fip.am-ը հայտնում է. Վերջին շրջանում լրատվական կայքերում, սոցցանցերում հաճախ տարածվում են սենսացիոն, շոկային տեղեկություններ, որոնց աղբյուրը Mediaport տելեգրամյան ալիքն է։ Այս ալիքը թեև բացվել է ընդամենը ամիսներ առաջ, իսկ հիմնադիրները հայտնի չեն, այնտեղ հայտնվող տեղեկությունները ստեղծման իսկ օրից հայտնվում են ընդդիմադիր կեցվածք ունեցող մի շարք լրատվամիջոցների էջերում։
Հաշվի առնելով, որ այս ալիքից տարածվող լուրերը մեծ արձագանք են գտնում մեդիասպառողների շրջանում, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ինչ ծագում ունի ալիքը և ովքեր են կանգնած դրա հետևում։
Գործունեության մասին
Mediaport տելեգրամյան ալիքը ստեղծվել է պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ 2020 թ. նոյեմբերի 11-ին։ Ալիքի նկարագրության մեջ գրված է «հավաստի լրատվություն»։ Թե ո՞վ է կանգնած ալիքի հետևում, ովքեր են գեներացնում ալիքում տեղադրվող տեղեկությունները՝ նշված չէ։
Ստեղծման սկզբնական շրջանում ալիքում բավական հաճախ կարելի էր հանդիպել առաջիկայում կայանալիք իրադարձությունների մասին տեղեկություններ, որոնք հրապարակումից ժամեր կամ օրեր անց դառնում էին իրականություն։ Դրանցից էին մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների (ՊՆ նախարար Դավիթ Տոնոյան, ԱԻՆ նախարար Ֆելքիս Ցոլակյան, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան և այլն) ազատման մասին լուրերը։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ ալիքի հետևում կանգնած անձինք աղբյուրներ ունեն իշխանության մեջ։
Կեղծ լուրերի շարքը
Սակայն մեծամասամբ, այդ ամենից զատ, ալիքը, հաճախ անանուն աղբյուրներին հղում տալով, տեղեկատվական դաշտը ողողում է իրականությանը չհամապատասխանող, մանիպուլյատիվ, կոնտեքստից կտրված, բամբասանքի մակարդակի տեղեկություններով և հրապարակումներով։
Ալիքը նոյեմբերի 11-ին հայտնել էր, որ Երևան մտնող բոլոր ճանապարհները փակվել են ոստիկանական ուժերի կողմից, մարդիկ ոտքով շարժվում են Երևան։ Մինչդեռ, իրականում, ոստիկանությունը ստուգում էր տրանսպորտային միջոցները՝ պատերազմի ավարտից հետո հավանական ապօրինի զենք-զինամթերքը հայտնաբերելու նպատակով։ Ճանապարհները փակ չէին, քաղաքացիներն էլ ոտքով Երևան չէին գալիս։
Նոյեմբերի 16-ին ալիքը գրել էր, թե ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը չի վերադարձել գործուղումից և թաքնվում է Մոսկվայում, քանի որ Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները փնտրում են նրան Արցախի կապիտուլյացիայի համար հաշվեհարդար տեսնելու։ Մինչդեռ, Ալեն Սիմոնյանն օրեր առաջ էր վերադարձել Մոսկվայից և նույն օրը՝ նոյեմբերի 16-ին, վարում էր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի և պատգամավորների հանդիպումը։
Նոյեմբերի 20-ին ալիքը շտապեց տեղեկացնել, թե մահացել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը։ Այս տեղեկությունը հերքեց Մայր Աթոռի մամուլի ծառայությունը, իսկ Պարգև Սրբազանն էլ շուտով հայտնվեց հանրության մեջ։
