Lragir.am-ը գրում է. Ղարաբաղում Նժդեհի արձանի ճակատագիրը որոշելու են միայն Մարտունիի բնակիչները, ռուսական Sputnik-ին ասել է Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը: Օրերս փորձ է արվել ապամոնտաժել արձանը, սակայն Մարտունիի քաղաքապետն ու բնակիչները թույլ չեն տվել, ավելին, շուրջօրյա հերթապահություն են սահմանել արձանի մոտ:
Այս միջադեպից հետո համացանցում տեղեկություններ եղան, թե Վիտալի Բալասանյանը մեկնել էր Մարտունի ու պահանջել ապամոնտաժել արձանը: Նա հերքել է այդ տեղեկությունը, ասելով, թե ոչ թե ապամոնտաժման, այլ տեղափոխման հարց է եղել, քանի որ արձանն ավարտուն չէ: Թե ուր պիտի տեղափոխվի՝ ըստ Վիտալի Բալասանյանի, պետք է ասի քանդակագործը, իսկ Մարտունիի բնակիչներն էլ կորոշեն՝ թողնել տեղում, թե տեղափոխել թանգարան:
Տարօրինակ հայտարարություն է՝ արձանը ոչ թե հանել, այլ տեղափոխել:
Նման մի բան էլ հայտարարել է Արցախի նախագահի խոսնակը՝ որ արձանի ճակատագիրը պետք է որոշեն մարտունեցիները: Իրենք՝ մարտունեցիները, տարօրինակ են համարում իրավիճակը՝ եթե խնդիրը արձանի վրա աշխատանքները շարունակելն է, ապա քանդակագործը կարող է դա անել հենց տեղում: Իսկ եթե ինչ որ մեկը պահանջում է հանել, ապա թող գան եւ խոսեն իրենց հետ: Մարտունեցիներն ասում են, որ իրենց սպառնում են՝ եթե չհանեք արձանը, վատ կլինի:
Ո՞վ է պահանջում հանել, եւ ով է հրահանգել: Վիտալի Բալասանյանն ու Արայիկ Հարությունյանը խուսափում են այս հարցադրումից, որովհետեւ, պարզ է, իրենք կամավոր նման բան չէին անի, մյուս կողմից էլ՝ համարձակություն չունեն խոստովանել, որ հրահանգը Մոսկվայից է, ի դեմս ռուս «խաղաղապահների» հրամանատար Մուրադովի: Իր հերթին, ռուսներն էլ չեն ցանկանում ուղիղ «ներգրավվել» դրան, փորձելով արձանի ապամոնտաժումը «թողնել» հայերին: Հարությունյանն ու Բալասանյանն էլ իրենց հերթին «թողնում» են Մարտունու բնակիչներին:
Բաքվի պահանջին ակնարկներն այս պարագայում զավեշտալի են: Նժդեհի դեմ զազրելի արշավը տարիներ առաջ սկսել են Ռուսաստանի ԱԳՆ-ն ու ՊՆ-ն, հետագայում այդ արշավին միացրել են ապշերոնյան իրենց խեղկատակին: Բաքվից ձեւական «դամքաշությունն» այս հարցում ընդամենը թույլ ալիբի է ռուսների համար. որոշումը կայացվել է ուգրո-ֆիննական Մոսկվա անվամբ գետի վրա գտնվող նախկինում թաթար-մոնղոլական ավանում:
Մարտունեցիները ստեղծել են անպարտելի իրավիճակ, սկզբունք, որին հետեւում էր Նժդեհը: Ի՞նչ են անելու «խաղաղապահները»՝ իրե՞նք են քանդելու արձանը: Դա կլիներ անկեղծության անկրկնելի պահ թե ռուսների, թե հայկական ռուսամերձ շրջանակների համար: