Շրջադարձ մարտիմեկյան դատավարությունում

Մարտի 1-ի կամ Ռոբերտ Քոչարյանի և այլ բարձրաստիճան նախկին պաշտոնյաների գործով հայտնի դատավարության դատավոր Աննա Դանիբեկյանը մարտի 23-ին ազդարարել է, որ դատավարությունը մտնում է դատաքննության փուլ: Դա, ըստ էության, բավականին անսպասելի շրջադարձ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն երկու տարի և ավելի ձգվող դատական գործընթացը տարբեր պատճառներով, տարբեր հանգամանքների բերումով այդպես էլ չէր մոտենում դատաքննության, այլ կերպ ասած՝ բովանդակային քննարկման փուլ: Այստեղ, իհարկե, ակնառու էր Ռոբերտ Քոչարյանի և մյուս մեղադրյալ պաշտոնյաների պաշտպանական մարտավարությունը, միաժամանակ նրանք էլ իրենց հերթին դատական գործընթացը ձգձգելու համար մեղադրում էին դատախազությանը: Միաժամանակ, խոսուն է թերևս փաստը, որ դատավորի որոշումից հետո, որը մերժել է պաշտպանական կողմի մի քանի միջնորդություն և հայտարարել դատաքննության փուլի մասին, պաշտպանական կողմը լքել է դահլիճը՝ ի նշան բողոքի: Այդպիսով, մարտիմեկյան դատավարությունը մտնում է դատաքննության, այսինքն՝ տեղի ունեցած իրադարձությունների բովանդակային քննության փուլ, որտեղ լսվելու են ցուցմունքները, լսվելու են վկաները, հնչելու են հարցեր, լսվելու են պատասխաններ, փորձ է արվելու հասկանալ տեղի ունեցածի պատկերը:

Անկասկած է, որ սա նոր քաղաքական իրավիճակ է, որքան էլ խոսքը դատական գործընթացի մասին է, որը պետք է լինի զուտ իրավա-կիրառական տիրույթում: Հատկանշական է, որ այդ գործընթացը փաստորեն ուղեկցվում է Հայաստանում նախընտրական շրջանի դե ֆակտո մեկնարկով, և մարտիմեկյան դատաքննության փուլը սկսվում է արտահերթ ընտրության գործընթացին զուգահեռ: Ինչ ազդեցություն է ունենալու դատաքննությունն այդ գործընթացի վրա: Այդ հարցը մի կողմից թվում է միարժեք, քանի որ փաստորեն սրելու է հանրային ուշադրությունը և մեղադրանքը նախկին իշխանությանը, մյուս կողմից, իհարկե, մարտիմեկյան իրողությունները իրենց քաղաքական բովանդակությամբ այդքան էլ միարժեք և միաշերտ չեն՝ ընդհուպ այն իմաստով, որ տարբեր դրվագներով խոսվել է այդ իրադարձություններում արտաքին ռեսուրսի ներգրավվածության մասին: Այդ իմաստով է նաև, որ մարտիմեկյան իրադարձությունները, խոշոր հաշվով, Հայաստանի ազգային անվտանգության հարց են, այլ ոչ թե ներքաղաքական հարաբերությունների պարզաբանման, ըստ այդմ՝ այդ իրադարձությունները պետք է հասկանալ առավելագույնս ամբողջական, հնչեցնելով բոլոր հարցերը և բոլոր ուղղակի, թե անուղղակի դերակատարներին բերելով պատասխանի դաշտ՝ յուրաքանչյուրն իր առումով, որպեսզի հանրությունը կարողանա տալ գնահատականը, պետությունը կարողանա դուրս գալ գոնե այդ խնդրի ծուղակից՝ ձեռք բերելով նաև այդօրինակ մարտահրավերների դիմակայելու իմունիտետ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am