Դեկտեմբերի 24-ին ալիքը տեղադրեց տեսանյութ՝ գրառումով, որ ադրբեջանցիները զինտեխնիկայով զգետնում են Սյունիքի մարզի Որոտան համայնքի ցուցանակը, մինչդեռ ադրբեջանցիները զինտեխնիկայով մտել էին ոչ թե Սյունիքի մարզի Որոտան գյուղ, այլ Արցախի Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաք, որը հայտնի է Կուբաթլու անունով։ Քաղաքը դեռ պատերազմի օրերին էր անցել Ադրբեջանի վերահսկողության տակ։
Mediaport-ի կողմից այսպիսի կեղծ կամ չստուգված հրապարակումները կարելի է անվերջ թվարկել։ Օրինակ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ աշխատանքից ազատման մասին տեղեկությունը, Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Պարգև քահանա Զեյնալյանի բնակարանի իբր թե խուզարկության մասին սուտ լուրը և այլն։
Հունվարի 17-ին էլ տելեգրամյան ալիքը գրեց, թե Աննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևներին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը, և որպես ապացույց հրապարակեց գազի վճարման ինչ-որ անդորրագիր։
Բացի այդ, ալիքը հաճախ տարածում է դեղին մամուլի, դավադրության տեսությունների, բամբասանքի ոճով գրված տեղեկություններ, որոնք հիմնականում ստուգել հնարավոր չէ։ Օրինակ՝ ալիքը գրել էր Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի միջև՝ վերջինիս մեքենայի պայթյունից առաջ տեղի ունեցած «սուր» վեճի մասին։ Թեև ալիքը բաց տեքստով չի գրում, սակայն գրածից տպավորություն է ստեղծվում, որ Տոնոյանն է կազմակերպել Ջալալ Հարությունյանի տեղաշարժի ուղղության արտահոսքը։ Մեկ այլ գրառմամբ էլ ալիքը գրել էր, թե Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի «կապն ապահովում է» վարչապետի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի կինը, որն իբր հանդիպումներ է ունենում Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ։շ
Ալիքը պարբերաբար հանդես է գալիս իշխանությունների և նրանց մերձավորների վերաբերյալ նման տեղեկություններով, որոնք ակտիվ տարածվում են լրատվամիջոցների մի խմբի կողմից, որին կանդրադառնանք քիչ անց։
Ո՞վ է կանգնած տելեգրամյան ալիքի հետևում
Ալիքի ուսումնասիրությունը և այլ աղբյուրների հետ համեմատությունը լուրջ հիմքեր է տալիս պնդելու, որ այն ուղիղ կապ ունի ծայրահեղ պահպանողական «ՎԵՏՕ» շարժման, ինչպես նաև դրա հիմնադիր, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի հետ։
Դեկտեմբերի 10-ին Mediaport-ը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ Հանրապետության հրապարակից բերման են ենթարկվում Նարեկ Մալյանն ու նախկին ՀՀԿ-ական պատգամավոր և «Քառյակ մեդիա» ընկերության համահիմնադիր Արման Սաղաթելյանը։ Տելեգրամ ալիքում տեղադրվել էր տեսանյութից մի հատված, իսկ արդեն «ՎԵՏՕ»-ի յութուբյան ալիքում տեղադրվեց ամբողջական տարբերակը։ Ուսումնասիրելով տեսանյութը՝ պարզեցինք, որ այն նկարահանում էր հենց «ՎԵՏՕ» շարժման անդամ Աննա Հակոբյանը, քանի որ տեսանյութի ամբողջական տարբերակում նկարահանողը վեճի է բռնվում ոստիկանի և ինչ-որ քաղաքացու հետ, որտեղ երևում է նաև վերջինիս կարմիր բաճկոնի թևը։
«ՎԵՏՕ» շարժման մեկ այլ անդամի՝ Հերմինե Գրիգորյանի հրապարակած տեսանյութում և լուսանկարում երևում է հենց Mediaport-ի տարածած տեսանյութը նկարահանող Աննա Հակոբյանը, որն էլ կրում է կարմիր բաճկոնը։ Արդեն հաջորդ օրը Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց իր հետ վեճի բռնված քաղաքացու լուսանկարն ու ներկայացրեց այդ պահին տեղի ունեցած խոսակցությունից մի հատված։
