«Մենենդեսը Բայդենին կոչ է անում աջակցել Հայաստանին՝ Ադրբեջանի հետ լարվածության աճի համածիրում»․ The Hill

Ամերիկյան «Դը Հիլլ» (“The Hill“) պարբերականը «Մենենդեսը Բայդենին կոչ է անում աջակցել Հայաստանին՝ Ադրբեջանի հետ լարվածության աճի համածիրում» (“Menendez calls on Biden to support Armenia amid rising tensions with Azerbaijan’’) վերտառությամբ հոդվածում անդրադարձել է Հայաստան ադրբեջանական ուժերի ներխուժմանը։

«Հինգշաբթի ԱՄՆ Արտաքին քաղաքականությունը վերահսկող բարձրաստիճան Դեմոկրատը կոչ արեց Բայդենի վարչակազմին իր աջակցությունը հայտնել Հայաստանին՝ Ադրբեջանի հետ լարվածության հարցում», - գրել է «Հիլլը»։


Պարբերականը գրել է, որ սեն․ Բոբ Մենենդեսը (Դ-Ն.Ջ.)՝ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, իր աջակցությունը «հայտնեց Հայաստանի կողմից մեղադրանքներին, որ Ադրբեջանը խախտել է իր սահմանները», և կոչ արեց Բայդենի վարչակազմին «ներգրավվել այս խնդրով ամենաբարձր մակարդակներում»։

«Ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումը վտանգավոր և անօրինական ագրեսիայի գործողություն է, որն ընդգծում է հաստատուն սպառնալիքը, որին հայ ժողովուրդը շարունակում է առերեսվել», - սենատորի հայտարարությունից է մեջբերել լրատվամիջոցը։ «Այսօր ավելի վաղ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի [Վարուժան Ներսեսյանի] հետ իմ զրույցից հետո պարզ է, որ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը որպես ամբողջություն պետք է խստորեն արձագանքեն այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ այն առերեսվելու է լուրջ հետևանքների իր վնասակար գործունեությունների համար», - շարունակել է Մենենդեսին մեջբերել «Դը Հիլլը»։

Հոդվածում նշվում է, որ չորեքշաբթի օրը «Հայաստանը մեղադրեց Ադրբեջանին իր տարածք ներխուժում սկսելու մեջ՝ նախազգուշացնելով տարածաշրջանում լարվածության աճի մասին, այնպես որ երկու երկրները շարունակում են բախվել հոկտեմբերին մարտերի բռնկման հետևանքներին»: 

«Չնայած, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտերը դադարեցնելու համար նոյեմբերին հրադադար ստորագրվեց, լարվածությունը շարունակում է մնալ բարձր»:

The Hill-ը նաև գրել է, որ Մենենդեսը կոչ է արել «Բայդենի վարչակազմին գործուն դիրքորոշում ցուցաբերել Հայաստանի կողմին`հետ մղելու համար «բռնապետերին»` այդպես անվանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին»:

«Թուրքիային մեղադրում էր 2020-ի վերջին մարտերի ընթացքում քողարկված կերպով գրոհայիններ ուղարկելու և ադրբեջանական ուժերին ռազմական աջակցություն ցուցաբերելու մեջ»: Հոդվածում նշվում է, որ «Ռուսաստանը փոխադարձ պաշտպանության պայմանագիր ունի Հայաստանի հետ, բայց նաև զգալի ազդեցություն ունի տարածաշրջանում, քանի որ նախկինում այդ երկու երկրները պատկանում էին Խորհրդային Միությանը»:

«Ռուսաստանն օգնեց իրականացնել Նոյեմբերյան հրադադարը», - գրել է թերթը:

The Hill-ը, հղում անելով Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը, գրել է, որ հինգշաբթի «արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը խոսեց պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ» և «շեշտեց, որ միջազգային հանրության կողմից Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ նմանօրինակ ոտնձգությունների նկատմամբ հանդուրժողականությունը հղի է տարածաշրջանի ապակայունացման սպառնալիքով»։ 
 
«Պետական քարտուղարությունն անմիջապես չարձագանքեց մեկնաբանության խնդրանքին», - եզրափակված է հոդվածում:

Հավելենք, որ երեկ Հայաստանի ժամանակով երեկոյան ժամը 10։00-ին ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը զսպվածության կոչ էր արել Հայաստանին և Ադրբեջանին։ «Մենք ուշադիր հետևում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի չգծանշված հատվածի երկայնքով լարվածության աճի մասին հաղորդագրություններին: Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև հաղորդակցությունը շարունակվում է, և զսպվածություն ենք պահանջում՝ իրավիճակը խաղաղորեն թուլացնելու համար», - նշել էր նա։ 

Փրայսը ոչ ճիշտ նկատառում էր արել, քանի որ խնդիրը ոչ թե «սահմանի չգծանշված հատվածի» հետ է կապված, այլ՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժման։ 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.