«Գնդակահարելու են, վերջին խոսքդ ասա». . .

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Սամվել Բաբայանի ու մյուսների գործով դատական քննությունը:

Շարունակվեց պաշտպանական ճառերի ունկնդրումը:

Արմեն Պողոսյանի՝ «Ժորիկի» շահերի պաշտպան Վիկտորյա Կիրակոսյանը նշեց, որ իր պաշտպանյալը մեղադրվում է «Իգլայի» դրվագով, նա իրեն մեղավոր չի ճանաչում:

Ըստ պաշտպանի՝ Արմեն Պողոսյանին զենք-զինամթերք ձեռք բերելու հարցով դիմել էր Սանասար Գաբրիելյանը՝ նշելով, թե զենք-զինաթերքը նվիրելու է Արցախի բանակին:

Սակայն 2017 թվականի փետրվարին Արմեն Պողոսյանը Սանասարի հետ խոսելուց ու մտադրությունից հրաժարվելու՝ նրա ցանկության մասին իմանալով, ինքն էլ կամովին հրաժարվել է «Իգլայի» խողովակը ձեռք բերելուց: Նա Հրաչյա Մայիլյանին ասել է. «Սանոն կտրականապես հրաժարվում ա ձեռք բերելուց»:

Պաշտպանը նշեց, թե Արմեն Պողոսյանը պատրաստ է եղել անգամ Հրաչյա Մայիլյանի հետ միանալ, հատուցել Ռոբերտ Աղվանյանի պահանջած հազար դոլարը՝ խողովակը Վրաստանից Հայաստան տեղափոխելու ծախսը: Այն պահից, երբ «Իգլայի» խողովակը մտել է Հայաստանի տարածք, այն տեղափոխելու հարցով միայն Մայիլյանն է զբաղվել, նա է խողովակը թաքցրել իր հանգուցյալ հորեղբոր ավտոտնակում: Պաշտպանն ասաց, որ Մայիլյանը այնքան մանրամասն է նկարագրել այդ գործողությունները, ասես՝ «կինոնկարի դանդաղեցված կադրեր ես տեսնում… հաջողված էլ կադրեր են»:

Պաշտպանը նշեց, որ խողովակի ձեռքբերող Ռոբերտ Աղվանյանը «անհայտ ուղեծրում է»:

Սանասար Գաբրիելյանը տեղից կատակեց. «Քոբուլեթիում ա»:

Պաշտպան Կիրակոսյանն ընդգծեց, որ հարցում է կատարվել՝ առգրավված «Իգլայի» խողովակը, ըստ նրա վրա առկա համարանիշի, ՀՀ-ի տարածքում հաշվառված զենք չէ: Պաշտպանը տարակուսեց, որ վարույթն իրականացնող մարմինը, խողովակի դաջվածքից իմանալով՝ որտեղ է արտադրված, ինչո՞ւ հարցում չի կատարել արտադրողին ու Ռուսաստանի պաշտպանության նախարարություն՝ պարզելու զենքի անօրինական շրջանառության հետ կապված հարցը:

Այնուհետև Վիկտորյա Կիրակոսյանն ասաց, թե որպես իրավաբան այս գործի վերաբերյալ «հատուկ կարծիք» ունի, սակայն որպես փաստաբան չի կարող որևէ այլ բան ասել, որը կհակասի իր պաշտպանյալի շահերին: Ելնելով իր պաշտպանյալ Արմեն Պողոսյանի դիրքորոշումից՝ փաստաբանը պահանջեց նրան անմեղ ճանաչել ու արդարացնել: Նշեց, որ Արմեն Պողոսյանը վատառողջ է, նրա խնամքին են չաշխատող կինն  ու տարեց ծնողները:

Սանասար Գաբրիելյանը, ով այդպես էլ մնաց առանց պաշտպանի՝ որևէ փաստաբանի հետ այդպես էլ պայմանագիր չէր կնքվել, նշեց, թե կխոսի Սամվել Բաբայանից հետո. «Կամանդուշչին թե պատրաստ ա, թող խոսի, ես՝ հետո»:

Սամվել Բաբայանը նշեց, թե «ձայն չունի»՝ ձայնը խզված է, սակայն նախագահողը հորդորեց պաշտպանական ճառն ասել՝ գործը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքից ելնելով:

