Ռուսաստանը կորցրեց դոմինանտությունը Ղարաբաղում. Հայաստանի վերադարձը.

Եվ այնուամենայնիվ, նոյեմբերի 24-ին Հայաստանի համար գլխավոր որոշումը ոչ թե Բրյուսելում է կայացվել, այլ Վարշավայում: Լեհաստանի Սեյմը բանաձեւ է ընդունել՝ ողջունելով Լեհաստանի հայ համայնքին Կազիմիր արքայի կողմից արտոնություններ տալու 650-ամյակը:650 տարի առաջ Կոնստանդնուպոլիսը դեռ չէր ընկել: Մեկ ամիս առաջ նման բանաձեւ է ընդունել նաեւ Լեհաստանի Սենատը՝ միաձայն ու ծափահարություններով: Լեհաստանը ողջունում է Հայաստանի վերադարձը եվրոպական ընտանիք:

Հատկանշական է, որ նույն օրը Հայաստանը Բրյուսելում ստորագրել է ԵՄ հետ համապարփակ գործընկերության համաձայնագիրը: Հայաստանում չէին թաքցնում ուրախությունն այդ կապակցությամբ: Համաձայնագիրը պատմական է անվանվել:

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը դա անվանում է Հայաստանի վերադարձ քրիստոնեական եվրոպական քաղաքակրթություն, որին Հայաստանը դարեր շարունակ մաս է կազմել եւ որը խզվել էր ռուս-թուրքական պայմանագրերով:Այժմ Հայաստանը դառնում է եվրոպական օրակարգի մաս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Փարիզ: Այսօրվանից Ֆրանկոֆոն երկրների կազմակերպությունում նախագահությունն անցնում է Հայաստանին: Հաջորդ տարի Հայաստանում խոշոր եվրոպական միջոցառում է տեղի ունենալու՝ Ֆրանկոֆոնիայի վեհաժողովը, որին մասնակցելու են ֆրանկոֆոն նախագահները, այդ թվում՝ Էմանուել Մակրոնը:

Երեւում է ռուսներն ու թուրքերը հենց դա չեն կարողանում մարսել եւ ջանքեր չէին խնայում համաձայնագրի ստորագրումը կրկին չեղարկելու համար: Ադրբեջանը Եվրոպայում «հակաանջատողական» շարժում էր ծավալել՝ փորձելով Եվրոպային «վախեցնել» հայկական անջատողականությամբ: Չստացվեց: Թուրքիայի նախագահ Էրդողանը համաձայնագրի ստորագրումից մի քանի շաբաթ առաջ հիշել էր ղարաբաղյան հակամարտությունը եւ 10 օրվա ընթացքում երկու անգամ Ռուսաստան մեկնել, որ Պուտինին համոզի թույլ չտալ Հայաստանի ու ԵՄ մերձեցումը:Սակայն արդեն ուշ էր. Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են, եւ Ռուսաստանը չի ցանկանցել թանկ ռեսուրսը կորցնել հանուն Թուրքիայի:Չնայած ռուս ազգայնականները՝ հիմնականում Իզբորյան ակումբի անդամները, փորձում են առաջ մղել կայսերական օրակարգը, սակայն Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուղարովն արդեն հայտարարել է, որ Ղարաբաղում Ռուսաստանի դոմինանտությունն ավարտվում է:

Հիմա ռուս քաղաքական գործիչները ձեւ են անում, թե որեւէ սարսափելի բան տեղի չի ունեցել: Լավրովը Հայաստան է բերել Պետրոս Մեծին հայ կաթողիկոսների խնդրագրերը, Պուտինը Սերժ Սարգսյանին շնորհավորել է Ռուսաստանի Հայ առաքելական եկեղեցու թեմի հիմնադրման 300-ամյակի կապակցությամբ, իսկ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ Եվրամիությունը չի կարող Ռուսաստանին փոխարինել Հայաստանի անվտանգության երաշխիքների ապահովման մասով, իսկ ԵՄ ու Հայաստանի միջեւ համաձայնագիրը լրացուցիչ պարտավորություններ չի ներառում Հայաստանին տնտեսական կամ առեւտրային արտոնություններ տալու առումով: Ընդ որում, նա Հայաստանին սպառնացել է Ուկրաինայի ճակատագրով: «Ցավոք, մինչեւ վերջերս Բրյուսելի քաղաքականությունը ցույց է տվել, որ Արեւմուտքի ու Արեւելքի նորմալ ու փոխշահավետ գործակցությանը համաձայն չէ: Ուկրաինայի ճակատագիրը, որը նույնպես փորձել է միավորել այդ երկու վեկտորները, հստակ ցույց է տվել դա», -ասել է դեսպանը:

Այս ամենն արդեն անցյալում է, համաձայնագիրը ստորագրված է, Հայաստանը հաստատել է եվրոպական օրակարգին իր հավատարմությունը:Միեւնույն ժամանակ, Հայաստանի պաշտոնյաները փորձում են առանձնակի չընդգծել համաձայնագրի նշանակությունը: Սերժ Սարգսյանը, օրինակ, նշել է երեք հիմնական ձեռքբերում՝ ԵՄ աջակցություն Հայաստանում բարեփոխումների իրականացմանը (փող), անվիզա ռեժիմի շուրջ բանակցություններ, պատերազմի չվերսկսման անուղղակի երաշխիքներ, որը Եվրամիությունը տվել է Մինսկի խմբի գործերին չխառնվելու եւ էսկալացիայից խուսափելու պահանջի տեսքով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am