Այն փաստը, որ Mediaport-ի տեղադրած տեսանյութը նկարահանել է հենց Աննա Հակոբյանը, հստակորեն երևում է նաև Tert.am կայքի ուղիղ եթերում (6-րդ րոպե)։
Նշենք, որ Mediaport-ում տեսանյութը հրապարակվել էր դեկտեմբերի 10-ին՝ ժամը 18։03 րոպեին, մինչդեռ «ՎԵՏՕ»-ի յութուբյան էջում այն հայտնվել է 8 ժամ անց՝ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 02։05-ին։ Այսինքն Տելեգրամ ալիքը չէր կարող «ՎԵՏՕ»-ի յութուբյան էջից վերցնել տեսանյութը, քանի որ այն դեռևս հրապարակված չէր։ Հետևաբար՝ հրապարակված տեսանյութը Mediaport-ին էր փոխանցվել կամ հրապարակվել հենց «ՎԵՏՕ»-ի անդամների կողմից։
Բացի այդ, Mediaport-ն ակտիվորեն լուսաբանում էր դեկտեմբերի 8-ին ԱԱԾ շենքի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիան։ Հրապարակված տեսանյութերի ուսումնասիրությունն ու համադրությունը «ՎԵՏՕ»-ի նույն օրվա տեղադրած տեսանյութի հետ ապացուցում է, որ Տելեգրամ ալիքի՝ այդ ակցիայի վերաբերյալ տեսանյութերը նկարահանում է հենց «ՎԵՏՕ»-ի անդամ Հերմինե Գրիգորյանը։ Վերջինս իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր նաև Mediaport-ի տեսանյութերից մեկը։
Դեկտեմբերի 3-ին ալիքը գրառումներից մեկում հիշատակեց, այսպես կոչված, «Ֆարխոյանի ցուցակի» մասին։ Ցուցակը ձեզ որևէ բան չի ասի, թե չեք հետևում Նարեկ Մալյանին կամ գոնե Մալյանի գաղափարակից, իրավագետ Ռուբեն Մելիքյանին։ Այսպես, նոյեմբերի 24-ին Ռուբեն Մելիքյանը գրել էր, որ կազմելու են Նիկոլ Փաշինյանի պատվերները կատարող դատավորների անունների ցուցակ։ Այդ ցուցակում առաջինը Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանն էր, և նրա պատվին էլ ցուցակը կոչվեց «Ֆարխոյանի ցուցակ»։
Այդ ցուցակի մասին, սակայն, սկսեց առավել ակտիվ խոսել Նարեկ Մալյանը, որն անգամ ֆեյսբուքյան ուղիղ եթերով պարզաբանեց, թե ինչ է այդ ցուցակը և ում են ներառելու այդ ցուցակի մեջ։
«Ֆարխոյանի ցուցակի» մասին գրառումները Նարեկ Մալյանի էջից սահուն տեղափոխվեցին արդեն Mediaport տելեգրամյան ալիք (գրառում 1, գրառում 2)։
Mediaport-ի և Նարեկ Մալյանի նույնաբովանդակ գրառումների շարքը, սակայն, այսքանով չի ավարտվում։ Մալյանը բազմիցս հայտարարել էր, որ ամեն օր գրելու է պատերազմում զոհերի, վիրավորների, գերիների և անհետ կորածների թիվը իշխանությունների կողմից գաղտնի պահվելու մասին։ Սակայն վերջին օրերին նա դադարել է ամենօրյա ռեժիմով գրել այդ մասին, փոխարենը գրեթե նույն տեքստը գրում է Mediaport-ը։
Այս ամենից զատ, Mediaport-ի ու «ՎԵՏՕ»-ի կապը բացատրվում է մի քանի այլ փաստերով ևս։ Օրինակ, 17 կուսակցությունների կողմից իրականացվող ապակենտրոն բողոքի ակցիաները լուսաբանելիս Mediaport-ը տեսանյութեր և լուսանկարներ տեղադրում էր կոնկրետ այն վայրերից, որտեղ այդ պահին գտնվում էր Նարեկ Մալյանը։ Դրանցից էր նոյեմբերի 20-ի ապակենտրոն ակցիան։ Mediaport-ը լուսաբանում էր Սարյան փողոցում տեղի ունեցողը։ «Զարմանալիորեն» նույն վայրում էր նաև Նարեկ Մալյանը, որին բերման ենթարկեցին։ Բացի այդ, բողոքի այդ ակցիան ֆեյսբուքյան ուղիղ եթերով լուսաբանում էր նաև «ՎԵՏՕ» շարժումը։ Այն փաստը, որ այդ ակցիան լուսաբանող որևէ լրատվամիջոց չկար, առավել ակնհայտ է դարձնում «ՎԵՏՕ»-ի ու Mediaport-ի կապը։
