ՌԴ դեսպանը բացահայտեց «ճգնաժամի» լուծման մոսկովյան սցենարը. Ո՞վ է Հայաստանում պատրաստ դիմադրության

Lragir.am-ը գրում է.  Ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը Ակնայում

Արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունից հետո հայկական զլմներում արդեն հայտնվում են նախընտրական հանդիպումների, քննարկումների, հավանական դաշինքների եւ նման բնույթի տեղեկություններ: Պարզվում է Հայաստանում գրանցված է 91 կուսակցություն, մինչեւ հունիս սպասվում են նոր կուսակցությունների գրանցումներ: Հայկական «քաղաքական դասը» վերջապես կարող է հանգիստ շունչ քաշել՝ հայտնվել է զբաղմունք, որին սովոր են:

Բանն այն է, որ թե մինչեւ նոյեմբերի 9, թե դրանից հետո «քաղաքական դասը», չնչին բացառություններով, հայտնվել էր մի իրավիճակում, երբ օրեցօր դրսեւորվում էր նրա ծայրահեղ անհամարժեքությունը, ռազմա-քաղաքական զարգացումների վերաբերյալ տարրական պատկերացումների բացակայությունը եւ պրիմիտիվիզմը, եռակողմ հայտարարության շահառուներին՝ Ռուսաստանին ու Թուրքիային հնարավորություն տալով պահպանել անկայուն իրավիճակը Հայաստանում եւ անխափան իրականացնել իրենց ծրագրերը: Ավելին, «ներքաղաքական դիմակայության» մասնակիցներն իրենց հավատարմությունը հայտնեցին այդ ծրագրերին, այդպիսով արդարացնելով Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմն ու Հայաստանի ինքնիշխանության ոչնչացումը:

Այս ամիսներին այդպես էլ չներկայացվեց ազգային-պետական որեւէ օրակարգ որեւէ քաղաքական միավորից: Հայաստանում բոլորը խոսում են «ճգնաժամից», բայց խնամքով շրջանցում այն հարցը, թե ինչն է այդ ճգնաժամի ակունքը: Ըստ այդմ, արտահերթ ընտրությունը ներկայացվում է որպես ճգնաժամը հաղթահարելու միջոց: Այսինքն, կրկին գործ ունենք կամ իրավիճակին «քաղաքական դասի» անհամարժեքության, կամ նենգափոխման հետ:

Ճգնաժամի ակունքը ռուս-թուրքական ագրեսիան է Հայաստանի դեմ եւ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որին հավատարմություն է հայտնել հայկական «քաղաքական դասի» գերակշիռ մասը: Հայրենիքի փրկության շարժման եւ Նիկոլ Փաշինյանի հավաքների դատարկությունը ցույց են տալիս, որ հանրությունը գերակշիռ մասով մերժում է ռուս-թուրքական ծրագրերը եւ Հայաստանում դրանք ընդունած ուժերին: Ճգնաժամը հենց սա է, եւ այստեղ է դրա հաղթահարման բանալին:

Արտահերթ ընտրությունը եւ «նոր խորհրդարանի» կազմավորումը մոսկովյան սցենարով, որը կլոր սեղանի ժամանակ մատչելի ներկայացրեց ՌԴ դեսպան Կոպիրկինը, չի լուծելու իրական ճգնաժամը: Դատելով դեսպանի բաց հանձնարարականներից, ճգնաժամի «լուծման» այլ մեխանիզմ է գործադրվելու «ավելի խորն ինտեգրացիայի» ու Հայաստանի հանդեպ ծրագրերի համար, որի օրինականացման խնդիրը դրվելու է խորհրդարան անցած երախտագետ ուժերի վրա: հետաքրքիր է՝ այս ուժերը գոնե պատկերացում ունե՞ն, թե ինչ է դա:

Հայաստանի ու հայ ժողովրդի համար ճգնաժամի հաղթահարումը պատերազմի հետեւանքների վերացումն է՝ ռուս-թուրքական ծրագրերին դիմադրությամբ: Ո՞վ է պատրաստ սպասարկել այս խնդիրը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.