«Կրակոց ռուսների դեմ Արցախում». Մոսկվայի 200-ամյա առաքելության վերջին արարը

Lragir.am-ը գրում է. Հայաստանի սահմաններին թուրքերի շարունակական սադրանքները, Ստեփանակերտի եւ այլ բնակավայրերի ուղղությամբ կրակոցները մեկնաբանվեցին որպես ռուսական «խաղաղարարությունը» վարկաբեկելու, կասկածի տակ դնելու Բաքվի փորձ, եւ որ դրանք կրակոցներ են ռուս «խաղաղապահների» ուղղությամբ: Նկատելի է մի կողմից ռուսներին սիրաշահելու, մյուս կողմից «թասիբի գցելու» ինչ որ միտում, կամ անզորությունից, կամ իրավիճակի անհամարժեք գնահատականից:

 

Ստեփանակերտի եւ այլ բնակավայրերի դեմ կրակոցները կրակոցներ են բացառապես Հայաստանի ուղղությամբ: Եթե դրանք կրակոցներ լինեին «խաղաղապահների» ուղղությամբ, ապա կլինեին հենց նրանց ուղղությամբ: Այլաբանության դիմելու իմաստ այստեղ չկա, իմաստները պետք է փնտրել հակառակ տրամաբանությամբ:

Ինչպես եւ ինչի համար են ռուս «խաղաղապահները» հայտնվել Արցախում՝ հայերի պարտության եւ Շուշին ու Հադրութը հանձնելու պայմանով: Նրանց խնդիրը մնացած հայ բնակչության անվտանգության ապահովումը չէ, այլ Ռուսաստանի դանդաղ նահանջը Հարավային Կովկասից: Ակնայում թուրքերի հետ համատեղ կենտրոնը, հաղորդակցությունների վերահսկողությունը հայկական հնարավոր նախաձեռնությունները եւ ռեւանշը բացառելու երաշխիք են թուրքերին:

Ռուսական «խաղաղարարությունը» չի կարող անջատ լինել Կրեմլի քաղաքականությունից, որը հստակ հայտարարվել է Մոսկվայից՝ Արցախն Ադրբեջանի տարածք է, Արցախի կարգավիճակի խնդիր գոյություն չունի: Մոսկվան կարգավորում է համարում Բաքվի ու Անկարայի հետ համաձայնությունները, հանդես գալով որպես դրանց երաշխավոր: Կրկնենք՝ այս ամենը հստակ հայտարարվել է Կրեմլից, ՌԴ ԱԳՆ-ից ու ՊՆ-ից:

Ռուսական «խաղաղարարությունն» այս քաղաքականության իրացումն է: Հետպատերազմյա շրջանում մենք ականատեսն ենք հայության դեմ Մոսկվայի ու Բաքվի ծավալած զանգվածային հոգեբանական պատերազմի նոր փուլին, որի մեջ լուրջ տեղ է հատկացվում եւ հատկացվելու է սադրանքներին: Դրանք թե կրակոցներն են հայ բնակչության դեմ, թե պատանդառությունը, թե հայ ինքնության՝ եկեղեցու, լեզվի, պատմամշակութային ժառանգության դեմ ծավալված արշավը: Ռուս «խաղաղապահները» ֆուտբոլի մրցաշար են կազմակերպում Ապրիլի 24-ին, մզկիթներ կառուցում Ակնայում ու Ստեփանակերտում, Արցախի հեռուստատեսությամբ «համակեցության» խրատներ կարդում:

Ռուս «խաղաղապահների» դեմ Բաքվից ժամանակ առ ժամանակ հնչող դժգոհություններն այս ժանրից են՝ ուժեղացնել հայերի հավատը եւ հույսերը ռուսական «խաղաղարարության» հետ: Այս ֆոնին, «Դա կրակոց էր ռուսների դեմ, Ռուսների հետ լավ լինեինք՝ այդպես չէր լինի, Պետք է ավելի խորացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները» եւ այս տիպի ապուշությունները դեռեւս շարունակում են զբաղեցնել մեդիա-քաղաքական դաշտը: 200 տարի շարունակվող այս ապաքաղաքական, կենցաղային «հավատամքը» հայ ժողովրդին արժեցել է միլիոնավոր զոհեր եւ պատմական հայրենիքի կորուստ:

Մոսկվան ներկայում իրականացնում է հայերի հանդեպ իր 200-ամյա առաքելության վերջին արարն իր անփառունակ հեռացումից առաջ: Կա՞ն դիմադրության հնարավորություններ: Անշուշտ կան, եւ այդ հնարավորությունները երկրի անվտանգությունը Մոսկվային հանձնած Նիկոլի խմբից ու նրան «դիմակայող» ռուսամերձ խմբավորումներից դուրս են:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.