Իրադարձություններ, որոնք լուսաբանվել են և՛ Mediaport-ի, և՛ «ՎԵՏՕ»-ի կողմից
Նոյեմբերի 28-ին ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանի տան մոտ տեղի ունեցած ակցիայի վերաբերյալ գրառում կատարեցին Նարեկ Մալյանն ու Mediaport-ը։ Այս ակցիան ևս ոչ մի լրատվամիջոց տեղում չէր լուսաբանել, իսկ Mediaport-ն ու Մալյանը հրապարակել էին միևնույն տեսանյութը։ Հատկանշական է, որ տեսանյութերը Տելեգրամ ալիքի (18:26-ին) և Նարեկ Մալյանի (18:28) էջերում հայտնվեցին ընդամենը 2 րոպեի տարբերությամբ, ինչը մեկ անգամ ևս թույլ է տալիս պնդել այս երկուսի կապը։
Ընդհանրապես, տելեգրամյան ալիքի և «ՎԵՏՕ» շարժման անդամների ֆեյսբուքյան էջերը գրեթե նույն ժամին անդրադառնում են նույն թեմաներին, տարածում նույն լուրերը, տեսանյութերը, լուսանկարները և հաճախ այդ հրապարակումները լինում են այնպիսի թեմաներով, որոնց համար ինֆորմացիոն որևէ առիթ չկա։ Օրինակ՝ Mediaport-ը սկսեց ակտիվորեն գրել պատերազմի ժամանակ Շուշիի մշակույթի տան ռմբակոծման հետևանքով զոհված ոստիկանների մասին։ Միաժամանակ թեմայի մասին սկսեց խոսել նաև Նարեկ Մալյանը։
Mediaport-ի և «ՎԵՏՕ» շարժման անդամները նույն տեղեկությունը շատ հաճախ տարածում են րոպեների և նույնիսկ վայրկյանների տարբերությամբ։ Եվ ընդհանրապես՝ «ՎԵՏՕ» շարժման անդամներն իրենց ֆեյսբուքյան գրառումներում բավական հաճախ են հիշատակում Mediaport-ը։ Օրինակ՝ շարժման անդամ Աննա Հակոբյանը (գրառում 1, գրառում 2, գրառում 3 և այլն), Ալեքսանդրա Հարությունյանը (գրառում 1, գրառում 2, գրառում 3 և այլն) և այլոք։
Սակայն որոշ դեպքերում լինում է նաև հակառակը՝ Mediaport-ը րոպեներ անց տեղադրում է նույն տեսանյութը կամ գրառումը, ինչ Մալյանը։
Մալյանն առավել «զգուշորեն» է տարածում Mediaport-ի գրառումները։ Տելեգրամ ալիքի ստեղծման սկզբնական օրերին Մալյանը կիսվել էր Analitik.am կայքի հոդվածով, որտեղ կայքը, հղում անելով Mediaport-ին, հայտնում էր՝ իշխանական պատգամավորները հրատապ վիզայի հարց են լուծում երկրից փախչելու համար, ինչը, փաստացի, սուտ էր։
Հետագայում արդեն Մալյանը սկսեց առավել բացահայտ գովազդել Mediaport-ը։ Դեկտեմբերի 4-ին ֆեյսբուքյան իր էջում Մալյանը տեղադրել էր Տելագրամ ալիքի հղումը՝ «Այս պահի դրությամբ ամենաօպերատիվ և հավաստի տեղեկատվությունը այս տելեգրամ ալիքով է» ուղեկցող գրառմամբ։ Դեկտեմբերի 12-ին Մալյանը կրկին «գովազդել էր» ալիքը. «Ասեմ, որ էս տելեգրամ ալիքը բավական օպերատիվ լուրեր ա հաղորդում»։
Այն, որ «ՎԵՏՕ» շարժման անդամներն ուղիղ փոխկապակցված են Mediaport-ի հետ, ակնհայտ է, սակայն առկա այլ փաստեր հիմք են տալիս հայտարարելու, որ ալիքի հետևում կանգնած են այլ անձինք ևս։
ԶԼՄ-ների ու Mediaport-ի կապը
«Քառյակ մեդիա»