Սամվել Բաբայանը հանդես եկավ «խռպոտ» պաշտպանական ճառով: Նա անդրադարձավ մեղադրող Արամ Արամյանի բերած փաստարկներին, հերքեց դրանք: Նախ իր անհամաձայնությունը հայտնեց մեղադրողի այն դիրքորոշմանը, թե Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը կամովին չեն հրաժարվել զենք-զինամթերք ապօրինի ձեռք բերելու մտադրությունից: Սամվել Բաբայանը հիշեցրեց, որ Հրաչյա Մայիլյանը, դատարանում

հարցաքննվելով, պատասխանել է իր հարցին՝ եթե «Իգլայի» խողովակի համար գումար տային, նա էլի՞ այն հանձնելու էր ԱԱԾ-ին: Մայիլյանը պատասխանել է՝ չէ: Ստացվում է, որ գնորդը հրաժարվել է խողովակը ձեռք բերելուց, Մայիլյանն էլ դրանից հետո այն հանձնելու մասին է մտածել: Իսկ Սանասարն ու Արմենը խողովակը ձեռք բերելուց հրաժարվել են այն բանից հետո, երբ Սանասարը խողովակի լուսանկարը ցույց է տվել իրեն, ինքն էլ ասել է, որ դա հրթիռի մասնիկ է, ոչ թե հրթիռ, չկան անհրաժեշտ մասերը:

Ինչ վերաբերում է մեղադրանքի հիմքում դրված գաղտնալսումներին, Սամվել Բաբայանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ խոսակցությունների ամենակարևոր մասերում ոչինչ չի հասկացվում՝ «չգիտես թե ինչու», վարույթն իրականացնող մարմինն էլ մեկնաբանել է, թե խոսել են «շշուկով»: Բաբայանն ասաց. «Ես չգիտեի՝ որտեղից են ձայնագրում, որ կանգնեի ու միկրաֆոնով խոսեի»:

Նշելով Սանասար Գաբրիելյանի կողմից զենք ձեռք բերելուց հրաժարվելու մասին, Սամվել Բաբայանն ասաց. «Եթե ապրանք չկար, ես ինչի՞ դիմաց պիտի փող տայի… Ես քննիչին հենց սկզբից ասել եմ՝ դա հրթիռի մասնիկ էր, ու կոչվում է խողովակ, հա՝ «տրուբա»… Ես փորձագետի եզրակացությունը չեմ բողոքարկել, որ գամ դատարանում ամեն բան ասեմ… Ես հանցանք չեմ կատարել…»:

Անդրադառնալով մեղադրողի կողմից հայտնած կասկածին՝ իր մասնագիտական գիտելիքների վերաբերյալ՝ Սամվել Բաբայանն ասաց. «Եթե ինչ-որ մարդ կասկածում է իմ մասնագիտական գիտելիքների կամ իմ 9 տարվա ղեկավարման վրա, ասեմ՝ ես 92 թվի օգոստոսից եմ բանակի 1-ին դեմքը դարձել… ՀՀ պաշտպանության նախարարը հրաժարական էր տվել, Ղարաբաղի հրամանատարը Ջերմուկում բուժվում էր՝ դեզերտիր էր… 22 հազար 400 հա տարածք ա էղել, 12 հազար 700 հա տարածք եմ վերադարձրել… 19 ինքնաթիռ ու 17 ուղղաթիռ ա խփվել, 10-ը՝ «Իգլայով»…»:

Դիմելով երիտասարդ մեղադրողին՝ Սամվել Բաբայանն ասաց. «Եթե դուք պիտի ինձ գնահատական տաք՝ ոնց եմ ծառայել իմ երկրին, ապա դուք շատ փոքր էիք, տեղը չէիք իմանում… Ես չեմ ուզում քաղաքականացնեմ… Բայց կարամ փաստեր բերեմ, ու դուք ամաչեք, որ չգիտեք ձեր պատմությունը… «Իգլան» ինձ հետ կապելու ոչ մի փաստ չկա… Փաստերը խեղաթյուրված են՝ իբր Հրաչյա Մայիլյանը միամիտ տղա էր, չի հասկացել… Հրաչյան շատ լավ էլ իմացել ա՝ ինչ զենք ա… Ես կրիմինալ ոչ մի քայլ չեմ կատարել…»:

