Արտահերթ ընտրությո՞ւն, թե՞ հանրաքվե. երկու էական գործոն

1in.am-ը գրում է. Հայաստանում արտահերթ ընտրությունը՝ իբրև քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման միջոց, քննարկվում է առավելապես մեխանիկական տրամաբանությամբ: Այսինքն՝ որպես գործողություն, որը կատարելուց հետո ստացվում է հանրային տրամադրությունների նոր հարաբերակցությունն արտացոլող պատկեր, բոլորը ընդունում են այդ պատկերն ու անցնում, այսպես ասած, առօրյա քաղաքական կյանքի: Սակայն այդ խնդիրը ունի երկու հանգամանք, որոնք հենց քննարկումը դարձնում են մեխանիկական, քանի դեռ չկա շոշափելի պատասխան այդ հարցում:

Խոսքը նախ՝ այն մասին է, թե արտահերթ ընտրությունն ում համար է ընդունելի իբրև հանգուցալուծման մեխանիզմ: Գոնե առայժմ եղած դիրքորոշումները վկայում են, որ քաղաքական ընդդիմության դաշտի գերակշռող խաղացողների համար այն ընդունելի չէ, որովհետև որևէ մեկը համոզված չէ անգամ հինգ տոկոսի շեմը հաղթահարելու հարցում: Այստեղ կարող է բացառություն կազմել Ռոբերտ Քոչարյանը, որն իր ռեսուրսներով ակնկալում է մոբիլիզացնել նախկին կառավարող համակարգի ընտրազանգվածի մեծ մասը և հավաքել այն ձայները, որոնք 2018-ի ընտրությանը փոքր-ինչ պակասեցին ՀՀԿ-ին՝ խորհրդարանում հայտնվելու համար: Մնացյալ որևէ ուժ, այդ թվում և ԲՀԿ-ն, չունի 5 տոկոսի երաշխիք:

ԲՀԿ-ի դեպքում իրավիճակը կարող էր այլ թվալ՝ հաշվի առնելով, որ 2018-ին կուսակցությունը հավաքել է մոտ տասը տոկոս ձայն, բայց խնդիրն այն է, որ այդ ժամանակ չկար Ռոբերտ Քոչարյանը՝ որպես նախկին համակարգի խաղացող: Ավելին, երկրորդ նախագահը 2018-ին գուցե շահագրգռված էր, որ ԲՀԿ-ն հավաքի հնարավորինս շատ ձայն, քանի որ դա մեծ հաշվով լինելու էր ՀՀԿ-ի հաշվին: Մեծ փորձառություն պետք չէ՝ հասկանալու համար, որ ԲՀԿ ընտրազանգվածը գերազանցապես նախկին կառավարող համակարգի ընտրազանգվածի մաս է: Հետևաբար այն, ինչը չգնար ԲՀԿ-ին, մեծ հավանականությամբ գնալու էր ՀՀԿ-ին, և կուսակցությունը հայտնվելու էր խորհրդարանում, ընդ որում՝ գուցե ավելի մեծ տոկոսով, քան «Բարգավաճ Հայաստանը»: Մինչդեռ ԲՀԿ-ի համար պատկերն այլ կդառնա, եթե Ռոբերտ Քոչարյանը մասնակցի ընտրությանն իր թիմով: Եվ եթե ԲՀԿ-ն չլինի այդ թիմը կամ թիմի մաս, ապա էապես կկորցնի տոկոսներ, քանի որ դրանք մշտապես գոյացել են թերևս ոչ պակաս նաև երկրորդ նախագահի ուղղակի, թե անուղղակի ներգործության շնորհիվ, քան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի: Դա է պատճառը, որ առայժմ այդ դաշտում միայն երկրորդ նախագահ Քոչարյանն է բաց խոսում արտահերթ ընտրության ընդունելիության մասին: Ամբողջ հարցն այն է, որ ընտրական պրոցեսում վստահ լինելով նախկին համակարգի միջև պայքարում իր հաջողությանը՝ Ռոբերտ Քոչարյանը չի կարողանում հաջողության հասնել այդ շրջանակում, այսպես ասած, իր մարտավարությունը գերակա դարձնելու գործում:

 

Մյուս հանգամանքը, որ ընտրության մասին խոսակցությունը պահում է մեխանիկականության դաշտում, ընտրական միջավայրի խնդիրն է: Ընտրական միջավայրը զուտ իրավական, օրենսդրական ապահովումը չէ, այլ նաև բովանդակային ընտրության հնարավորությունը: Եթե ընտրությունը լինելու է Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև՝ ըստ էության, ապա դա ավելի շուտ հանրաքվե է, քան ընտրություն: Ըստ այդմ՝ բուն ընտրական մեխանիզմի էֆեկտիվությունը էապես կախված է լինելու այն հանգամանքից, թե արդյոք Հայաստանում գտնվելո՞ւ են ուժեր՝ ընդ որում, ոչ միայն քաղաքական, այլև մտավորական, ինտելեկտուալ ընդհանրապես, հասարակական, քաղաքացիական, որոնք հանրայնորեն գրավիչ, ոչ մարգինալ բովանդակություն կհաղորդեն ընտրական հնարավոր գործընթացին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.