Սարգսյան-վարչապետ պլանակռիվը. Ներդրումների փոխարեն՝ եկան թանկացումները.

Հայաստանն արդեն հինգ օր է, ինչ ստորագրել է Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիրը, սակայն Հայաստանում գնաճը ոչ միայն չի կանգնում, այլ շարունակում է վերելքը: Առաջին հայացքից դա անհեթեթ նախադասություն է, որովհետև չկա որևէ պատճառահետևանքային կապ: Այսինքն՝ նախ ոչ ոք չի էլ ասել, որ ԵՄ-ի հետ համաձայնագրից հետո Հայաստանում գները կանգ են առնելու կամ նվազելու են: Եվ դրանից բացի էլ, որևէ կապ չկա գնաճի և Հայաստան-ԵՄ համաձայնագրի միջև՝ զուտ տրամաբանական, այսպես ասած՝ մեխանիկական առումով:

Եվ ուրեմն՝ ինչո՞ւ պետք է գները իջնեին: Ստացվում է անհեթեթություն: Բայց, իհարկե, գները չպետք է իջնեին, և այստեղ, իհարկե, անհեթեթություն է դրանք կապել Հայաստան-ԵՄ համաձայնագրի հետ, և ոչ ոք, իհարկե, չի կապել ու չի էլ կապում: Պարզապես, այսպես

ասած, աբսուրդի հասնող արտահայտությունն արեցինք ընդգծելու համար, որ իրավիճակը իրականում էլ կարող է մոտենալ աբսուրդի, եթե Հայաստանում շարունակվի գների աճը, շարունակվի սոցիալական լարվածությունը, իսկ իշխանությունը այդ ամենը փորձի ծածկել Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի էյֆորիայով: Իսկ դա տեղի է ունենում կամա թե ակամա: Կամ՝ եթե չի ծածկվում այդ էյֆորիայով, ապա զանազան այլ սեթևեթանքներով:

Օրինակ՝ Հայաստանում մարդկանց եկամուտները չեն աճում, իսկ գները սահմանում են նորանոր վերելքներ, ներդրումների փոխարեն՝ Հայաստան թանկացումներ են գալիս, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը բացառիկ հարցազրույց է տալիս և պատմում, թե ինչ լավ աշխատանքային տարիներ է անցկացրել սովետական պետպլանում: Միգուցե Կարեն

Կարապետյանը դրանով ցանկանում էր ասել, որ պլանավորել գիտի ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ նաև ինքը, կամ՝ երբ ինքը պլաններ էր կազմում, Սերժ Սարգսյանն ուր էր: Միգուցե, սակայն հասարակությանը ներկայումս ո՛չ Սերժ Սարգսյանի պլաններն են հուզում և ո՛չ էլ Կարեն Կարապետյանի: Հանրությանը հուզում է, թե իշխանությունը ինչով կարող է խափանել գնաճի պլանները, եթե, իհարկե, գնաճը հենց իշխանության պլանը չէ, որի միջոցով փորձ կարվի ավելացնել բյուջեի հավաքագրումները, քանի որ տնտեսական վիճակը այնքան էլ հուսադրող չէ այդ իմաստով:

Բայց այդուամենայնիվ, Եվրոպական միության հետ Հայաստանի համաձայնագիրը այստեղ ինչ-որ կապ ունի: Բանն այն է, որ համաձայնագիրն, ըստ էության, ոչ մի կապ չունենալով ներկայիս վատ տնտեսական վիճակի, տնտեսական քաղաքականության շոշափելի արդյունքների բացակայության հետ, այդուհանդերձ, կրելու է այդ ամենի բացասական

ազդեցությունը, քանի որ ուղղակի սոցիալական գերլարման հասցված հասարակության աչքին չի երևում և ոչ մի համաձայնագիր: Սակայն, միևնույն ժամանակ, հանրային սպասումներն այդ լարվածության պայմաններում դառնում են իռացիոնալ, և մարդիկ ամեն ինչում փնտրում են որևէ լուծման հույս՝ անկախ ուղիղ կապ լինել-չլինելուց:

Ահա այս տեսանկյունից, ներկայումս ստեղծվել է մի վիճակ, երբ հնչեղ իրադարձությունը՝ ԵՄ-ի հետ համաձայնագիրը, կամա թե ակամա, մսխվում է ներքին կառավարման և մասնավորապես գնաճային հարցերում իշխանության, ըստ էության, լռությամբ: Սա, իհարկե, իշխանությանն այնքան էլ չի հետաքրքրում, քանի որ գնաճը մի գործընթաց է, որի վրա, թերևս, պլանավորվում է դուրս գրել շատ բան: Եվ տվյալ դեպքում, իհարկե, հարցն այն է, թե այդ մասով ում պլանն է հաջողելու:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am