Այնուհետև Սամվել Բաբայանն անդրադարձավ փողերի լվացման դրվագին: Նշեց, որ ներկոտված եվրոները առգրավելու հենց սկզբից տվել են իր անունը, բայց իրեն այդ դրվագով 8   ամիս չեն հարցաքննել, չեն հարցաքննել այդ գումարի տիրոջը… «Երբ հասկացել են, որ հրթիռի դրվագով դիրքերը թույլ են՝ Բաբայանին կրիմինալ ներկայացնելու համար, էս դրվագի պոչից քաշել-բերել են, կապել են Բաբայանին… Շատ լավ գիտենք՝ ոտները որտեղից են, ականջները՝ որտեղից… Կարելի ա օրենքը թեթև շրջանցել, բայց չի կարելի թքել պետության վրա, եթե ուզում եք պետություն դառնալ… Բաբայանը մի տարի ավել նստի, մի տարի պակաս նստի՝ դուք հարց չեք լուծելու…»:

Սանասար Գաբրիելյանն իր պաշտպանական ճառը լրիվ իր ոճի մեջ ասաց: Նա պնդեց. «Ինձ ոչ մի անգամ մեղավոր չեմ ճանաչել ու չեմ ճանաչելու… Սա ոչ մի կապ չունի Սամվել Բաբայանի հետ, խի՞ են անպայման կապում նրա հետ…»:

Անդրադառնալով իր մարտական ուղուն՝ Սանասար Գաբրիելյանն ասաց, որ 1988 թվականից մասնակցել է Հայրենիքի պաշտպանությանը, կոչումով փոխգնդապետ է, կռվի ժամանակ զենքեր է բերել, հետո Սիբիրում բիզնեսով է զբաղվել: Ապրիլյան պատերազմի օրերին անմիջապես եկել է, հետաքրքրվել է՝ ինչո՞վ «քոմագ անի»:

«Մայիսի 24-ին մեզ ասում են՝ էլ պետք չեք, ձեր ծառայությունն արեցիք… Ես հենց էդ մայիսյան օրերին եմ Արմեն Պողոսյանի՝ Ժորիկի հետ խոսել, թե ուզում եմ Արցախի բանակին զենք նվիրեմ:  Ժորիկն էլ սեպտեմբերին ասավ՝ մի տղա կա՝ Հրաչյա է, եսիմով է՝ ես չէի իմանում, որ նա ագենտ էր…»:

Սանասար Գաբրիելյանն ասաց, թե գնացել է ՊՆ, հարցրել է՝ ո՞նց կարող է զենք նվիրել, ինչպես նաև ցանկացել է Սիբիրից տախտակներ մատակարարել բանակի կարիքների համար: Ժորիկի ու Հրաչյա Մայիլյանի հետ մի քանի անգամ Վրաստան է գնացել՝ զենքի հայթայթման գործով. «Հրաչյայից քյարը էն մնաց, որ կազինոյի ապարատներին սովորեցի… Ես միլիարդատեր գործարարներ էի բերել Հայաստան: Նրանք ուզում էին պրեզիդենտին տեսնել, բայց չէին կարողանում, նրանց քցում էին… Ես մարզպետին տեսա, ասի՝ մարդկանց

ստեղ քցում են, նրանք ուզում են պրեզիդենտին տեսնել, բայց չեն կարողանում, եթե հարցերը ստացվեն, 2 միլիարդի նվիրաբերություն է լինելու… Մարզպետը ասաց՝ պրեզիդենտն ասում ա՝ հո չե՞մ իջնելու ռազբորկեքի աստիճանի…»:

Սանասար Գաբրիելյանն ասաց, թե իրեն խնդրել են Էջմիածնում ՕՐՕ դաշինքի երկու շտաբ բացել, ինքն էլ բացել է. «Էղանք էս աշխարհի թշնամին…»:

Ըստ Սանասար Գաբրիելյանի՝ ինքը շատերին էր ասել, որ ուզում է Արցախի բանակին զենք նվիրել… Երբ հայտնվել է «կինոյի միջի հերոս տղա Հրաչյա Մայիլյանը» ու ցույց է տվել «Իգլայի» լուսանկարը, ինքը այն տարել, ցույց է տվել Սամվել Բաբայանին՝ նրա մասնագիտական կարծիքն իմանալու համար: Եվ իմացել է, որ զենքը լրիվ չէ, պակասող մասեր կան… Հրաժարվել է միայն խողովակը ձեռք բերելուց… Ցանկացել է գնալ Արցախ՝ առանց զենքի կամ զինամթերքի, ճանապարհին ԱԱԾ մի 40  աշխատող կանգնեցրել, մեքենան ստուգել են, բան չեն գտել:

