Վերջինը դուրս եկած՝ կամավորների ջոկատը. (ՖՈՏՈ)

Երբ ամիսներ անց Երևանում հայտնեցին ինձ «Ջոկատը» ներկայացնող նյութ հրապարակելու մի նախաձեռնության մասին, և հարցրեցին իմ պատրաստակամությունը տեղեկություններ տրամադրելու, թե՛ ջոկատի, թե՛ իմ մասնակցության վերաբերյալ, կարծես թե հատուկ ցանկություն չդրսևորեցի անդրադառնալու հարցին՝ հաստատելով միայն, թե՝ «… ես դասալիք եմ», հուշեր գրելու ժամանակը չէ հիմա: Հետո, ջանք գործադրել ու ժամանակ չպահանջվեցին, որպեսզի դրվագ առ դրվագ իրար կողք բերվի ու ամբողջացվի այս փոքր, գուցե և մեծ, եթե տեղին է համարել՝ անգամ հերոսական բնորոշմամբ պատմությունը:

 

Թշնամու գրոհայինների հատուկ ստորաբաժանումը, ո՛չ միայն առաջինը օգտագործեց իր հետախուզական հնարավորությունները, ինչպես մեր մոբայինների արտահագուստով ներթափանցելով հայրենի տարածք, այնպես էլ անօդաչու սարքի կիրառմամբ՝ «Ջոկատի» տեղակայման վայրը որոշելու կապակցությամբ, այլև առաջինը նախահարձակ եղան (անգամ հասցնելով, ջոկատին դիմավորելուց առաջ տեղանքի վրա կործանիչ ուղարկելով), երբ ջոկատը վերջին պատրաստությամբ շարժվում էր դեմհանդիման ոսոխի դարանակալությանը:

Այսպես՝ սկիզբը դրվեց պատումի:

 

Մարտական գործողության պարտավորությունը ստանձնած, կեսօրն անց սահմաններում ես համալրեցի «Ջոկատին», որ նույնակերպ պատրաստ վիճակում սպասում էր գյուղի դպրոցում: Եվ կազմակերպչական որոշակի աշխատանք տանելուց հետո ձեռնամուխ եղանք գյուղի գլխավոր մուտքի, ներառյալ գետամերձ հատվածի պաշտպանության իրագործումի մեզ բաժին ընկած առաքելությունն ի կատար ածելու գործին: Հակառակ տրամաբանությամբ՝ կամ, անգիտակցաբար փոխելով ջոկատի նախնական տեղակայման վայր նշանակված ՀԷԿ-ի շինության տարածքը ընկերոջս փայտամշակման տեղամասի հետ: Ինչպես որ, հետո միայն պարզ կդառնա վերջինիս ռազմավարական դիրքի անհամեմատ առավելությունը:

… Եվ, մռնչա՜ց «Ջոկատը» առյուծագոչ՝ մարտի բռնվելով գրոհայինների հետ մոտ երեք քառորդ ժամ, թնդացնելով անտառածածկ փեշը Գտչասարի, Իշխանագետի ողջ երկայնքով մեկ տարածելով թնդաձայն արձագանքը – մի ծայրից մյուսը գյուղի: Բայց տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ: Անսպասելի լուր. հրամանատարական կետից առ այն, որ թշնամին ներխուժել է գյուղը Մեծ Թաղեր (Հադրութի շրջ.), բացիթող վերին հատվածով գյուղի: Մարտը՝ անկոտրում շարունակվում է: Դուրս են բերվում երեք վիրավորները մեր, ապա Արմենը (Արջուկը) ցավո՛ք, անդառնալի՜ ելքով: Հանվում են ևս՝ Արտյոմը (Թիկնապահը) և Մհերը, քաջաբար ընկած՝ առաջին րոպեներին մարտի:

 

 

Եվ մոտենում է մարտն ավարտին իր, ոստնում է առյուծը՝ ոսոխի գորշագույն լեշը սփռելով: Սահմռկած լքում է ոհմակի մնացուկը՝ բլրին ծվարած գերակա դիրքն իր, թողնելով դիեր մի քանի տասնյակ: Նորից անցանկալի լուր. թիկունք է սողոսկում, պարզվում է թշնամու մեծաթիվ ջոկատ՝ անցնելով Հալիվորի կամուրջը, փակելով միակ ճանապարհը նահանջի: Որոշումն այլևս վերապահված է «Ջոկատին», թե՛ տղաների աճյունների թողնել-չթողնելու համար, թե՛ ջոկատայինների հետագա ճակատագիրը, որ մի անգամ թեև ժպտացել է արդեն, որովհետև տեղանքը, որտեղ չէր կայանել ջոկատը գլխանց, անողոքաբար ականակոծվում է գյուղի միաժամանակյա ռմբակոծման հետ սահմանված կարծես նախապես:

Վերջը պատումի:

Մոտալուտ երեկո աշնան. հոկտեմբերի 22-ը, ցերեկալույսը սպառվելուն վրա – երկար չմտածելով, որքան էլ ծանր ըկալվի, աճյունները խնամքով (ապագա տեղափոխման հեռանկարով) ճամփեզրյա խանդակի երկայնքով զետեղումից հետո, ջոկատը բռնում է նահանջի ճանապարհը արկածախնդրական: Մութը վրա հասած, տեսադաշտից դուրս թողած կրկնակիորեն կրակի մատնումը գյուղի, ինչպես որ, գրոհից առաջ էր ռմբահարվել ու բազմակի հրետակոծվել, չնայած, փամփշտակալները մասնակի դատարկ, այլև զենքերի և ուսապարկերի ծանրության տակ գրեթե ուժասպառ, կտրելով դաշտ, անտառ ու սար, համառորեն կշարունակվի վերելքը դեպի բարձունքի «սահմանաբաժանը»:

 

 

Հ. Գ. Հրադադարից հետո ամիսներ անց արդեն, Հայաստան – Արցախին իրենց կյանքը նվիրաաբերած քաջազարմ եռյակ հերոսների աճյունները վերջնական հանգրվան են գտնում Եռաբլուր պանթեոնում:

Ռոբերտ Աբրահամյան. Աբմանբ

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.