ՌԴ-ն խոցելի վիճակում է. ԱՄՆ-ն սկսել է Կովկասյան թատերաբեմից Թուրքիային հանելու պրոցեսը. Ստեփան Սաֆարյան

Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում Մինսկի խումբը հերթական ակտիվացման փորձն է անում։ Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի դեսպանի հայտարարությանը, թե ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսումը համանախագահների գերակա խնդիրն է։

 

«Միանշանակ, սա հերթական ակտիվացման փորձն է, և տա Աստված, որ այն լավ ավարտվի։ Ի նկատի ունեմ, վերականգնվի այն գործիքը, որը փորձեցին վերականգնել 2019-2020 թվականին, սակայն պատերազմն ավելի բարդացրեց խնդիրը։ Մինսկի խումբը՝ ի դեմս ԱՄՆ և Ֆրանսիայի, մի կողմից կանգնած է փաստի առաջ՝ կամ լեգիտիմացնել այն, ինչ կա, ընդունել դա և շարունակել գնալ առաջ։ Բայց դա ընդունելու դեպքում էլ Մադրիդյան առաջարկներն են փլուզվում՝ որպես երեք երկրների նախագահների մակարդակով համաձայնեցված վերջին առաջարկներ, որովհետև արդեն տարածքների ու խաղաղապահների հարցը դուրս եկած է։ Հիմա բարդ իրավիճակ է։ Մի կողմից Ռուսաստանն ինքն էլ կարիք ունի Մինսկի խմբի, որպեսզի միջազգայնացնի այն, ինչ կա, որովհետև խոցելի վիճակում է ինքը։ Բայց մյուս կողմից էլ չի կարող համաձայնել, որ ռուս խաղաղապահները փոխարինվեն կամ կարգավիճակի հարցը դրվի, որովհետև ինքը հայտարարել է, որ կարգավիճակի հարցը թողնում են հետոյի, քանի որ Ադբեջանի հետ պայմանավորվածություններ են խախտվում», ասաց Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ քանի որ Մինսկի խումբը հետաքրքիր մանդատ ունի և հայտարարել է, որ հակամարտության կայուն լուծումը պետք է գտնվի, սա նշանակում է, որ հետպատերազմյան ու հումանիտար խնդիրների լուծմամբ Մինսկի խումը կմտնի պրոցես։ «Այս դաշտում կարող են լուծել բազում խնդիրներ՝ սկսած ռազմագերիների վերադարձի խնդիրներից, վերջացրած մշակութային ժառանգության պահպանության խնդիրներով, ժառանգություն, որն Արցախում ուղղակի ֆաշիզմի զոհ է դառնում։ Եվ նաև վերջացրած նաև Արցախի վերականգնումով, ներառյալ Սյունիքը»,- հավելեց նա։

Արցախի կարգավիճակի հարցը, ըստ Սաֆարյանի, Մինսկի խմբի շրջանակներում առաջնահերթ պետք է բարձրացվի։ «Եթե դա չանի, իսկապես Մինսկի խումբն անելիք չունի։ Եթե կարգավիճակի հարցը չի լուծվում, նշանակում է կոնֆլիկտը չի լուծվում։ Ուրեմն պետք է հայտարարել, որ իրենք ըստ էության նույնպես համակարծիք են Ալիևի հետ, թե հակամարտությունն այլևս անցյալում է»,- նշեց նա։

Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ ԱՄՆ կոմից այս հարցում նախաձեռնություն է նկատվում։ «ԱՄՆ-ն սկսել է ընդհանրապես Կովկասյան թատերաբեմից Թուրքիային հանելու պրոցեսը։ Դա ցեղասպանության ճանաչումն էր, որը լավ քայլ էր։ Դա նշանակում է, որ ԱՄՆ-ն հասկանում է, որ Թուրքիան հայկական հարցերում անելիք չունի, առավել ևս քանի դեռ չի ճանաչել այդ ոճրագործությունը։ Հետևաբար, երբ Թուրքիան չեզոքացվի կովկասյան հարցերից, արդեն տակը մնում են Մինսկ խմբի համանախագահ երեք երկրները, որոնք արդեն պետք է հասկանան, թե ինչպես այս փակուղուց շարժվել առաջ»,- նշեց նա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.