Այսօր հիվանդասենյակի պատուհանից իրենց ցած նետած 72-ամյա տղամարդը կորոնավիրուսի դեմ բուժում էր ստանում Երեւանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց կենտրոնի տնօրեն Սերգեյ Մանուկյանը՝ նա կենտրոն էր տեղափոխվել մարտի 25-ին: Հիվանդության սկզբնական շրջանում տղամարդու մոտ առողջական վիճակի վատթարացում է նկատվել: Այդ ժամանակ, սակայն, նա ստացել է համապատասխան բուժումը և որևէ ծառայությունից չի հրաժարվել: Որոշ ժամանակ անց միայն դժգոհել է, որ բժիշկները իրեն պետք չեն:
«Երբ հիվանդը տեղափոխվեց մեզ մոտ, գտնվում էր ինտեսիվ բաժանմունքում, այնտեղ բուժման ընթացքում իր առողջական վիճակը կարգավորվեց, այսինքն՝ գնում էր դեպի լավացում և տեղափոխեցինք սոմատիկ բաժանմունք, բայց վերջին երկու-երեք օրվա ընթացքում սկսեց հրաժարվել բուժումներից: Սննդից չէր հրաժարվում, միայն, երբ իր մոտ բուժքույրը, բժիշկները մտնում էին, դժգոհում էր՝ ասում էր դուք ինձ պետք չեք, ես ինձ վատ չեմ զգում, բուժման կարիք չունեմ: Հրաժարվում էր ներերակային ներարկումից, որի կարիքն ուներ, թույլ չէր տալիս ջերմությունն ու սատուրացիան չափել»,- մանրամասնեց նա:
Տնօրենի խոսքերով՝ հիվանդը չէր բացատրում, թե ինչու է հրաժարվում բժշկական օգնությունից, որն այդքան անհրաժեշտ էր իր առողջությունը վերականգնելու համար: Տեսնելով, որ տղամարդը ոչ մի կերպ չի ցանակնում համագործակցել բուժանձնակազմի հետ, տնօրենը դիմել է հոգեբանի աջակցությանը:
«Մեզ մոտ ունենք համապատասխան ծառայությունը և խնդրեցինք հոգեբաներից մեկը աշխատի իր հետ, բայց ոչ մի փոփոխություն: Ես անձամբ խոսեցի իր աղջկա հետ, խնդրեցի՝ հայրիկին համոզիր, որ համագործակցի մեզ հետ, բայց իմ խնդրանքից հետո ինչ են խոսել, ինչու չի ստացվել դստերը համոզել նրան, ես տեղյակ չեմ»,- ասաց կենտրոնի ղեկավարը:
Տղամարդու դիակը հայտնաբերվել է այսօր առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում: Մինչև այդ, սակայն, մոտավորապես 06:00-ի սահմաններում մայրապետը այցելել է նրան, տեսել է, որ հիվանդը իր տեղում է: Հերթական այցելության ժամանակ, նկատել է, որ նա հիվանդասենյակում չէ: Սերգեյ Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք տվյալ դեպքում հիվանդի նկատմամբ հատուկ հսկողություն չպետք է սահմանվեր: Նա պատասխանեց, որ դեպքերի նման զարգացում ոչ մեկի մտքով չէր անցնում: «Ինչպես բոլոր հիվանդների դեպքում է, անպես էլ ինքը ուշադրության պակաս չի ունեցել: Համենայնդեպս կանխատեսելի չէր, որ կարող է նման քայլի գնալ, որովհետև բուժանձնակազմի հետ խնդիրներ չի ունեցել, կոնֆլիկտային հարաբերություններում չի եղել, հանգիստ պառկած էր իր հիվանդասենյակում»:
Մանուկյանն ասում է՝ ենթադրել, թե տղամարդն ինչու է նման քայլի գնացել, չեն կարող, բայց չի բացառում, որ հիվանդը գուցե մինչեւ վարակվելն ունեցել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ: Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է տղամարդու մոտ վախ, դեպրեւսիա ու հոգեկան առողջության խնդիրներ են առաջացել վարակվելուց հետո, ինչը կորոնավիրուսի հնարավոր հետեւանքներից է համարվում, տնօրենն ասաց, որ կատարվածը դրա հետ կապելը եւս ճիշտ չի լինի:
«Հայկական Ժամանակը» կապ հաստատեց նաև հիվանդի հետ աշխատած հոգեբանի հետ, որը հրաժարվեց խոսելուց՝ պատճառաբանելով, որ դա բժշկական էթիկայի տեսանկյունից ճիշտ չէ: «Հիմա հետաքննություն է գնում, ես ավելին ասել չեմ կարող»,- ասաց նա:
Ի վերջո՝ ինչու է տղամարդը գնացել նման քայլի, որն է պատճառը՝ կորոնավիրուսային հիվանդությունը, անձնական խնդիրները, կպարզի Նորք-Մարաշ վարչական շրջանի Ոստիկանության բաժինը: Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցառումներ է ձեռնարկում նաև Քննչական կոմիտեն: Ըստ կոմիտեի տարածած հաղորդագրության՝ բացատրություններ են ստացվել վերջինիս հիվանդասենյակում գտնվող խնամառուներից: Դեպքի վայրի զննությամբ վերցվել է նաև նրա հիվանդության պատմագիրը: