ՌԴ պատվիրակները քվեարկել են շատ կոնկրետ հարցով․ Մոսկվայի հերթական թշնամական ակտը Հայաստանի հանդեպ

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքը հրապարակել է անվանական քվեարկության արդյունքները հայ ռազմագերիների հարցն արտակարգ ռեժիմով գարնանային նստաշրջանի օրակարգ ներառելու հարցի վերաբերյալ:

 

93 պատվիրակ կողմ է քվեարկել «Հայ ռազմագերիներ, այլ գերիներ եւ տեղահանվածներ» հարցն օրակարգ մտցնելուն, 21-ը՝ դեմ, 18-ը ձեռնպահ է մնացել: Դեմ քվեարկած ԵԽԽՎ 21 պատվիրակներից 8-ը ներկայացնում են Թուրքիան, 6-ը՝ Ադրբեջանը, 5-ը՝ Ռուսաստանը, այդ թվում՝ Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Լեոնիդ Սլուցկին եւ նախկին գեղասահորդ Իրինա Ռոդնինան, 1-ական պատվիրակ Հունգարիայից եւ Սերբիայից: Ռուսաստանի պատվիրակության եւս 7 անդամ ձեռնպահ է մնացել:

Հայ գերիների թեման ընդգրկված է ընթացիկ հարցերի փաթեթում։ Այս փաթեթում ընդգրկված էր 4 հարց, որոնցից երկուսը վերաբերում են կորոնավիրուսին, իսկ մեկը՝ Եվրոպայի անվտանգությանը Ռուսաստանից բխող սպառնալիքին։ Երեկվանից հայկական համացանցում բանավեճեր են ընթանում այն հարցի շուրջ, թե արդյոք քվեարկվել է ողջ փաթեթը։ Սակայն ըստ կանոնակարգի՝ քվեարկության է դրվում այն հարցը, որի շուրջ առարկություն է լինում․ տվյալ դեպքում՝ հայ ռազմագերիների հարցի վերաբերյալ առարկություն է առաջ քաշել ադրբեջանական պատվիրակությունը, և հարցը քվեարկվել է առանձին։

Ըստ այդմ, Ռուսաստանի պատվիրակությունը քվեարկել է ոչ թե փաթեթի, այլ կոնկրետ հայ ռազմագերիների հարցը օրակարգ մտցնելու հարցով։

Այստեղ իհարկե զարմանալու բան չկա, պարզապես մեկ անգամ եւս հաստատվում է այն պնդումը, որ Բաքուն գործում է Մոսկվայի խրախուսանքով ու հովանավորությամբ, սկսած պատերազմից, վերջացրած հայ գերիների ու հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումից։ Գերիների, իրականում՝ պատանդների հարցը Մոսկվայի ու Բաքվի համար լծակ է Հայաստանին նոր որոշումներ պարտադրելու համար, մասնավորապես եռակողմ հայտարարությունը լեգիտիմացնելու ուղղությամբ, որն իր մեջ ներառում է Մինսկի խմբի չեզոքացումից մինչեւ Բաքվի հետ ինչ որ պայմանագիր։ Հայաստանում փալաս կառավարության ու Ռուսաստանին սպասարկող ահռելի քաղաքական-մեդիա ռեսուրսը՝ վրադիր։

ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակությունը հակահայ գործիչների մի ծաղկեփունջ է, որից արժե առանձնացնել Իրինա Ռոդնինային, ով Բաքվում մասնակցել է այսպես կոչված Խոջալուի երթին ու հակահայկական միջոցառումներին։ Երթի ժամանակ նա հայտարարել էր, որ ռուսաստանցիների 99 տոկոսը ոչինչ չգիտի Խոջալուի մասին, ուստի անհրաժեշտ է այդ մասին ֆիլմեր նկարահանել ու գրքեր գրել։

 

Իրինա Ռոդնինան «Խոջալուի երթին»

 

Թե գերիների, թե միջազգային կառույցներում մեր «դաշնակիցների» պահվածքի մասով հսկայական անելիք ունեն պատգամավորները եւ առանձնապես ՀՀ ԱԳՆ-ն։ Դա մասնավոր խնդիր չէ, նկատի ունենալով Հայաստանի դեմ Ռուսաստանի պրոքսի պատերազմի հանգամանքները․ երեկվա քվեարկությունը այդ պատերազմի դրվագներից մեկն է։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.