ՀՀԿ գործկոմի նիստից հետո կուսակցության խոսնակ Շարմազանովը հայտարարել է, թե որեւէ չինովնիկ, պատգամավոր իրավունք չունի անզգույշ, գիտակցված կամ չգիտակցված հայտարարություն անել հանրության հասցեին, խոցելի խավերի հասցեին:
Դա արձագանքն է պատգամավոր Հակոբ Հակոբյանի հայտարարությունից հետո ստեղծված վիճակին: ՀՀԿ-ական պատգամավորը, որ հայտնի է նաեւ «թունելի Հակոբ» կամ «բեդնի Հակոբ» մականունով՝ վերջինն ըստ ամենայնի այսպես ասած ժլատության պատճառով, հայտարարել էր, թե գնաճը աղքատ խավին չի հարվածում, քանի որ թանկացել են այն ապրանքները, որոնք կամ չկան, կամ շատ քիչ տեղ են զբաղեցնում աղքատ խավի սպառողական զամբյուղում:
Պատգամավորն իհարկե բառացի այդպես չէր ասել, բայց դա էր նրա խոսքի տրամաբանությունը, որը գործնականում թե վիրավորական չէ, թե նաեւ չի պարունակում սարսափելի որեւէ բան: Բայց, քանի որ ծագումով գեղարքունիքցի պատգամավորի մոտ խիստ անհաջող է ստացվել տնտեսագիտական տեսությունների շարքից բխող տրամաբանությունը բառերով ձեւակերպելը, փոխարենը ստացվել է իշխանության հասցեին հանրային վրդովմունքի հուժկու ալիք առաջացնելը:
Ըստ երեւույթին, Սերժ Սարգսյանը չի կասկածում, որ դա ստացվել է ակամա: Այլապես պատգամավորը արդեն իսկ վայր դրած կլիներ մանդատը, իսկ ՀՀԿ գործկոմի նիստից հետո ՀՀԿ խոսնակը շատ ավելի կոշտ բառերով կբնորոշեր պատգամավորի թույլ տված անզգուշությունը:
Բայց Սարգսյանը կարծես թե բավական խիստ նկատողություն է արել Հակոբ Հակոբյանին, եւ հնարավոր է նաեւ Խոսրով Հարությունյանին, որը փորձել էր լեզվագիտական հղկման ենթարկել Հակոբյանի խոսքը, բայց այդ հարցում չէր արձանագրել Հակոբյանից շոշափելի տարբերվող արդյունք: Սերժ Սարգսյանը գուցե նաեւ նախազգուշացրել է բոլոր ՀՀԿ-ականներին, պաշտոնյա, թե պատգամավոր՝ հրապարակային արտահայտություններում լինել զգույշ, թույլ չտալ որեւէ անզգուշություն:
Գործկոմի նիստից հետո ՀՀԿ խոսնակի հայտարարությունը հուշում է նիստի ընթացքում հենց այդ իրադարձության մասին: Հետաքրքիր է, Սերժ Սարգսյանը ընդհանրապես հանձնարարել է լռե՞լ, թե՞ ՀՀԿ պաշտոնյաներին ու պատգամավորներին, կամ գոնե նրանց, որոնք այսպես ասած ռիսկի գոտում են, այսինքն որոնց հրապարակային ելույթները հղի են բազմաթիվ բացթողումների եւ հրահրումների ռիսկով, Սարգսյանը տվել է ելույթների հստակ տեքստ, որի շրջանակից դուրս գալու իրավունք նրանք չունեն:
Բոլոր դեպքերում, իշխանությունը թերեւս ավելի զգույշ կդառնա հրապարակային արտահայտությունների մասով: Հանրությանն ըստ երեւույթին կհետաքրքրի դա, եւ ոչ թե աղքատության հետ կապված բուն խնդիրը, դրա պատճառները, համակարգային հիմքերը, լուծման համակարգային հեռանկարները եւ այլն:
Համենայն դեպս, բուն տրամաբանության տեսանկյունից, խնդիրը ամենեւին չուներ մեծ աղմուկի պատճառ, որովհետեւ ներկայիս գնաճն ընդգրկում է ապրանքային այնպիսի դիապազոն, որն ավելի շատ առկա է միջին գնողունակության տեր խավի սպառողական զամբյուղում, ըստ այդմ առնվազն անհիմն չէ պնդումը, որ գնաճը ավելի շատ հենց այդ խավին է հարվածում, ոչ թե աղքատներին:
