Հակոբ Հակոբյանը փոթորկեց հանրությանը իր՝ արդեն բավական հայտնի արտահայտությամբ: Հայտարարությունը մեկ անգամ ևս հիշելն ու մեկ անգամ ևս բնորոշելը, թերևս իմաստ չունի, որովհետև այն բավականին հայտնի է արդեն և բավականին շատ են եղել բնորոշումները, ամենատարբեր գույներով և ամենատարբեր դիրքերով:
Այս ամբողջ պատմության մեջ խորքային առումով, թերևս, հետաքրքիր է մեկ այլ բան՝ Հայաստանի հանրությունը պայթել է, բայց պայթել է ոչ թե 30 տոկոս աղքատությունից, որ կա տարիներ շարունակ, պայթել է ոչ թե իր շուրջն ապրող ամեն երրորդի աղքատությունից, այլ այդ աղքատության վերաբերյալ ասված մերկ մի խոսքից: Մինչդեռ կա երևի թե մի պարզ հարց՝ ի՞նչն է ավելի վրդովեցուցիչ՝ աղքատությո՞ւնն իր ահռելի ցուցանիշով և ցուցիչներով, թե՞ դրա վերաբերյալ ասված, իհարկե, ցինիկ ու մեղմ ասած՝ չմտածված խոսքը, որովհետև
պատգամավորի արտահայտությունն այն աստիճան մերկ է, որ հնարավոր չէ մտքով ու լեզվով գիտակցաբար մերկանալ այդ աստիճան:
Այստեղ բանն ամենևին Հակոբ Հակոբյանը չէ, այլ այն, որ նա չափազանց փոքր է ինքնին՝ աղքատության գոյություն ունեցող ահռելի խնդրի հանդեպ: Բայց ստացվում է, որ հասարակությունը ավելի մեծ աղմուկով նկատում է այդ փոքրը՝ մեծ խնդիրը թողնելով անուշադրության դաշտում կամ հարաբերական լռության դաշտում: Ավելին՝ արժե, թերևս, դնել ոչ պակաս մերկ մի հարց՝ այս անգամ անհրաժեշտ մերկությամբ, զննելու համար անհրաժեշտ մերկությամբ՝ իսկ արդյո՞ք հասարակության ներկայիս աղմուկը, արտաբերված խոսքի հանդեպ, խորքային առումով թելադրված չէ նրանով, որ պարզապես բացահայտվել է աղքատության ցուցանիշի վերաբերյալ հանրային անտարբերությունն ու անպատասխանատվությունը:
Որևէ մեկը չի կարող վիճարկել աղքատության համար իշխանության պատասխանատվությունը և շատ դեպքերում՝ նույնիսկ ոչ միայն քաղաքական, այլ քրեաիրավական պատասխանատվությունը: Բայց դա էլ իր հերթին չի կարող չեղարկել հանրային պատասխանատվությունն այն բանի համար, որ տարիներ շարունակ կարող է աղքատության շեմից ներքև լինել պետության բնակչության երկու երրորդը, և դա կարող է չբերել այդ խնդրի հաղթահարման հարցում հանրային հավաքական պատասխանատվության ձևավորման, կազմավորման, դրսևորման: Ու ներկայումս դա է ամենակարևոր հարցը՝ հանրությունը Հայաստանում 30 տոկոս աղքատության խնդրում իր անելիքը և առաքելությունը բավարարված է համարելու և սահմանափակվելու է Հակոբ Հակոբյանին իր տեղը ցույց տալո՞վ, թե՞ այդուհանդերձ աղմուկի փոքր պատճառը կդառնա բուն խնդրի վերաբերյալ մեծ հետևությունների առիթ: Եթե կստացվի այդ հարցի պատասխանը, կփնտրվի այդ հարցի պատասխանը, ապա հնարավոր է համարել, որ աղքատության հարցում տեղի է ունեցել հանրային գիտակցության բեկում:
Եվ խոսքն ամենևին, այսպես ասած, զանգվածային ապստամբության պոռթկումը չէ, այլ հետևողական, մշակված, նպատակային հանրային ճնշում ձևավորելը, որը կենթադրի նաև ինստիտուցիոնալ մեխանիզմի ձևավորում: Եվ հարցը նաև բարեգործության մասին չէ, թե ինչպես հավաքվել և Հակոբ Հակոբյանին հայհոյելու փոխարեն, ասենք, օգնել աղքատ ընտանիքներին: Խոսքն այն մասին է, որ հասարակական պատասխանատվության ձևավորմամբ պետք է պարտադրվի աղքատության խնդրի հանդեպ իշխանության պատասխանատվություն: Այստեղ է նաև նուրբ պահը՝ հանրությունն ուզում է, որ իշխանությունը լռի՞, չասի՞ անհեթեթ բաներ աղքատության, աղքատների կյանքին ու խնդիրներին առնչվող, ուզում է, որպեսզի Սերժ Սարգսյանը կանչի Հակոբ Հակոբյանին և բոլորին՝ հայտարարելով, որ պետք է սուս մնան և բառ անգամ չասեն, թե՞ ուզում է, որ իշխանությունը գործ անի աղքատության խնդիրը հաղթահարելու ուղղությամբ՝ շոշափելի, տեսանելի, համակարգային գործ:
Ի վերջո, կա՞ն համապետական, համահասարակական խնդիրներ, որոնց վերաբերյալ հնարավոր է գալ հասարակական կոնսենսուսի, որոնք չեն պահանջում գաղափարական շերտերի ու ենթաշերտերի ընդհանրություն, որոնք կարող են հիմնված լինել գոնե մի քանի պարզ քայլերի վրա: Կա՞ն ակտիվ խմբեր, կամ ակտիվ խմբերի մեջ կա՞ն այնպիսիք, որ կարող են ստանձնել այդ հարցում հասարակության կազմակերպումը, որը զերծ կլինի ավանդական պսեվդոհեղափոխական պաթոսից: Կա՞ն քաղաքական ուժեր, որոնք ունակ կլինեն դիտարկել այդ խնդիրներն ու հանդես գալ նախաձեռնությամբ, դարձյալ առանց պսեվդոպաթոսի:
Սրանք լրջագույն հարցեր են հանրային հեռանկարների ձևավորման տեսանկյունից, որոնց շուրջ քննարկումներն ամեն անգամ փոխարինվում են կարճաժամկետ աղմուկներով, որոնք գործնականում չեն տալիս ոչինչ թե՛ կոնկրետ խնդրի լուծման, թե՛ հեռանկարների ձևավորման առումով: Օրինակները բազմաթիվ են, և մեծ է հավանականությունը, որ հաջորդ աղմուկին դրանց շարքում կթվարկենք նաև ներկայիս աղմուկը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am