Ինքը այդ ժամանակ Ժորիկին ասել է Հրաչյա Մայիլյանի վերաբերյալ. «Էդ տրուբեն կմտցնենք ուրիշ տեղ, եթե Հայաստանից չհեռացնի»: Չգիտի՝ Ժորիկն այդպես էլ փոխանցե՞լ է այդ Հրաչյային… Հետո իրեն տարել են ԱԱԾ ու ասել են, թե Սամվել Բաբայանն ա էղել «զակազչիկը…»:

Անդրադառնալով մեղադրողին՝ Սանասար Գաբրիելյանն ասաց. «Մեզ նենց ա վերաբերվում, վռոդե կանանչ բոստան ենք պաժառ տվել կամ ազգի դավաճան ենք… Հրաչյա Մայիլյանը տեսնելով, որ չկարողացավ տրուբեն ծախել, ասել է՝ էս տրուբեն շուտ բրդեմ  տղերքի վրա՝ ուրիշ բան ստեղ չկա… Ինչի՞ հարցում չեն անում՝ ո՞րդուց էդ տրուբեն, այլմոլորակայիննե՞րը բերեցին… Մի երկու եվրոյի համար հարցում են արել մինչև շվեյցարական բանկ, բա էդ եքա տրուբի համար ինչի՞ հարցում չեն արել… Եթե ես ուզեցել եմ բանակին բան նվիրեմ, ինչի՞ գլուխս խոնարհեմ: Շնորհակալության տեղ՝ ԱԱԾ պադվալ են տարել… Մեղադրողը նենց ագրեսիվ ա վերաբերվում, ոնց որ անձնական վիրավորանք ենք հասցրել… Մենք ո՛չ թշնամի ենք, ո՛չ եսիմինչ… Տրուբեն  կապել են մեր վրա… Գոնե անմեղ նստենք…»:

Սանասար Գաբրիելյանը դատարանին ներկայացրեց իր Արիության մեդալը, որ ստացել էր Ռոբերտ Քոչարյանի օրոք, ներկայացրեց խնամքին անչափահաս՝ 2003 թվականին ծնված որդի ունենալու վերաբերյալ փաստաթուղթ:

Նա պնդեց. «Սա շինծու գործ ա… Մենք հայտնվել ենք չեմ իմանում՝ ում ագարոդում, բայց ես Ռուսաստանում եմ էղել… Հա, ՕՐՕ դաշինքին ենք օգնել, ի՞նչ ա էղել որ, խի՞ եք թշնամացել, նրանք էլ են մեր ախպերները, մի քիչ էլ նրանց քոմագ անենք… Մեր թշնամին թուրքն ա:

Վախենում եմ՝ Աստված է՛լ բեթարից ազատի, մի օր էլ ասեն՝ եղբայրական Ադրբեջանին խի՞ կրակեցիք…

Բնակության վայրից տրված դրական բնութագրում Սանասար Գաբրիելյանը բնութագրվել էր որպես «պրպտուն անձ»: Նրա մարտական ուղին սկսվել է 1988 թվականից…

Մեղադրող Արամ Արամյանը հանդես եկավ ռեպլիկով՝ կրկնելով իր ճառի հիմնական դրույթները և պնդելով բոլոր մեղադրանքները: Նա նշեց, որ ամբաստանյալների վերաբերյալ պատիժներ միջնորդելիս չի անդրադարձել մեղմացուցիչ հանգամանքներին, մասնավորապես՝ երեխաներ ունենալու և այլն, որովհետև ամբաստանյալները համապատասխան փաստաթղթեր չէին ներկայացրել:

Ամբաստանյալների ծառայությունների վերաբերյալ խոսք չասելն էլ վերագրվեց քրեական գործում փաստաթղթեր չլինելու հանգամանքին: Ստացվում է՝ վարույթն իրականացնող մարմնին չի հետաքրքրել, ու չեն իմացել՝ ովքեր են մեղադրյալները…