Աղքատ խավի խնդիրը Հայաստանում բոլորովին այլ է՝ ինչպես Հայաստանում առկա տնտեսական ռեսուրսները հասցնել այդ մարդկանց, որպեսզի նրանք դուրս գան աղքատության շեմից, որպեսզի այդ ցուցանիշը Հայաստանում չլինի 30 տոկոս, այլ կամ զրոյանա, կամ կրճատվի: Ընդ որում, օրինակ, այդ առումով նույն աղմկահարույց պատգամավոր Հակոբ Հակոբյանը մի քանի շաբաթ առաջ խորհրդարանում բյուջեի քննարկմանը ունեցել էր ուշագրավ մի ելույթ, որն իր տրամաբանությամբ եւ շոշափվող շրջանակով շատ ավելի էր արժանի ուշադրության:
Հակոբյանը, բերելով Համաշխարհային բանկի եւ այլ փորձագիտական շրջանակների գնահատականը, հայտարարել էր, թե աղքատություն չունենալու համար պետք է տարեկան մոտ 120 միլիարդ դրամ հասցնել աղքատ խավին՝ այդ շեմից դուրս բերելու համար, իսկ այդքան հասցնելու համար բուրգի խողովակներով պետք է անցնի կրկնակի փող, որպեսզի կեսն էլ հասնի աղքատ խավին: Պատգամավորը նշել էր, որ փաստորեն տարեկան պետք է մոտ 200 միլիարդ, իսկ Հայաստանը ստանում է միայն տրանսֆեր մոտ 500-600 միլիարդ: Ուրեմն ինչու՞ չի վերանում աղքատությունը կամ շոշափելիորեն նվազում: Պատգամավորը եզրակացրել էր, որ պատճառը պետության սխալ կառուցվածքն է: Այսինքն, ՀՀԿ-ականը հայտարարել էր, որ փող կա, բայց փողը չի հասնում աղքատ խավին:
Ընդ որում, ուշագրավ է, որ այդ հայտարարության համար նա նկատողություն չի ստացել վերադասից: Որովհետեւ հանրությունը չաղմկեց: Իսկ վերադասին հետաքրքիր է հենց դա, որ չաղմկեն:
Մինչդեռ իրականում բարձրացված խնդիրն է խորքայինը՝ ռեսուրսների խիստ անհամաչափ եւ անհավասար բաշխումը: Որովհետեւ սխալ է պետական կառավարման կառուցվածքն ու ցածր են թե կառավարման, թե աշխատանքի բաժանման, քաղաքական պատասխանատվության, հանրային վերահսկողության եւ տնտեսական արդյունքի բաշխման համակարգերը, ցածր է առկա իրավիճակում մասնագիտական ընդդիմախոսության, հետեւաբար խնդիրների մասին նաեւ հանրային պատկերացումների աստիճանը, ինչն էլ իր հերթին իշխանությանը տալիս է խնդիրները «խորը թաղելու», իսկ ծագած աղմուկների դեպքում էլ դրանք շատ արագ կառավարելու եւ մարելու հնարավորություն:
ՀՀԿ-ն կլռի, հետեւից էլ թերեւս հանրությունը, աղքատության ցուցանիշը չի փոխվի, որովհետեւ վերեւները չեն ուզում, ներքեւները չեն կարող: Ասում են, դա հեղափոխական իրավիճակի նախադրյալն է, հեղափոխությունից հինգ պակաս իրավիճակ: Բայց, բանն այն է, որ այդ առումով ներքեւում խնդիրը շատ ավելի լուրջ է՝ չեն կարող հեղափոխություն անել, միաժամանակ նաեւ չեն կարող դուրս գալ իրականությունը հեղափոխական չափորոշիչներով գնահատելուց եւ այդ իրականության մեջ հեղափոխական դիրքերից դուրս գալուց:
Որովհետեւ, եթե այդ դիրքում ես, ապա երեկ վաղ էր, իսկ վաղը ուշ կլինի, հետեւաբար դիրքից պետք է դուրս գալ կամ առաջ՝ «ձմեռային պալատ» գրավելու, կամ դուրս գալ եւ գնալ մտածելու եւ նոր դիրքերի ու խնդիրների համար պայքարի նոր մեթոդաբանություն մշակելու, որով մեծ աղմուկների փոխարեն հնարավոր կլինի արձանագրել գոնե փոքր լուծումներ:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.lragir.am