Սա ընդամենը ուղևորաշրջանառություն է, և պետք չէ խուճապ տարածել.

Լragir.am-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը

Օդային ուղիները Ռուսաստանի հետ բացվեցին, և արդեն տեղեկատվություն է տարածվում, որ 75 հազար մարդ է հեռացել Հայաստանից: Որքանո՞վ պետք է որպես հիմք և իրականություն ընդունել այս տվյալները:

Դա ընդամենը ուղևորաշրջանառությունն է օդային ճանապարհով, քանի որ ներկայում ցամաքային ճանապարհը փակված է: Կարող ենք ասել, որ սա պետք է ընդունել որպես ելումուտի ցուցանիշ: Այստեղ արտագաղթի մասին խոսելն այնքան էլ իրատեսական չէ, որովհետև դա պարզապես ելումուտ է: Այդ թվերի վրա հիմնվելը և եզրակացություն անելն այնքան էլ ճիշտ չէ: Երբ վիճակագրության կոմիտեն կհրապարակի 2021 թվականի տվյալները, որտեղ ներառված են ոչ միայն ելումուտի տվյալները, այլ նաև այլ տվյալներ են հաշվի առնվում, այդ ժամանակ միայն կարելի է խոսել այն մասին, թե միգրացիոն սալդոն ինչքան է: Սա միգրացիոն սալդո չէ, ընդամենը ուղևորաշրջանառություն է, և պետք չէ այդ խուճապը տարածել: Այս պահին այսպես ասած արտագաղթի կոնկրետ պատճառներ չկան:

Հայտարարվում է, որ պատերազմից հետո արտագաղթը կմեծանա: Ձեր ուսումնասիրություններն ի՞նչ են ցույց տվել:

Ընդհանուր առմամբ, պետք է հասկանալ, թե արտագաղթն ինչ է: Այսինքն, երբ մարդիկ սկսում են վաճառել բնակարանները և հեռանում են, այդպիսի մեծ արտահոսք չկա դեռ: Աշխարհը դեռևս փակ է, և մենք դեռ սպասում ենք մի քանի հազար մեր հայրենակիցներին, որոնք պետք է վերադարձվեն: Այնպես չի, որ դեպի Ռուսաստան մեծ արտահոսք կա: Գնում են ժամանակավոր միգրանտները, որոնք ամեն տարի գնում են: Անցած տարի չէին գնացել, բավական զանգված էլ վերադարձել էր՝ պայմանավորված կորոնավիրուսի վիճակով: Այս պահին այնպես էլ չի, որ բոլորն այսպես տոգորված գնում են Ռուսաստան բնակվելու: Այդպիսի բան չկա, գնում են, աշխատում են, վերադառնում են, որովհետև 2019 թվականի վերջում չափված էր, որ մշտական բնակության մեկնելու ցանկություն ունեցողների թիվը բավական նվազել էր: Հասկանալի է, որ այսօր լուրջ խնդիրներ կան նաև Հայաստանում, բայց արտագաղթի, առավել ևս  զանգվածային արտագաղթի մասին խոսելու համար որևէ հիմք չկա: Կրկնում եմ՝ աշխարհը դեռևս փակ է, Եվրամիության երկրները փակ են, Միացյալ Նահանգները փակ են, նաև այնպես չէ, որ բոլորը տոգորված ուզում են բնակություն հաստատել Ռուսաստանում: Այնպես որ, ես կարծում եմ, որ եթե ընտրություններից հետո կառավարությունն իսկապես թիրախային աշխատի, մենք արտագաղթ որպես այդպիսին չենք ունենա:

Ընդհանրապես պատերազմից հետո կա անորոշություն նաև անվտանգության առումով: Սա կարո՞ղ է մարդուն ստիպել կամ հիմք հանդիսանալ արտագաղթի համար:

Անվտանգային միջավայրի վատթարացում ունենք, բնականաբար, և հասկանում ենք, որ այդ խնդիրը պետք է լուծենք: Որպես պետություն չենք կարող այդ խնդիրները չլուծել: Այսինքն ուզենք-չուզենք պարտավոր ենք այդ հարցը լուծել: Կարծում եմ՝ այդ խնդիրները լուծվելու են, որովհետև մենք անկախ պետություն ենք:

Ի՞նչ թիրախային ծրագրեր պետք է կիրառել հենց արտագաղթի կանխման նպատակով:

Պետք է ընդհանրապես առաջնահերթությունները վերանայել, սոցիալ-տնտեսական զարգացման մեր հիմնական ուղղությունը պետք է լինեն մարզերը: Մեր հիմնական ներուժը մարզերում է: Մենք այլ զարգացման ուղի չունենք:

Իսկ վերջին 3 տարին բավարար չէի՞ն այդ աշխատանքն իրականացնելու համար:

Բավարար էին, բայց հասկանում ենք, որ այն, ինչ կատարվում էր Հայաստանում, դրան պետք է առաջին հերթին վերջ տրվի, ներքին քաղաքական իրավիճակը պետք է կայունանա ընտրություններից հետո: Պետք է ավելի լուրջ վերաբերվել մարզերին: Բավական բան փոխվել է, դա գյուղերում երևում է, բայց պետք է էլ ավելի ուշադրություն դարձնել դրան, որովհետև Երևանը որպես տնտեսության զարգացման լոկոմոտիվ, այլևս չի կարող այդ դերը կատարել: Եթե մեր մարզերն սկսեցին աշխատել, մեր տնտեսական աճի հնարավորություններն են մեծանալու, մեր ընդհանուր հնարավորություններն են մեծանալու որպես պետություն, իսկ դա բերելու է նաև անվտանգային միջավայրի բարելավմանը: Որովհետև ինչքան էլ խոսենք անվտանգությունից, դա առաջին հերթին կապված է տնտեսության հետ, գումարների հետ: Կկարգավորե՞նք ներքին իրավիճակը, կկարգավորե՞նք տնտեսական իրավիճակը՝ և դա իր անդրադարձը կունենա բոլոր ոլորտների վրա՝ սկսած ժողովրդագրականից, սոցիալական վիճակից, նաև կարող ենք շատ լուրջ հույս ունենալ ներգաղթի համար:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.