Մոսկվան «սպառնում է» ճանաչել Արցախը...

Դեռ Սերգեյ Լավրովի տարածաշրջանային այցից առաջ ռուսաստանյան փորձագիտական միտքն արդեն նախապատրաստել էր Մոսկվայի ղարաբաղյան քաղաքականության շրջադարձը, որի բովանդակությունն, ըստ էության, հանգում է երկու կարևոր արձանագրման` Մոսկվան գոնե առայժմ հրաժարվում է սեպարատ նախաձեռնություններից` համանախագահության կոնսենսուսով առանցքային դեր ստանձնելով ԼՂ հակամարտության կառավարման, մենեջմենթի գործընթացում և երկրորդը` Մոսկվայում ընդունում են, որ հակամարտությունն ուշ է կարգավորվելու և մինչ այդ անհրաժեշտ են կայունությանն ուղղված որոշակի մեխանիզմների ստեղծում:

Իհարկե, բարդ է հստակ կանխատեսումներ անել Մոսկվայի ղարաբաղյան քաղաքականության վերաբերյալ, որովհետև դրա ձևավորման վրա ազդում են մի շարք բարդ գործոններ, հատկապես` Մոսկվայի և Արևմուտքի բարդ հարաբերությունները: Այսօր Մինսկի խմբի ձևաչափը միջազգային բացառիկ հարթակ է, որտեղ Մոսկվան արդյունավետ

համագործակցում է արևմտյան գործընկերների հետ ու կասկած չկա, որ այդ հարթակի ինստիտուցիոնալ նշանակությունը Ռուսաստանի համար պակաս կարևոր չէ, քան` նրա տարածաշրջանային քաղաքականությունը: Մյուս կողմից` որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե վաղը գլոբալ քաղաքականությունն ինչպիսի ազդեցություն կունենա ԼՂ հարցի, դրա կարգավորման սպոնսորությունը ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներքին հարաբերությունների վրա: Ռուսաստանի փորձագիտական միտքն անկախ չէ և այս առումով որոշակիորեն տուժում է անալիզի որակը, օբյեկտիվությունը:

Մյուս կողմից` այս հանգամանքը թույլ է տալիս, որպեսզի փորձագիտական կարծիքների տողատակում գրեթե ճշգրտորեն հասկանանք պաշտոնական Մոսկվայի կամ առնվազն իշխանության տարբեր կենտրոնների դիրքորոշումները:

«Ռեգնում» լրատվական- վերլուծական գործակալության խմբագիր Մոդեստ Կոլերովն այն փորձագետներից մեկն է, ով մոտ է կանգնած Կրեմլին` պարբերաբար բարձրաձայնելով

դիրքորոշումներ, որոնք առնվազն քննարկվում են իշխանության միջանցքներում: «Մենք մոտենում ենք Ղարաբաղին անկախ կարգավիճակ տալու փուլին, երբ Ղարաբաղը առանձին է լինելու թե՛ Հայաստանից, թե՛ Ադրբեջանից»,-սյսօր tert.am-ին տված հարցազրույցում ասել է վերլուծաբանը:

Առաջին հայացքից Կոլերովի ասածն ընդամենը Լավրովի դիվանագիտական վերջին ձևակերպումների բովանդակային բացվածքն է, որովհետև եթե Ռուսաստանը, մյուս համանախագահների օրինակով, ձգտում է ստատուս-քվոյի պահպանման միջազգային երաշխիքների ստեղծմանն, ապա դա ինքնաբերաբար մեծացնում է Արցախի միջազգային ճանաչման հեռանկարը, մանավանդ, որ ԵԺԿ վերջին գագաթաժողովի բանաձևը և Հայաստան-Եվրամիություն Շրջանակային համաձայնագիրը միայն ամրապնդել են Արցախի ինքնորոշման ճանաչման միջազգային համատեքստը:

Մյուս կողմից` Կոլերովի խոսքը, դրա շեշտադրումները միանշանակ եզրակացության հիմքեր չեն ստեղծում: «Ռեգնումի» գլխավոր խմբագիրը շեշտը դնում է ոչ այնքան Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման, որքան` Ղարաբաղի` Ադրբեջանից, բայց նաև` Հայաստանից առանձին լինելու մասին: Հայաստանի գործոնից դուրս Ղարաբաղի

անկախության շեշտադրումը կարող է ենթադրել նաև Ղարաբաղի նույնացում Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հետ, մանավանդ, որ նման մտադրություններ Մոսկվայում պարբերաբար եղել են ու դա, մեծ հաշվով, բխում է Մոսկվայի շահերից, որովհետև ռուսական ռազմական ներկայություն հակամարտության գոտում հնարավոր է ապահովել նաև Արցախի ժողովրդի անկախության պաշտպանության լոզունգներով կամ այդ պատրվակով:

Իհարկե, նման սցենարը, բովանդակային հարթության վրա, գրեթե առնչություն չունի Արցախի անկախության հետ, որովհետև ԼՂՀ ռուսականացման ցանկացած փորձ

վերջնականապես թաղելու է նրա ինքնորոշման միջազգային ճանաչման հեռանկարը` ինչպես դա ակնհայտ երևում է Աբխազիայի կամ Հարավային Օսիայի պարագայում, որոնք, ըստ էության, կլանվել են ռուսական կայսրության կողմից: Զարգացումների նման սցենարն այս պահին քիչ հավանական է թվում, սակայն չի կարելի միանշանակ պնդել նաև, որ այն դուրս է եկել Մոսկվայի օրակարգից:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am