Լռությունը խախտվեց Կրեմլից. Տարօրինակ զանգ...

Lragir.am -ը գրում է. Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Ապրիլի 24-ի կապակցությամբ նամակ է հղել Հայաստանի նախագահին: Մյուս համանախագահ երկրի՝ ԱՄՆ նախագահ Բայդենը հանդես է գալու ուղերձով: Երրորդ համանախագահ երկրի՝ ՌԴ նախագահ Պուտինը Ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ չի հղել, թեեւ նախորդ տարիներին էլ ուղերձներ չի հղել: Ավելին, 2015-ին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին մասնակցելով Երեւանում կազմակերպված միջոցառմանը, նա իր ելույթում ոչ մի անգամ չի արտաբերել ցեղասպանություն բառը, թեեւ ՌԴ Պետական դուման ճանաչել է այն 1995-ին: Ավելին, հետագայում պարզվեց, որ նա Երեւան էր ժամանել Օբամայի համառ հորդորներից հետո:

 

Փոխարենը, Պուտինը «հայերի ողբերգությունը» հիշատակեց Արցախում պատերազմից հետո, այդպիսով «հիմնավորելով» Արցախ ռուսական զորք մտցնելը: 1915-ի իրադարձությունների ու Սումգայիթի հիշատակումը զուտ այդ նպատակն ուներ:

 

Երբ ուժեղացան ազդակները, որ Բայդենը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի նախագահի օգնականը 4 կետից բաղկացած «հիմնավորումներ» էր ներկայացրել ամերիկյան կողմին, որոնք ակնհայտորեն ռուսական ծագում ունեին: Ակնհայտ է դարձել, որ Արցախում ռազմական համատեղ օպերացիայից հետո Ռուսաստանն ու Թուրքիան այս խնդրով միասնական ճակատ են կազմել Վաշինգտոնի դեմ:

Այս ֆոնին, Կրեմլի կայքը հաղորդագրություն է տարածել Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի վերաբերյալ, վերջինիս խնդրանքով: Հաղորդագրության մեջ խոսք անգամ չկա Ապրիլ 24-ի կապակցությամբ: Քիչ ինչ հավանական չի թվում, որ ապրիլի 24-ի օրով Նիկոլ Փաշինյանը զանգեր Պուտինին: Բայդեն-Մակրոն բարեկամական մթնոլորտի ֆոնին հնարավոր է Պուտինը ցանկացել է հիշեցնել իր մասին, միեւնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ «կոնսուլտացիաներ» անել այն դեպքի համար, եթե Բայդենը արտասանի Ցեղասպանություն բառը, նկատի առնելով թուրքական կողմի այն նախազգուշացումն ամերիկացիներին, որ այդ դեպքում վտանգվելու է «Կովկասում նոր կարգի ստեղծումը»: Նոր կարգը ռուս-թուրքական համաձայնություններն են Հայաստանի տարածքի վերաբերյալ՝ Լավրովի պլանի ընդլայնված կիրառումը:

Ամերիկյան կողմը վերջին օրերին ընդգծում է Հայաստանի անվտանգության եւ ինքնիշխանության պաշտպանության անհրաժեշտությունը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.