Նոր մեթոդը Սամվել Կարապետյանի, Իշխող համակարգի փրկիչը...

Հայկական նավթի եւ գազի ընկերությունը հայտարարել է Հայաստանի հյուսիսում նավթի պաշար որոնելու մասին: Հայտարարությունն առաջին հայացքից հիշեցնում է դեժա-վյու, քանի որ Հայաստանում անկախությունից հետո մի քանի անգամ մակերես է ելել նավթի եւ գազի թեման, սակայն հետո կրկին մոռացվել: Բայց, թեման այս անգամ մակերես է լողում շատ ավելի ուշագրավ «նավակով»: Բանն այն է, որ Հայկական նավթի եւ գազի ընկերությունը պատկանում է Էներգո Ինվեստ ընկերությանը, որն էլ իր հերթին պատկանում է Տաշիր Կապիտալին: Իսկ այդ ընկերության սեփականատերը ամենահարուստ հայը՝ ռուսաստանահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանն է:

Իսկ Կարապետյանը լուրջ մարդ է, հետեւաբար եթե նա ձեռնամուխ է լինում նավթի ու գազի որոնմանը, ապա կա հավանականություն, որ մի բան կգտնի:

«Հայկական նավթի և գազի» ընկերությունը նախատեսում է որոնողական աշխատանքներ իրականացնել Շիրակի մարզի 6 համայնքներում: Որոնումն իրականացնելու են նոր մեթոդով, ինչը թույլ է տալու, նախ՝ իրականացնել որոնում առանց հորատման, մագնիսային եւ ռեզոնանսային տարբերակով, եւ որոնումն իրականացնել ավելի մեծ խորության վրա, քան մինչ այժմ եղածները:

«Մենք ցանկանում ենք ալիքային հետազոտությունների միջոցով հասկանանք՝ կան արդյոք նավթի և գազի պաշարներ, որոնք ունենան արդյունաբերական նշանակություն», հայտարարել է ընկերության ղեկավարը, ասելով, որ եթե արձանագրեն արդյունաբերական նշանակության պաշարի առկայություն, ապա կգա արդեն աշխատանքի հաջորդ փուլը:

Նավթն ու գազը անկախությունից ի վեր հայաստանյան հասարակության, իսկ գուցե ավելի շուտ էլիտայի այսպես ասած քողարկված կամ թաքուն երազանքն էր, կամ գուցե նաեւ նախանձը: Որքան բան այլ կլիներ, եթե Հայաստանն ասենք Ադրբեջանի նման նավթ ու գազ ունենար: Իհարկե այլ կլիներ թերեւս ներկայիս Հայաստանի, բայց ոչ ներկայիս Ադրբեջանի համեմատությամբ: Հայաստանը գուցե իր ռեսուրսային եւ որակական հարաբերակցությամբ համարժեք լիներ Ադրբեջանին:

Ներկայում Հայաստանը իր քաղաքակրթական որակներով, իր պետական նկարագրով անկասկած զգալիորեն առաջ է Ադրբեջանից: Բայց դա ոչ այնքան «էլիտաների» մտածողության եւ որակների տարբերության դրսեւորումն է, այլ ավելի շուտ հենց նավթի ու գազի բացակայության, ինչը հայաստանյան «էլիտային» «պարտադրել» է քիչ թե շատ քայլեր կատարել գոնե Ադրբեջանից շոշափելիորեն տարբերվող պետական որակներ եւ քաղաքակրթական նկարագիր ունենալու համար, որովհետեւ դա է եղել խաղաղության կամ պատերազմի խոշոր պարտությունից խուսափելու գրավականը:

Նավթի ու գազի բացակայությունը Հայաստանի «էլիտային» ստիպել է «տեսնել» Հայաստանի մարդկային ստեղծագործական ներուժի գոնե նվազագույն անհրաժեշտ ծավալը, պետության անվտանգության գոնե նվազագույն անհրաժեշտ մակարդակն ապահովելու համար, նաեւ սեփական անվտանգության խնդիրներից ելնելով:

Թեեւ, ինչպես ցույց տվեց ապրիլի պատերազմը, տարիների ընթացքում նշաձողը էապես իջել էր անհրաժեշտ նվազագույնից անգամ եւ միայն զինվորի, սպայի եւ հանրության սխրանքն ու համախմբվածությունը պահեցին թելը: Դրանից հետո Հայաստանի «էլիտան» դարձյալ ստիպված էր գոնե հռետորաբանության մակարդակում, նաեւ որոշակի նկատելի քայլերի ձեւաչափում հղում անել մարդկային ստեղծագործական ներուժին, Հայաստանի ամենաթանկ եւ թերեւս միակ ռեսուրսին:

Այդ հանգամանքը ստեղծել է պատասխանատվության նոր մթնոլորտ, նոր նշաձող: Եվ ինչքան էլ «էլիտան» հավաքականության մեջ փորձում է հնարավորինս լղոզել այդ նշաձողը, միեւնույն է, թե ապրիլյան պատերազմից հետո ներքին որոշակի անշրջելի իրողությունները, թե արտաքին մի շարք զարգացումների բերումով ամրագրված նոր իրավիճակը՝ որ ստեղծեց հայկական զինուժը ապրիլի իր խիզախությամբ եւ անձնազոհությամբ, դրել են մի սահման, որից այն կողմ պատասխանատվությունն իջեցնել հնարավոր չէ:

Իսկ դա իհարկե ճնշում է հայկական «էլիտային», գուցե նյարդայնացնում, ստիպում փնտրել նոր ելք: Այդ համատեքստում պատահական չէ, որ ամենահարուստ հայը, որը ներկայում կարծես թե դառնում է Հայաստանի իշխող համակարգի «փրկիչը» կամ «դոնորը», ձեռնամուխ է լինում նավթի ու գազի որոնման, մարդկային մտավոր ռեսուրսից համակարգի «կախվածությունը» չեզոքացնելու համար: Եթե հաջողվի գտնել այդ նավթն ու գազը:

Չէ՞ որ մարդկային ռեսուրսի գեներացմանն ուղղվող ներդրումները նպաստում են Հայաստանի, ոչ թե համակարգի ազատությանն ու անկախությանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am