«Անհայտ» Mediaport-ի և դրա հրապարակած բովանդակության մասին լայն հանրությունը թերևս չէր տեղեկանա, եթե այն ակտիվորեն չտարածվեր լրատվամիջոցների կողմից։ Ինչպես նշեցինք, ստեղծվելուց օրեր անց Mediaport-ի գրառումները հայտնվեցին ընդդիմադիր կեցվածք ունեցող լրատվամիջոցների էջերում և եթերներում։ Հաշվի առնելով, որ ալիքի ստեղծողները հայտնի չեն, դրա մասին իրազեկող որևէ գովազդ չէր իրականացվել, լրատվականների կողմից Տելեգրամի «անհայտ» այս ալիքին հղում տալը բավական տարօրինակ է և հարցեր է առաջացնում։
Օրինակ՝ ալիքն առաջին անգամ հիշատակվեց ArmNews հեռուստաընկերության եթերում՝ Տելեգրամ ալիքի ստեղծումից ընդամենը 2 օր անց՝ նոյեմբերի 13-ին։ Խոսքն ԱԺ գույքն ավերած անձանցից մեկի մասին էր, որը, ըստ տելեգրամյան ալիքի, մի քանի օր անց Հանրային հեռուստաընկերության եթերում դատապարտում էր ԱԺ մուտք գործածներին։
Այս գրառումը տելեգրամյան ալիքն արել էր ժամը 16։00-ին, 16 րոպե անց գրառումը վերատպել էր Tert.am-ը, 16։34՝ Blognews.am-ը, 18։39՝ Aysor.am-ը, ավելի ուշ՝ այլ կայքեր։ Նշենք, որ Mediaport-ի գրառումներից շատերն ալիքի ստեղծման սկզբանական շրջանից իսկ շուրջ 10 րոպե հետո հայտնվում են Tert.am-ի կայքում։ ArmNews-ն էլ եթերներում բավականին հաճախ մեջբերում է Mediaport-ի անստորագիր գրառումները։
Հիշեցնենք, որ Tert.am կայքը և ArmNews հեռուստաընկերությունը պատկանում են «Քառյակ մեդիա» ընկերությանը։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թ. փետրվարին Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորներ Արման Սաղաթելյանի, Սամվել Ֆարմանյանի, Կարեն Բեքարյանի և Միհրան Հակոբյանի կողմից։ Մինչ այդ, երկու լրատվամիջոցները մտնում էին «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ընկերության մեջ, որը պատկանում էր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին։
«Քառյակ մեդիայի» հիմնադիրները սերտ կապեր ունեն Նարեկ Մալյանի հետ, ավելին՝ վերջին շրջանում իրականացվող բողոքի ակցիաներին հաճախ մասնակցում են միասին։
Եվ չի բացառվում, որ Mediaport-ի՝ որպես նախագծի հետևում կանգնած են նաև այս «Քառյակ մեդիայի» ներկայացուցիչները, որոնք իրենց պատկանող և մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներով նպաստում են դրա բովանդակության տարածմանը։
Այլ լրատվամիջոցներ
Բացի այդ, մեր դիտարկման արդյունքներով, Mediaport-ի գրառումներն ամենից հաճախ տարածում են Analitik.am և Antifake.am կայքերը։ Նշենք, որ Analitik.am-ը պատկանում է «ՎԵՏՕ» շարժման անդամ Անի Հովհաննիսյանին։ Վերջինս ևս անձնական մտերմություն ունի Նարեկ Մալյանի հետ։
Antifake.am կայքի հիմնադիրն էլ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն է, որը Նարեկ Մալյանի գաղափարակիցն է և սերտ կապեր ունի վերջինիս հետ։
Բացի այդ, Mediaport-ի գրառումներն ակտիվ տարածվում են Aysor.am, Panorama.am, Armday.am, Yerevan.Today, Blognews.am, Iravunk.com, Hayeli.am և 168.am կայքերի կողմից։
Փաստացի, թեև առկա փաստերը ծանրակշիռ հիմքեր են տալիս պնդելու, որ Mediaport տելեգրամյան ալիքի հետևում կանգնած է «ՎԵՏՕ» շարժումը՝ Նարեկ Մալյանի գլխավորությամբ, սակայն վերը նշված լրատվականների կողմից «անհայտ» ալիքի ակտիվ տարածումն թույլ է տալիս ենթադրել, որ Mediaport-ի հետևում կանգնած է մի ամբողջ ցանց, որը այս ալիքի միջոցով տեղեկատվական դաշտը լցնում է կեղծ, մանիպուլյատիվ կամ բամբասանքի մակարդակի տեղեկություններով։