Բայդենը «կպայթեցի՞» Թուրքիան...

Համաշխարհային ԶԼՄ-ները գրում են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ջանքեր է գործադրում Բայդենի վարչակազմի հետ հարաբերություններ հաստատելու համար։ Insider-ը գրում է, որ Էրդողանը վերջին շաբաթներին մի շարք քայլեր է ձեռնարկել Բայդենի ուշադրությունը գրավելու հուսահատ փորձերում: Նա հեռացրել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք կասկածելի էին ԱՄՆ-ի համար, բանակցություններ է առաջարկել սպառազինությունների գործարքի հետ կապված փակուղուց դուրս գալու համար, մասնավորապես՝ F-35 կործանիչների ծրագրի շուրջ, որից Անկարան հեռացվել էր նախկին նախագահ Թրամփի օրոք ռուսական S-400 համակարգերի ձեռք բերման կապակցությամբ: Սակայն Բայդենն անտեսեց Թուրքիայի առաջարկը, իսկ Պենտագոնը հայտարարեց, որ վարչակազմը կշարունակի զենքի ծրագրից Թուրքիային բացառելու իր քաղաքականությունը, գրում է Insider-ը։

«Թրամփն այդ բոլոր տղաներին՝ Էրդողանին, Պուտինին, Բիբիին (Նաթանյահու) հավասարի պես էր վերաբերվում, եւ նրանք բոլորը սկսեցին հավատալ, որ այդպես էլ կա», գրում է Insider-ը: Դա 2020-ի սեպտեմբերին իր վրա զգաց Հայաստանը, հրեից պետության գործուն մասնակցությամբ ռուս-թուրքական ահաբեկչական պատերազմի ձեւով։ Իսկ Թրամփն ագրեսիայի առաջին օրերին հայտարարեց, թե «տեսնենք կարող ենք կանգնեցնել պատերազմը, թե ոչ»։

Ռուսաստանն ու Թուրքիան շտապում էին իրագործել իրենց համատեղ ծրագրերը նախքան ԱՄՆ-ում նոր վարչակարգի հաստատումը։ Բայդենի վարչակարգն առայժմ կոշտ դիրքորոշում է ցուցաբերում Ռուսաստանի ու Թուրքիայի հանդեպ։ Իր հերթին, Ռուսաստանն ու Թուրքիան Ս 400-ից հետո ներկայում բանակցում են ռուսական նոր սերնդի կործանիչների գործարքի եւ թուրքական կործանիչի ստեղծման ծրագիր իրականացնելու շուրջ։ Թուրք-ամերիկյան լարվածությունը ռուսների մոտ հույսեր է առաջացնում, ավելի թրքահաճ ու թրքահպատակ դարձնելով «հակաարեւմտյան կուրսի» ֆոնին։

Միաժամանակ Թուրքիան, որքան էլ այս տարիներին բավական անկախ քաղաքականություն է վարում, սակայն շարունակում է մնալ ամերիկյան տնտեսական ու ռազմական «բարձիկի» վրա, եւ Թրամփի հայտարարությունը՝ թե 5 րոպեում կպայթեցնեն Թուրքիայի տնտեսությունը, պարզ հոխորտանք չէր։ Ավազե սահմանների ու ֆինասա-տնտեսական ահռելի խնդիրների պարագայում Բայդենի հետ հարաբերություններ հաստատելու Էրդողանի ձգտումները հասկանալի են՝ հնարավոր պատժամիջոցներն իսկապես կպայթեցնեն Թուրքիան։

Բայդենը գիտի, թե ով իրական ուժ ունի հարաբերություններում, եւ այժմ Էրդողանը գրեթե երկու ամիս է սպասում է հեռախոսի մոտ: Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին անցած շաբաթ հայտարարել էր, որ Բայդենը «ինչ-որ պահի» կզանգահարի Էրդողանին, գրում է հոդվածագիրը: Նմա՞ն է պատերազմի օրերին Կրեմլի խոսնակի հայտարարությանը, թե Պուտինը կզանգահարի Էրդողանին, երբ պահը գա։

Ի դեպ, ԱՄՆ-ն կարող է պայթեցնել նաեւ Ռուսաստանը՝ անջատում Սվիֆթից եւ երկակի նշանակության տեխնոլոգիաների մատակարարման արգելք, ինչպես նաեւ նավթային էմբարգո: Ռազմական տեխնոլոգիաների մասով սահմանափակումներ ըստ էության արդեն իսկ կան, եւ դա ազդել է ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի բարձրտեխնոլոգիական սեգմենտի վրա, քանի որ դրանք աշխատում էին ամերիկյան տեխնոլոգիաներով: Իսկ ղարաբաղյան պատերազմը, ռուս փորձագետների ու վերլուծաբանների գնահատմամբ, էական հարված է հասցրել Ռուսաստանի վարկին:

Պուտինն ու Էրդողանը, արտաքնապես խրոխտ կեցվածքով հանդերձ, կախված են Բայդենի որոշումից: Ամերիկյան վերջին տարիների «կրկնակի զսպման» քաղաքականությունը «միավորել է» այս երկու իզգոյներին, որոնք սակայն հայացքները հառած են պահում Սպիտակ տանը:

Արդյոք ԱՄՆ-Թուրքիա քննարկումներում կներառվի նաեւ 2020-ի պատերազմի խնդիրը, որի կապակցությամբ Վաշինգտոնը հարցադրումներ է արել Ռուսաստանին՝ Թուրքիայի դերի ու եռակողմ հայտարարության կապակցությամբ։

Կպայթեցի՞ Բայդենը Թուրքիան ու Ռուսաստանը: Թուրքիայի դեպքում սակայն բաց է մնում «խնամակալի» հարցը՝ հույներն ալարկոտ են, Թուրքիայի տերերը՝ հայերը, ոտքերը վերմակի չափով մեկնելու ամուր համոզվածություն ունեցող: 

Մանրամասները Սկզբնաղբյուր Կայքում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.