկացած հարթակ խնդիրը բարձրաձայնելու համար.«Պարզապես դրա հետ մեկտեղ պետք է անպայման հստակեցնի իր դիրքորոշումը։ Կարծում եմ, որ այդ  դիրքորոշման կարևորագույն բաղադրիչը պետք է լինի, որ գոնե  Սյունիքի հետ սահմանամերձ տարածքներում 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո որևէ առաջխաղացում ադրբեջանական զինուժի կողմից, պետք է ճանաչվի այդ հայտարարության խախտում։ Նոյեմբերի 9-ից հետո ցանկացած առաջխաղացում հակասում է հայտարարությանը և Ադրբեջանի կողմից հանդիսանում է ագրեսիվ գործողություն և պատերազմի շարունակություն։ Միայն այդ դիրքորոշմամբ Հայաստանը պետք է մասնակցի ցանկացած քննարկման և բանակցությունների միջազգային ցանկացած ատյանում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց՝ պետք է հստակ տարանջատել Սյունիքի ու Գեղարքունիքի խնդիրները.«Որովհետև Գեղարքունիքի խնդիրները կապված են Քելբաջարի տարածքից բոլոր հայկական զորքերի դուրսբերման հետ։

Դա Ադրբեջանին թույլ է տալիս այնտեղ գոնե վիճարկել սահմանները ու կատարել որոշակի սահմանանշման աշխատանք։ Նույն կարգի գործողություն՝ կապված Սյունիքի, մյուս կողմից՝ Կուբաթլուի ու Զանգելանի շրջանների միջև, որևէ սահմանագծման, սահմանազատման գործողություն չի ենթադրում։ Դա կարող է լինել միայն նոր բանակցությունների և նոր համաձայնագրի արդյունքում։ Եվ եթե Հայաստանը պատրաստ է այդպիսի վճռական և հստակ դիրքորոշմամբ հանդես գալ՝ ես կարծում եմ, որ միջազգային ցանկացած հարթակում խնդրի քննարկումը կարող է նպաստավոր լինել»․

Խոսելով Մակրոնի աջակցության մասին, Բորիս Նավասարդյանը նշեց, որ ենթադրվում են նաև քայլեր մեր կողմից.«Հայաստանը պետք է միանշանակ իր համաձայնությունը հայտնի, բայց նորից եմ կրկնում՝ համաձայնությունը հայտնելով հանդերձ, Հայաստանը պետք է շատ կոնկրետ ու վճռական դիրքորոշմամբ հանդես գա։ Հակառակ դեպքում՝ եթե նույն անորոշ պահվածքով հանդես գա մեր բանակցողների կողմից,ապա այդ քննարկումները որևէ արդյունք չեն տալու»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Մակրոնը շատ լուրջ առաջարկ է արել Հայաստանին և ինչ-որ առումով նաև աննախադեպ.«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ինչ-որ հարց քննարկելը շատ բարդ խնդիր է։ Դրա մշտական անդամներից մեկի՝ Ֆրանսիայի կողմից, նման առաջարկ անելը իսկապես շատ աննախադեպ է և նաև լուրջ ուղերձ Ադրբեջանին, որ վերջինս սթափվի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վարդանյանի դիտարկմամբ՝Հայաստանը պետք է ավելի խորացնի հարաբերությունները Ֆրանսիայի հետ.«Բայց այս պահին Հայաստանը փորձում է ստեղծված իրավիճակին ներքաշել ՀԱՊԿ-ին, որը Հայաստանի անվտանգության մասով ունի պարտավորություններ։ Այդ կառույցը փաստացիորեն ֆիկտիվ ու անգործունակ կառույց է և ևս մեկ անգամ պետք է նրան «գործի դնել», որպեսզի ստանձնի  իր իսկ վերցրած պարտավորությունները»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.