Փողերի լվացման դրվագով մեղադրվող քիմիկոս Ժորա Զաքարյանը իր ռեպլիկում եվրոների՝ ներկոտված լինելու պատճառի մասին ասաց. «Մենք չենք իմացել, որ տենց բան կա… Մարդը բերելա ա, տեսել եմ՝ իսկական փող ա, վրեն ներկ ա թափած, ասել եմ՝ մաքրեմ, տամ իրան, դա ի՞նչ հանցանք ա… Ինձ ԱԱԾ-ում 500 եվրո արժողությամբ թղթադրամ ցույց տվեցին, ես միայն շոշափելով հասկացա, որ իսկական է, նախկինում ես այդ արժողության եվրո չէի տեսել…»:

Սանասար Գաբրիելյանն իր ռեպլիկում ասաց. «Մենք էսքան բացատրեցինք, որ մենք հրաժարվել ենք զենք ձեռք բերելուց, մեղադրողը դեռ իրանն ա ասում… Վիզ դրած՝ ուզում ա մեզ փակի… Թող ժողովուրդը իմանա՝ մենք մեղավոր չենք… Մեղադրողը, ո՞նց ձևակերպեմ, որ ճիշտ ըլնի, կաշվից դուրս ա գալիս, որ պատվերը կատարի…»:

Դատարանն անցավ ամբաստանյալների վերջին խոսքի ունկնդրմանը:

Երբ նախագահողը կանգնեցրեց Ժորա Զաքարյանին ու առաջարկեց. «Ձեր վերջին խոսքը», Սամվել Բաբայանը տեղից ասաց. «Գնդակահարելու են, վերջին խոսքդ ասա»:

Անդրանիկ Քոչարյանի վերջին խոսքը. «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, ուղղակի ամաչում եմ իմ ընտանիքից, իմ զավակներից, դատարանից, բոլորից… Ես հավատում եմ, որ կկայացվի ճիշտ ու արդար դատական ակտ…»:

Կարեն Քոչարյանը ասաց. «Բացի օրենքից՝ նաև մարդկային խղճով մոտեցեք»:

Սամվել Բաբայանը ասաց. «Շնորհակալ եմ»:

Սանասար Գաբրիելյանն ասաց. « Մարդկային խիղճ գոյություն ունի: Ասենք ՝ շինծու գործով մի հատ էլ լավ պատիժ տվեցիք, կկարողանա՞ք  հանգիստ քնել… Էնպես լինի, որ հետագայում դրսում տենամ, ասեմ՝ ցավդ տանեմ, լավ դատավոր, լավ մարդ, լավ հայ…»:

Նախագահողը հեռացավ խորհրդակցական սենյակ: Դատական ակտը կհրապարակվի նոյեմբերի 28-ին:

Դահլիճից դուրս բերվելուց առաջ լրագրողների հարցերին Սամվել Բաբայանը հասցրեց պատասխանել. «Պարզ տեսանելի ա՝ ում ականջներն են երևում… Ես որևէ ակնկալիք չունեմ… Էս պրոցեսը դեռ գնալու ա… Ես մի բան գիտեմ՝ որ անմեղ եմ…»:

Հիշեցնենք՝ դատախազը միջնորդել էր Սամվել Բաբայանին վերջին հաշվով դատապարտել 7 տարի ազատազրկման, Սանասար Գաբրիելյանին՝  4 տարի, Արմեն Պողոսյանին և Կարեն Քոչարյանին՝  3-ական տարի, Դավիթ Հարությունյանին՝ 2 տարի իրական ազատազրկման:

Ժորա Զաքարյանի ու Անդրանիկ Քոչարյանի համար դատախազը միջնորդել է 2-ական տարի ազատազրկում, որը պայմանականորեն չի կիրառվի, կսահմանվի 3-ական տարի փորձաշրջան:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ և 190 հոդվածի 1-ին մասերով՝ Բաբայանը, ըստ մեղադրանքի, դրդել է մի խումբ անձանց՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն, պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով «Իգլա» ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով:

Եղբայրներ՝ Անդրանիկ և Կարեն Քոչարյանները, ինչպես նաև Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը մեղադրվում են հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ դրա հանցավոր ծագումն ու իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-190 հոդվածի  1-ին մասով: Խոսքը կարմիր ներկանյութով պատված 101 հատ 50 եվրո և 2 հատ 20եվրո արժողությամբ թղթադրամների մասին է, որոնց անհաջող «լվացման» փորձ են կատարել, ըստ մեղադրանքի, գործով հինգ ամբաստանյալները:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am