Քիչ առաջ հրապարակվեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավճիռը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակվեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավճիռը:

Ըստ այդմ՝ դատարանի դատավճռով Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ մահվան հիմքով: Դատական ակտով Պավել Մանուկյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում եւ դատապարտեց 10 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագանձման, նշանակված պատիժը հաշվակցելով՝ նրա նկատմամբ պատիժ նշանակվեց 7,8 տարվա ազատազրկումը: Մանուկյանի նկատմամբ ընտրված այլընտրանքային խափանման միջոց գրավը թողնվեց անփոփոխ՝ մինչեւ դատական ակտի ուժի մեջ մտնելը:

Վարուժան Ավետիսյանը նույնպես մեղավոր ճանաչվեց մեղադրանքներում եւ դատապարտվեց 9 տարի ազատազրկման, վերջնական պատիժը՝ 7,4 տարի: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը թողնվեց անփոփոխ՝ մինչեւ դատական ակտի ուժի մեջ մտնելը:

Դատավճռով Մխիթար Ավետիսյանը դատապարտվեց 9,5 տարվա ազատազրկման, վերջնական պատիժ նշանակվեց 7,6 տարին: Էդվարդ Գրիգորյանը դատապարտվեց 8 տարի ժամկետով, սակայն վերջնական պատիժ նշանակվեց 6,6 տարի ժամկետով ազատազրկումը: Դատական ակտով Գագիկ Եղիազարյանի նկատմամբ պատիժ նշանակվեց 9 տարվա ազատազրկումը, սակայն վերջնական պատիժ նշանակվեց 7,5 տարի ազատազրկումը:

Արեգ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարի ազատազրկման՝ նշանակված պատիժը հաշվակցելով 7 տարի մեկ ամիս ժամկետով:

Սեդրակ Նազարյանը նույնպես մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում եւ դատապարտվեց 10 տարվա ազատազրկման, սակայն պատիժը հաշվակցելով՝ դատարանը վերջնական պատիժ նշանակեց 8,2 տարին:

Երկու ոստիկանի սպանության համար մեղադրվող Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց 25 տարվա ազատազրկման, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ:  

Դատավճռով Արմեն Բիլյանը արդարացվեց ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար՝ ճանաչելով եւ հռչակելով նրա անմեղությունը մեղադրանքում: Բիլյանը, սակայն, մեղավոր ճանաչվեց այլ արարքներում եւ դատապարտվեց 9 տարվա ազատազրկման, սակայն վերջնական պատիժ նշանակվեց 4 տարի 11 ամիսը: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացվեց, եւ նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Մինչեւ դատական ակտի ուժի մեջ մտնելը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Դատավճռի հրապարակումից հետո դատավոր Մեսրոպ Մակյանը պարզաբանեց դատավճիռը. դատարանում հետազոտված ապացույցները բավարար էին՝ գալու այն եզրահանգման, որ բոլոր ամբաստանյալները մեղավոր են, բացառությամբ՝ Արմեն Բիլյանին մեղսագրված սպանության մեղադրանքի: «Դատարանը, փաստորեն, ապացուցված չհամարեց Արմեն Բիլյանին մեղսագրված սպանության մեղադրանքը՝ հաշվի առնելով, որ գործով ձեռք բերված եւ դատարանում հետազոտված ապացույցները բավարար չէին՝ հաղթահարելու հիմնավոր կասկածից վեր ապացուցողական այն շեմը, որի պարագայում միայն հնարավոր կլիներ այդ մեղադրանքում եւս կայացնել մեղադրական դատավճիռ»,- պարզաբանեց դատավորը:

Այնուհետեւ Մակյանը, դիմելով սպանված ոստիկանի՝ Գագիկ Մկրտչյանի այրուն՝ Հասմիկ Ոսկանյանին, ասաց. «Այս առումով գործը պետք է վերադարձվի դատախազին՝ Ձեր ամուսնու սպանության հանգամանքները պարզելու նպատակով»,- նշեց դատավորը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.